Ճանապարհ, փախուստ, փրկություն. Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմի առաջին ցուցադրությունը

18:15   5 դեկտեմբերի, 2018

3 տարբեր պատմություն, 3 տարբեր տարեթվեր ու 3 տարբեր ճակատագրեր, որոնք ամփոփված են ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմաշարում, որի առաջին ցուցադրությունը կայացավ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Հայ-ռուսական համալսարանում:

Ֆիլմում ներկայացված է երեք ժամանակաշրջան` 2016, 1915 եւ 1003: Պատմությունների հերոսները տարբեր են՝ թե իրենց ապրելակերպով, թե խնդիրներով, թե մտածելակերպով: Նրանց միավորում են ֆիլմում ներկայացված խորհրդանիշները՝ գայլը,  գնդաձեւ քարը, երկար ճանապարհն ու դժվարին գիշերը…

Առաջին պատմության հերոսները ամուսիններ են, որոնք հերթական միջոցառումից տուն գնալու ճանապարհին վերհիշում են իրենց ընտանեկան կոնֆլիկտներն ու խնդիրները:

Երկրորդ պատմության սցենարի հիմքում Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդ»-ը պատմվածքն է, որի հերոսներն են Հաճի աղայի ընտանիքի անդամները, որոնք թուրքերից փրկվելու համար հարկադրված բռնում են փախուստի ուղին:

Իսկ երրորդում անդրադարձ է կատարվել Գրիգոր Նարեկացուն եւ նրա բուժիչ կարողությանը:

Առաջին հայացքից տարբեր այս պատմություններն ունեն ոճային ընդհանուր գիծ` նրանց միավորում է երկար եւ սարսափելի ճանապարհը` մի դեպքում` լի վեճերով եւ պարզաբնումներով, մյուս դեպքում` փախուստի փորձով, իսկ վերջում` հույսի եւ փրկության ակնկալիքով:

Առաջին երկու պատմությունների հերոսներն ավարտին ստանում են իրենց պատիժը, իսկ վերջին պատմության հերոսը ճանապարհի վերջում գտնում է իր փրկությունը:

Ֆիլմի տեսարաններն իրենց մռայլությամբ եւ «ցրտով» համակում են նաեւ դիտողներին: Ի դեպ, ցուրտն ու բուքը դժվարեցրել են ոչ միայն դերասանների, այլեւ ձիերի աշխատանքը: Դերասանուհի Լուիզա Ներսիսյանի տեսարանները չեն առնչվում եղանակային վատ պայմաններին, սակայն կերպարի մեջ մտնելն էլ իր դժվարություններն է ունեցել, որոնք հաղթահարվել են կերպարի լայն ուսումնասիրմամբ եւ ռեժիսորի օգնությամբ.

«Իսկ ի՞նչն է հեշտ տրվում: Ցանկացած բան, որ ցանկանում ես արժեքավոր լինի, պետք է անցնի որոշակի դժվարություններով: Այդ դժվարությունները պարուրված էին այնպիսի ջերմությամբ ու ոգեւորվածությամբ, որը մենք ստանում էինք Էդգար Բաղդասարյանի հետ աշխատելով, եւ սրանք միայն խոսքեր չեն: Շատ քիչ է դերասանին ընձեռվում ժամանակ, որպեսզի խորհի եւ մտածի իր կերպարի շուրջ, իսկ Էդգարի հետ աշխատելուց կարող ես արմատապես հասկանալ, թե ինչ է պետք կերպարին»,-նկատեց դերասանուհին:

Ռեժիսորի խոսքով` դժվար է եղել նաեւ իրենց ունեցած բյուջեով նկարահանել նման ֆիլմաշար (ռեժիսորը, սակայն, չնշեց, թե որքան է կազմել ֆիլմի բյուջեն): Հատկանշական է նաեւ, որ Նարեկացու մասին պատմությունն ավելի ճշգրտորեն փոխանցելու համար ստեղծագործական կազմը փորձ է արել վերականգնել նրա լեզուն: Մասնագետի օգնությամբ վերակենդանացրել են Վանի բարբառը:

Ֆիլմի ամբողջական նկարահանումը տեւել է 3 տարի` ամեն տարի նկարահանվել է 1 պատմություն: Ֆիլմաշարում կտեսնեք մի շարք հայտնի դերասանների` Լուիզա Ներսիսյանին, Բաբկեն Չոբանյանին, Սամվել Գրիգորյանին, Նարինե Գրիգորյանին, Արմինե Հովսեփյանին, Շանթ Հովհաննիսյանին եւ շատ որիշների:

Ֆիլմի երաժշտության հեղինակն Անդրանիկ Բերբերյանն է, պրոդյուսերը Կարինե Սիմոնյանն է, օպերատոր՝ Սուրեն Թադեւոսյան:

Ֆիլմը կինոթատրոններում կցուցադրվի դեկտեմբերի 8-ից:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE