Ամեն ինչ կարող են արքաները՝ «Թյուդորներ»․ NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս դիտել

20:33   2 դեկտեմբերի, 2018

Վերջերս իմացանք, որ «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանը կմեկնարկի 2019 թվականի ապրիլին:

Ի՞նչ անել մինչ այդ։

NEWS.am STYLE- ը ձեզ է ներկայացնում սերիալ, որը, կարծում ենք, տանելի կդարձնի սպասումը։

«Թյուդորներ» պատմական դրամայի ժանրում բրիտանա-իռլանդա-կանադական սերիալ է, որի հեղինակը Մայքլ Հյորսթն է: Սերիալը ցուցադրվել է «Showtime» հեռուստաալիքով՝ 2007 թվականի ապրիլի 1-ից մինչեւ 2010 թ. հունիսի 20-ը։ Այն բաղկացած է 4 եթերաշրջանից:

<iframe width="604" height="324" src="https://www.youtube.com/embed/WXNf9dxnQrM" frameborder="0" allow="accelerometer; autoplay; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Չնայած սերիալը կոչվել է թագավորական տոհմանունով, բայց պատմում է արքայական ընտանիքի անդամներից մեկի մասին: Հենրի VIII (Ջոնաթան Ռիս Մայերս) համաշխարհային պատմության ամենավիճահարույց եւ օդիոզ կերպարներց մեկն է, և մեզ առիթ է ընձեռվում ճանաչելու շատ հետաքրքիր դրվագներ ինչպես նրա կյանքից, այնպես էլ կառավարման տարիներից:

Ուզում եմ շեշտել մի նյուանս․ սերիալը գեղարվեստական գործ է և չի հավակնում պատմական ճշգրտության:

Սերիալի  առավելություններից մեկը  նրա միջավայրն է՝ գրեթե բոլոր ասպեկտներում: Դեկորացիա, զգեստներ, աննշան դետալներ, հերոսների մտածողություն, սյուժեի հետևողականություն  եւ այլն։ Այս թվարկածը շատ նրբորեն է մատուցվում հեռուստադիտողին, ստեղծվում է բնականության զգացողություն այն ամենի, ինչ տեղի է ունենում։ 

Պալատական հեղաշրջումներ ու ծածուկ խաղեր, որ խիստ ինտրիգային են, և եթե նույնիսկ քաղաքականությունը ձեր մեջ զրո էմոցիա է արթնացնում, գուցե սկսեք համակրել այս կամ այն թևին։

<iframe width="604" height="324" src="https://www.youtube.com/embed/NuUuPC_Yil8" frameborder="0" allow="accelerometer; autoplay; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Սերիալը  մեզ տալիս է  մոտավոր գիտելիք դարաշրջանի մասին, բացահայտում է պատերազմի պատճառները, Հենրիի և Վատիկանի հին վեճի պատմությունը, հաջորդած պառակտումը կաթոլիկությունից, անգլիական եկեղեցու ձևավորումը, եվրոպական միապետների ազգակցական կապերը եւ շատ այլ բաներ:

Հետաքրքիր է ներկայացված մեկ մարդու դերը ողջ երկրի կյանքում․ կինոդիտողը տեսնում է, թե որքան անսահման իշխանությամբ էր օժտված միապետը և ինչպես էր բացառապես իր շահից մղված՝ վճռում այնպիսի բախտորոշ հարց, ինչպիսին մի ամբողջ ժոողվրդի դավանափոխությունն էր։

Սերիալի  անվիճելի արժանիքը նրա դերասանական կազմն է:

<iframe width="604" height="324" src="https://www.youtube.com/embed/V7VS1026K6k" frameborder="0" allow="accelerometer; autoplay; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Բնականաբար, այս սյուժեն պետք է իր «ուսերին կրեր»  գլխավոր դերակատարը՝ Ջոնաթան Ռիս Մայերսը․ նա դիպել է թիրախին՝ այս դերասանի խարիզման ու խաղային հմտությունը հիացնում են, զգացմունքային սպեկտրն այնքան լայն է, որ թվում է՝ չկա մի այնպիսի էմոցիա, որը նա չհաղորդի էկրանից: Ի դեպ, Ջոնաթանն իր այս դերի համար երկու անգամ առաջադրվեց «Ոսկե գլոբուսի»:

Չարլզ Բրենդոն, նույն ինքը՝ Հենրի Քավիլ, որ վարպետորեն է մարմնավորել արքայի լավագույն ընկերոջ կերպարը: Քավիլը ներկայացնում է մի մարդու, որը երիտասարդ տարիներին մտածել է միայն իր մասին և մսխել կյանքը, բայց հետագայում դառնում է մեկը, ով ապրում է հանուն իր երկրի։ 

Աննա Բոլեյն -Նատալի Դորմեր, կերպարը, ինչպես և այն կատարողը ֆենոմենալ են։ Մի կին, որ կարողացավ իր խելքով ու խորամանկությամբ ղեկավարել արքային եւ ամբողջ երկիրը, արժանի է հիացմունքի:

Սեր Թոմաս Մոր - Ջերեմի Նորտեմ․ այս կերպարը Հենրիի խիղճն է ու կյանքի ուսուցիչը :

Թոմաս Քրոմվել-Ջեյմս Ֆրեյն․ իր ժամանակի գլխավոր նորարարը, մի մարդ, որը մեծ ազդեցություն ուներ թագավորի վրա: Նրան դժվար թե հավանեք, բայց մի քիչ խորհելուց հետո՝ կհասկանաք, որ այդքան անբարո չէին նրա քայլերը, և ըստ էության նա ճիշտ էր:

Մի խոսքով, «Թյուդորները» ոչ միայն կհետաքրքրացնեն ձեր ժամանակը, այլև կպատմեն Հենրի VIII- ի դարաշրջանի մասին,  և նաև ներսից ցույց կտան պալատական ուշագրավ ինտրիգներ:

 

 

Բարի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE