«Երջանկության 100 ժամ». Մարիամ Մերաբովայի մեծ մենահամերգը Երեւանում (ֆոտո/վիդեո)

23:34   29 նոյեմբերի, 2018

Իր ամեն կատարումով նա հուզում եւ ոտքի էր կանգնեցնում ռուսական «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին: Այսօր այդ զգացողություններն ապրեց նաեւ երեւանյան հանդիսատեսը: Ռուսական շոու-բիզնեսի ամենահզոր եւ ինքնատիպ ձայներից մեկը, ազգությամբ հայ երգչուհի Մարիամ Մերաբովան Երեւանում հանդես եկավ իր մեծամասշտաբ մենահամերգով:

Մարիամ Մերաբովային երկար ներկայացնել պետք չէ: Նրա յուրաքանօչյուր այց տոն է հայ հանդիսատեսի համար եւ Երեւանի երաժշտական կյանքում: Այս երգչուհուն սիրում են տաղանդի, ճաշակի զգացումի, ոճային կերպարի եւ ինքնատիպ երգացանկի համար: Այսօրվա համերգն էլ, առանց չափազանցության, կմտնի մեր քաղաքի երաժշտական ամենավառ պատմությունների ցանկում եւ կդառնա այս տարվա ամենահիշարժան իրադարձություններից մեկը:

Երգչուհու համերգը կայացավ Արամ Խաչատրյան համերգասրահում՝ լի բազմության, ծափողջունների եւ էմոցիաների ներքո: Մարիամն այստեղ ելույթ ունեցավ «Երջանյկության 100 ժամ» («100 часов счастья») համերգային ծրագրով: Համերգի խորագիրը կրում է Կոնստանտին Օրբելյանի համանուն երգի անունը, որը կատարել են շատ հայտնի երգիչներ: Այս «կտավն» իր երգացանկում ունի նաեւ Մերաբովան, որն այն այսօր ներկայացրեց իր ինքնատիպ մատուցմամբ՝ կիսելով այդ նույն երջանկությունը հանդիսատեսի հետ: Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր, իսկապես, երջանկություն էր տիրում, եթե ոչ 100, ապա մոտ 3 ժամ հաստատ:

«Շատ ուրախ եմ նորից տեսնել ձեզ: Որտեղ էլ, որ ապրես, եթե ծնվել ես այս քաղաքում, սիրտդ միշտ քեզ այստեղ է բերում: Միշտ այդպես է լինելու ու հենց դա է ճիշտը»,-համերգի սկզբում նշեց երգչուհին:

Ինչպես միշտ Մերաբովային  բեմում ընկերակցում էր ամուսինը՝ հայտնի ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Արմեն Մերաբովը: Արտիստուհու ելույթներն ուղեկցվեցին Հայաստանի պետական ջազ նվագախմբի հնչյունների ներքո՝ դիրիժոր Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ:

Համերգին մասնակցեց նաեւ հայտնի կոմպոզիտոր եւ դիրիժոր Լեւոն Մերաբովը, որին ավագ սերունդը հաստատ կհիշի Ալլա Պուգաչովայի «Робот», Կլավդիա Շուլժենկոյի «Домовой» եւ Մուսլիմ Մագոմաեւի «Пятое время года» երգերով: Ելույթ ունեցավ նաեւ Արթուր Աղաջանովը: Երաժշտական երեկոյի ընթացքում Մարիամը ներկայացրեց ինչպես հեղինակային երգեր, այնպես էլ միջազգային հիթեր, հնչեցին նաեւ ռուսական շոու-բիզնեսից սիրված կատարումներ:

NEWS.am STYLE-ը եւս ներկա է եղել Մարիամ Մերաբովայի երեւանյան մենահամերգին եւ կիսվում է Ձեզ հետ հիշարժան դրվագները:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE