Ճանապարհորդի գրառումները. Չինաստան (մաս 1)

22:15   7 հունիսի, 2013

Չինաստանն ինձ համար ասիական առաջին փորձը չէր. Հնդկաստանից, Նեպալից եւ Մոնղոլիայից հետո թվում էր, թե ոչ մի բան առանձնապես չի զարմացնի: Բայց պատկերացնել անգամ չէի կարող, թե որքան եմ սխալվում: Պարզվեց, որ հենց այստեղ է հարկավոր գալ իսկական «մշակութային ցնցման» հետեւից: Այն ապրեցի առաջին իսկ օրը Շանհայում, ինչպես կայծակի հարված:

Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ երկարատեւ գիշերային թռիչքից հետո հոգնած էի եւ գնացի հյուրանոց՝ քնելու: Արթնացա երեկոյան 5-ին մոտ, դուրս եկա ընթրելու եւ դրամ փոխանակելու, ընդ որում, բանկային քարտս թեթեւամտորեն թողեցի հյուրանոցում: Մի քանի փողոց անցնելուց հետո ես մի քանի տհաճ բան հասկացա.

1. բոլոր բանկերն աշխատում են մինչեւ ժամը 17-ը;

2. տեղացիները բացի չինարենից որեւէ այլ լեզվով չեն խոսում;

3. ոչ մի տեղ դոլարով վճարել չես կարող;

4. եւ, այս ամենից հետո, նաեւ մոլորվեցի:

Հետագա 40 րոպեներին ինձ թվում էր, որ «ահա հաջորդ շենքը» շատ նման է իմ հյուրանոցին: Վերջնականապես գիտակցելով, որ սխալվում եմ, սկսեցի թեւաթափ լինել: Իսկ եւս մեկ ժամ անց, տեղի բնակիչների շրջանում «դու յու սփիք ինգլիշ» թեմայով անհաջող հարցում անցկացնելուց հետո, կանգնեցի անծանոթ թաղամասի հերթական խաչմերուկում՝ շփոթված, քարտեզն ու հյուրանոցի այցեքարտը ձեռքիս լաց լինելով: Եվ, որ ամենից ապշեցուցիչն էր, բոլորի համար միեւնույն էր: Հնդկաստանից եւ Նեպալից հետո այդ ավելի շատ էր ապշեցնում: Եվ հանկարծ հրաշք կատարվեց: Կողքիս հայտնվեց հեծանվով չինացի պապիկ եւ անգլերենով հարգանքով հարցրեց, թե ինչ է պատահել: Ես անմիջապես բռնեցի նրա ձեռքից, որպեսզի չփախչի, եւ սկսեցի խառնափնթոր կերպով պատմել իմ տխուր արկածները:

Իմանալով, որ Հայաստանից եմ, պապիկը սկսեց ռուսերեն խոսել, եւ ես ավելի ամուր կառչեցի՝ վախենալով, որ սա ընդամենը երազ է: Բայց պապիկը չէր պատրաստվում անհետանալ. նա հրաշալիորեն մեջբերում էր Տոլստոյին եւ ԽՍՀՄ-ի մասին գիտեր ամեն ինչ: Տոլստոյն այնքան էլ հրատապ չէր, եւ ես նրբորեն թեման փոխեցի Շանհայի աշխարհագրական առանձնահատկությունների ուղղությամբ: Պարզվեց, որ ես կանգնած եմ ինձ հարկավոր փողոցում, միայն թե քաղաքի մյուս ծայրում:

Հաշվի առնելով, որ տաքսիի համար վճարել չէի կարող, քանի որ դոլար չեն ընդունում, ես ոտքով ճանապարհ ընկա եւ մեկ ժամ անց հասա ծանոթ երկնաքերին:

Շարունակությունը՝ հաջորդիվ…



© NEWS.am STYLE