Exclusive: «Մենք փոքրիկ արքայադուստր ենք ունենալու». բելգիահայ երգչուհի KeyOH-ը պատրաստվում է մայրանալ

14:05   3 դեկտեմբերի, 2018

Բելգիահայ երգչուհի KeyOH-ը պատրաստվում է մայրանալ։ Երգչուհին իր կյանքի ամենաուրախ նորությունն առաջինը կիսել է NEWS.am STYLE-ի հետ։ KeyOH-ը մեզ է տրամադրել իր ապագա փոքրիկի համար կազմակերպված երեկույթի լուսանկարներն ու պատմել իր եւ ամուսնու էմոցիաների, ապագա փոքրիկի սեռի եւ անվան ընտրության մասին։

«Մենք շատ ուրախ ենք, որ վերջապես կարող ենք կիսել մեր ուրախությունն ամբողջ աշխարհի հետ։ Մոտավորապես 7 ամիս առաջ եմ իմացել այդ հրաշալի նորության մասին։ Այդ 5 րոպեներն ինձ համար ամենաերկարն էին, ամենաէմոցիոնալն ու մտազբաղը։ Այդ 5 րոպեների ընթացքում 5 միլիոն մտքեր ու ցանկություններ են անցնում քո միջով»,-ասում է երգչուհին։

«Դեռ երբեք չէի տեսել, որ ամուսինս այդպես փայլեր, նրա ժպիտն այնպիսին էր, ինչպիսին, որ մեր հարսանիքի օրն էր, բայց նրա աչքերն ավելի էին փայլում։ Նա ասաց. «Աստված իմ, վերջապես»»։

KeyOh-ը եւ ամուսինը՝ Ջեյսոնը, արդեն պարզել են երեխայի սեռը. նրանք դուստր են ունենալու։

«Բոլորն, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես խենթանում եմ վարդագույն եւ ոսկեգույն երանգների համար։ Ես միշտ եմ երազել դուստր ունենալու մասին, այնպես որ՝ հպարտությամբ եմ հայտարարում, որ մենք փոքրիկ արքայադուստր ենք ունենալու։ Նրա անունը դեռ չենք որոշել։ Իհարկե, ունենք մի քանի տարբերակներ։ Ամուսինս կարծում է, որ մենք կարող ենք անունն ընտրել միայն այն ժամանակ, երբ փոքրիկը ծնվի, երբ տեսնենք նրա դեմքը, այն ժամանակ էլ կհասկանանք՝ ինչպես նրան անվանակոչել»,-նշեց նա՝ հավելելով.

«Անկեղծ կլինեմ ու կասեմ՝ առաջին 5 ամիսների ընթացքում շատ բարդություններ եմ ունեցել։ Ինձ այդքան էլ լավ չէի զգում, բայց դա միակ ժամանակահատվածն էր, որ ինձ իմ այդ ինքնազգացողությունը չէր անհանգստացնում, քանի որ ես գիտեմ, որ ինձ մեծ պարգեւ է սպասվում։ Հիմա ինձ ավելի լավ եմ զգում, վերդարձել եմ աշխատանքի, ձայնագրվում եմ կրկին։ Որոշ երգեր հայերենով կլինեն»։

Երեխայի ծնունդից հետո երգչուհին պատրաստվում է ժամանակի մեծ մասը տրամադրել փոքրիկին եւ ընտանիքին.

«Իհարկե, ինձ եւս կպահանջվի ժամանակ՝ վերականգնվելու համար։ Երեխայիս ծնունդը չի նշանակի, որ ես դադարելու եմ զբաղվել երաժշտությամբ, մոդելինգով կամ առօրյա մյուս գործերովս։

Այս պահին զբաղված եմ իմ KEYOH օծանելիքի ստեղծման աշխատանքներով, նաեւ մտադիր եմ կոսմետիկ միջոցներ ստեղծել։ Մի խոսքով, ապագա փոքրիկս ինձ միայն հաջողություն է բերել ու լցրել սիրտս երջանկությամբ։ Չգիտեմ՝ ինչպիսին եմ նրան պատկերացնում, բայց հուսով եմ՝ նա կլինի շատ երջանիկ, ժպտերես եւ առողջ։

Նաեւ հույս ունեմ՝ նա կժառանգի իմ եւ Ջեյսոնի լավագույն հատկանիշները։ էլ չենք դիմանում, անհամբեր սպասում ենք նրա լույս աշխարհ գալուն։ Բոլոր կանանց մաղթում եմ զգալ այս ամենը, քանի որ երեխան, իսկապես, Աստծո պարգեւ է։ Ուզում եմ լինել այնպիսի լավ մայրիկ, ինչպիսին մեր մայրիկն է եղել մեզ համար»։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE