Լավ մոռացված հինը․ «սպիտակ ուղի» դեպի անդունդ՝ «Բասկետբոլիստի օրագիրը»

20:33   28 նոյեմբերի, 2018

Լեոնարդո դի Կապրիոն տաղանդավոր էր նաեւ նախքան «Տիտանիկ» ֆիլմի նկարահանումը։ Դա ապացուցում է ֆիլմը, որը News.am Style-ն այսօր ներկայացնում է ձեր ուշադրությանը։ «Բասկետբոլիստի օրագիրը» դրաման հանդիսատեսին է ներկայացվել 1995թ․-ին։

Ֆիլմի ռեժիսորը Սքոթ Կելվերտն է, գլխավոր դերերակատարը՝ երիտասարդ ու տաղանդավոր Լեոնարդո դի Կապրիոն։ Ֆիլմի հիմքում պոետ, գրող, երաժիշտ Ջիմ Քերոլի ինքնակեսանգրականն է․ հեղիանակը եւս մասնակցել է սցենարի ստեղծմանը։

Ջիմի կյանքում ամեն ինչ լավ է՝ նա գեղեցիկ է, համարվում է դպրոցի աստղը, բազմաթիվ ընկերներ ունի։ Մի խոսքով՝ կյանքը ժպտում է նրան։ Բայց կա մի բացասական բան՝ Ջիմը թմրամիջոցներ է օգտագործում․․․

Ֆիլմը ցույց է տալիս հրաշալի երիտասարդների կործանումն ամբողջ խորությամբ։ Նրանք կրակի հետ են խաղում հանուն ուրախության, հետո դեգրադացիայի ենթարկվում։ Այն պահին, երբ գլխավոր հերոսը հասկանում է, որ ամեն ինչ կործանվում է, արդեն շատ ուշ էր։ Բայց երբեք չի կարելի հուսահատվել եւ ոչինչ չձեռնարկել։

Ֆիլմը լուրջ քարոզչություն է ըննդեմ թմրամիջոցների։ Այն պատում է թե թմրամիջոց օգտագործողների, թե նրանց մտերիմների ու հարզատների կյանքի կործանման մասին։ «Բասկետբոլիստի օրագիրը» նախատեսված չէ ընտանեկան դիտման համար, քանի տեսարանները բնական են ու դաժան։

Լեոն փայլուն է խաղում․ 21 տարեկան հասակում նա լուրջ վարպետություն է ցուցադրում, ինչի համար Օսկարի է արժանի։ Հնարավոր չէ անտեսել երիտասարդ  Մարկ Ուոլբերգի խաղը, ով մարմնավորում է Ջիմի լավագույն ընկերոջը՝ Միկիին։ Ջիմն ընթացքում հասկանում է, որ հարկավոր է լքել արատավոր շրջապատը, իսկ Միկին նրա հակադրությունն է․ թմրամիջոցները դարձել են նրա կյանքը, հանուն որի նա պատրաստ է ամեն բանի։

Ֆիլմի ուղերձը հզոր է։ Հավատացնում եմ՝ դիտելուց հետո շատ բան կհասկանաք եւ կվերաիմաստավորեք, հատկապես վերջին տեսարաններից մեկից հետո։ Թե որ տեսարանի մասին է խոսքը, չեմ ասի։

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE