Վիկտոր Համբարձումյանն ու Լուսինե Զաքարյանը՝ նկարազարդումներով. Երեւանում կայացավ կոմիքսների շնորհանդես (ֆոտո/վիդեո)

22:37   30 նոյեմբերի, 2018

Պատկերներ, որոնք ստեղծում են պատմություն, պատմություն, որն արվեստի ճյուղ է: Այսպես կարելի է մեկնաբանել կոմիքսների բնույթը: Պատկերազարդումների այս ճյուղը, ցավոք, Հայաստանում ամենազարգացվածներից չէ, սակայն ինչպես փաստում է HY Pictures-ի համահիմնադիր Հարություն Մանգասարյանը՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում արվեստի այս ճյուղը զարգացում է ապրում:

Այսօրվա շնորհանդեսն էլ դրա ապացույցներից մեկն էր: ՀԱՅ-ԱՐՏ մշակութային կենտրոնում այսօր կոմիքսների ցուցադրություն էր, որի ընթացքում այս ժանրի սիրահարներին ներկայացվեց ինչպես հայկական, այնպես էլ այլ երկրների հայտնի ստեղագործությունների հերոսների, ճանաչված մարդկանց մասին պատկերազարդ պատմություններ: Կոմիքսների գրքերից երկուսն, օրինակ, պատմում են հայ աստղագետ եւ աստղաֆիզիկոս Վիկտոր Համարձումյանի եւ հայ երգչուհի, հոգեւոր երգերի եւ տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի մասին: Այս երկու գրքերն, ի դեպ նախատեսված են դպրոցահասակ երեխաների համար, որոնք գեղեցիկ պատկերազարդումների միջոցով կկարողանան ավելի մատչելի կերպով հասկանալ եւ ըմբռնել այս երկու հայ մեծերի կենսագրությունն ու գործերը:

Կոմիքսների շարքերում ներկայացված էր նաեւ 3 նովելների հավաքածու, որտեղ ընդգրկված են Գրիգոր Զոհրապի,Վիլյամ Սարոյանի  եւ Տիգրան Կամսարականի ստեղծագործությունների վրա հիմնաված կոմիքսներ՝ «Ռեհանը», «Սպիտակ ձին» եւ «Հարոն»:

Առանձնահատուկ էր նաեւ իսրայելական Meleckesh մետալ խմբի սոլիստի մասին կոմիքսը: Ի դեպ, երաժիշտն ինքն էլ է մասնակցություն ունեցել իր մասին կոմիքսի ստեղծմանը:

Կոմիքսների սցենարների շուրջ հիմնականում աշխատել է Հասմիկ Հովհաննիսյանը, մեծ մասը նկարազարդել է Անդրանիկ Ասատրյանը: Նկարիչների շարքում են նաեւ Լեւոն Չքոլյանը, Նորայր Հարությունյանը, Արեւիկ Արոյանը, Գրիշա Գրիգորյանը եւ այլք:

«Քանի որ Հայաստանում կոմիքսների շուկան, ցավոք, քիչ է զարգացած, լուրջ խնդիր կար: Մեկ տարվա մեջ ունեինք 8 գրքի հրատարակչություն, բայց ոչ մի տեղ դրանք չէին երեւում: Երբ խոսում ես տվյալ արվեստի տեսակով հետաքրքրվածների հետ, նրանք ասում են՝ Հայաստանում դա չկա: Այդպես որոշեցինք, որ մարդկանց կարելի է ցույց տալ, որ նման բան կա Հայաստանում, ու իրականում դա միայն մենք չենք անում, էլի կոմիքսներ ստեղծողներ կան, բայց մեծ հաշվով գրախանութներում չկան տպագրված կոմիքսներ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց HY Pictures-ի համահիմնադիր Հարություն Մանգասարյանը, որը մեր երկրում կոմիքսների ոչ այնքան տարածում ունենալը կապում է նկարիչների ոչ բավարար միջոցներ ունենալու հետ.

«Մի քիչ ավելի բիզնես տեսանկյունից պետք է դրան մոտենալ, իսկ մեր պետությունը դեռ այն վիճակում չէ, որ հասարակ նկարիչները կարողանան այդքան ներդրում անել տպագրության եւ տարածման համար:Եվս մի խնդիր կա. կոմիքսներ ստեղծողները երբեք դրան որպեսզ բիզնեսի չեն մոտեցել: Մարդիկ հրաշալի բաներ են նկարել, բայց դա մնացել է միայն թղթի վրա: Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում կոմիքսների հանդեպ հետաքրքրությունը մեծացել է, նույնիսկ՝ հրատարակչությունների կողմից: Կարծում եմ՝ մոտ ապագայում ավելի մեծ զարգացում կունենանք»,-հավելեց նա:

«Սուպերմեն», «Բեթմեն», «Սփայդերմեն»՝ սրանք բոլորը հայտնի կոմիքսներ են, որոնք դարձել են ֆիլմեր, եւ որոնց հերոսներն այսօր ամենասիրվածն են երեխաների եւ դեռահասների շրջանում: Այսօրվա շնորհանդեսին ներկայացված կոմիքսների հանդեպ ներկաների հետասքրքրությունը փաստեց այն, որ մեր գրական հերոսները եւս կարող են վերածվել կոմիքսների եւ էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել հայ մանուկների շրջանում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE