«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարները՝ Սրբուկի ընտրության եւ «Դեպի Եվրատեսիլ»-ը չանցկացնելու պատճառների մասին

21:24   1 դեկտեմբերի, 2018

Սրբուկը Հայաստանը ներկայացնելու է «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում: Այս նորությունն արդեն հասցրել է ոգեւորություն առաջացնել  ոչ միայնՍրբուկի, այլեւ «Եվրատեսիլ»-ի հայ երկրպագուների շրջանում, որոնք դրական մեկնաբանություններով են ողողել համացանցը:

NEWS.am STYLE-ը «Եվրատեսիլ»-ի հայ մասնակցի ընտրության մասին զրուցել է մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավարների՝ Անուշիկ Տեր-Ղուկասյանի եւ Դավիթ Ծերունյանի հետ, որոնք մեկնաբանել են Հանրային հեռուստատեսության ներքին ընտրությունն ու խոսել «Դեպի Եվրատեսիլ» նախագիծն այս տարի չանցկացնելու պատճառի մասին.

«Առաջին անգամ չէ, որ Հանրային հեռուստատեսությունը այս ձեւաչափով  է կայացնում արտիստի ընտրությունը: «Դեպի Եվրատեսիլ»-ը շատ մեծամասշտաբ մրցույթ է, որին պատրաստվելն ու նախապատրաստական աշխատանքները շատ ժամանակ են խլում, իսկ մրցույթից հետո ավելի շատ ժամանակ է վատնվում արտիստի երգը, բեմադրությունը վերջնական տեսքի հասցնելու եւ արդեն «Եվրատեսիլ»-ին ուղարկելու համար: Նախապատրաստական աշխատանքներին ավելի շատ ժամանակ հատկացնելու եւ «Եվրատեսիլ»-ին լավագույնս ներկայանալու համար, այս տարի որոշեցինք հենց նման ձեւաչափով ընտրել մեր արտիստին: Վստահ եմ, որ Սրբուկի ինքնատիպ կերպարը կտպավորի միջազգային հանրությանը»,-մեկնաբանեց Դավիթը:

«Վերջին երկու տարիներին Սրբուկի անունը շատ էր շրջանառվում ու հաշվի առնելով «Եվրատեսիլ»-ի երկրպագուների կարծիքը, ցանկությունը, ինչպես նաեւ նրա վոկալային տվյալները, անսահման էներգետիկան, արտիստիզմը, կերպարն ու պրոֆեսիոնալ բեմերում ելույթ ունենալու փորձը՝ Հանրային հեռուստաընկերությունը միաձայն որոշում կայացրեց ընտրել հենց Սրբուկին»-հավելեց Անուշիկը, նաեւ նշեց.

«Սրբուկի գործունեությանը վաղուց եմ հետեւում, նրա հետ աշխատել եմ նախագծերից մեկում եւ նկատել եմ նրա աշխատասիրությունը, ինչը «Եվրատեսիլ»-ում հաջողության հասնելու կարեւորագույն բացադրիչներից է: Դեռ մի օր էլ չի անցել, բայց արձագանքները շատ դրական են, որեւէ բացասական բովանդակության մենաբանության չեմ հանդիպել: Բոլորը կողմ են եւ ուրախ, որ ընտրությունը Սրբուկի վրա է կանգնել: Մենք էլ շատ ուրախ ենք, որ հանրության կարծիքն ու մեր ընտրությունը համընկել են»:

Ի դեպ, «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է երգահանների մրցույթ: Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները: Մրցույթի պայմանները հետևյալն են. երգը չպետք է գերազանցի 3 րոպեն, այն  պետք է հրապարակված չլինի մինչև 2018թ-ի սեպտեմբերի 1-ը: Երգը չի կարող որևէ կազմակերպության քարոզ կամ արտադրանքի գովազդ լինել, այն կարող է լինել ցանկացած ժանրի, խոսքերը (առկայության դեպքում) ՝ հայերեն կամ անգլերեն, երգի խոսքերում (առկայության դեպքում) չպետք է լինի քաղաքական ենթատեքստ, վիրավորական արտահայտություններ, ոչ պատշաճ լեզու:

Առաջարկվող երգի երաժշտությունը կամ երգն ամբողջությամբ (երաժշտությունն ու խոսքերը միասին) անհրաժեշտ է ուղարկել  [email protected]  էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2019թ.-ի հունվարի 10-ը:

«Հիմա ամենակարեւոր փուլում ենք, քանի որ լավ երգը «Եվրատեսիլ»-ում ամենակարեւոր բաղադրիչն է, իսկ մենք աշխատել ենք այնպես անել, որ կոմպոզիտորները շատ ժամանակ ունենան երգ գրելու համար: Բոլորին կոչ ենք անում լինել ակտիվ եւ աջակցել մեր երգչուհուն այս հարցում եւ մինչեւ հունվարի 10-ը ուղարկել երգի իրենց տարբերակները: Դրանցից լավագույնով Սրբուկը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2019»-ին»,-եզրափակեց Անուշիկը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE