«Երբ հնարավորություն ունես շատ փող վաստակելու, կարողանում ես անել այն, ինչ ուզում ես». Ջուլիանա Մուրը նշում է 58-ամյակը

17:37   3 դեկտեմբերի, 2018

Նա հայտնի է իր էմոցիոնալ անկայուն հերոսուհիներով, որոնք հաճախ են հայտնվում սթրեսային իրավիճակներում եւ տարբեր անախորժություններում, սակայն ինքը՝ դերասանուհին, խոստովանում է՝ իրական կյանքում առավել կայուն է, քան ֆիլմերում: Կարմրահեր ու նրբակազմ այդ դերասանուհին Ջուլիանա Մուրն է, որն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, նշում է ծննդյան 58-ամյակը:

Մուրը նկարահանվել է ինչպես անկախ, այնպես էլ հոլիվուդյան ֆիլմերում: Դերասանուհին մինչ օրս ակտիվորեն նկարահանման առաջարկներ է ստանում, իսկ իր կարիերայի ընթացքում հասցրել է արժանանալ մի շարք անվանի մրցանակների, այդ թվում՝ «Օսկար»-ի:

Ջուլիանայի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Դեռեւս Էլիս»-ը, «Հաննիբալ»-ը, «Մարդասպաններ»-ը, «Տելեկինեզ»-ը, «Վայրի նրբագեղություն»-ը, ինչպես նաեւ Ատոմ Էգոյանի «Քլոե» կինոնկարը:

Ջուլիանա Մուրի առաջին ամուսինը եղել է ռեժիսոր Ջոն Գուլդ Ռոբինը, որին նա հանդիպել է 1984 թ-ին: Նրանց հարսանիքը տեղի է ունեցել ծանոթությունից  2 տարի անց, սակայն նրանց համատեղ կյանքը երկար չտեւեց. 1995 թ-ին նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին: «Ես շատ երիտասարդ էի, երբ ամուսնացա, դեռ պատրաստ չէի այդ կյանքին»,-մի առիթով խոստովանել է դերասանուհին: 2003 թ-ին Մուրն ամուսնացել է ռեժիսոր Բարթ Ֆրունդլիչի հետ: Նրանք սկսել են հանդիպել 1996 թ-ից: Հայտնի զույգն ունի երկու զավակ՝ որդին Քալեբը, եւ դուստրը՝ Լիվը:

Այսօր անդրադարձել ենք դերասանուհու՝ տարբեր ժամանասկների արտահայտած մտքերին, որոնք կօգնեն ճանաչել նրան կադրից դուրս՝ իրական կյանքում:

«Մարդիկ կարծում են, թե ռեժիսորներն ուղղորդում են դերասաններին, բայց դա այդպես չէ: Ռեժիսորները հեռուստադիտողին են ուղղորդում դեպի ֆիլմը»:

«Իմ կյանքը երբեմն ինձ շատ խենթ է թվում, բայց այն ունի շատ առավելություններ: Երբ հնարավորություն ունես շատ փող վաստակելու, կարողանում ես անել այն, ինչ ուզում ես: Ոչ բոլոր մարդիկն ունեն նման հնարավորություն»:

«Ինձ հետ երկար ժամանակ պետք է անցկացնեք, որպեսզի ես այնքան հարմարվեմ ձեզ, որ սկսեմ ցույց տալ իմ մութ կողմերը»:

«Եթե ընտրություն կատարեմ հագուստի եւ կահույքի միջեւ, միանշանակ կընտրեմ կահույք»:

«Ես երեւի այս աշխարհում ամենից շատ պեպեններ ունեցող մարդն եմ: Երեխաներս էլ են ժառանգել դրանցից, բայց բարեբախտաբար նրանց մոտ դրանք այդքան արտահայտված չեն»:

«Կինոընկերություններն այսօր շատ դրամաներ չեն արտադրում: Հիմա սուպերհերոսների ժամանակն է: Հիմա դերասանների համար նախատեսված նյութը շատ ավելի ուժեղ է, քան նախկինում»:

«Կատակերգություն ստեղծելը շատ բարդ բան է: Եթե այն ճիշտ ռիթմով չգնա, եթե երաժշտությունը ճիշտ ընտրված չլինի, գիծն էլ ճիշտ չի պահպանվի եւ ֆիլմը ծիծաղելի չի ստացվի»:

«Ես իմ երախներին ամբողջ սրտով սիրում եմ եւ ամենից շատ մտահոգվում եմ այն օդի համար, որը նրանք շնչում են»:

«Կարծում եմ՝ բոլորն էլ ունենում են էմոցիոնալ սթրեսներ, սակայն ես ինձ քիչ, թե շատ կայուն մարդ եմ համարում»:

«Դու պետք է լինես ինքդ քեզանով հետաքրքրված, բայց նաեւ ինտեգրվես աշխարհին եւ իմանաս՝ ինչ է կատարվում»:

Լուսանկարները՝ Kenneth Willardt, Parade, Vogue



© NEWS.am STYLE