Օլյա Հակոբյանը՝ որպես մոդել ներկայանալու, մոդելավորողի մասնագիտության եւ նոր առաջարկի մասին (ֆոտո)

19:25   5 դեկտեմբերի, 2018

Դերասանուհի Օլյա Հակոբյանը, որին հեռուստադիտողը հաճախ տեսնում է հայկական հեռուստասերիալներում, օրերս իրեն փորձել է նաեւ որպես մոդել: Շիկահեր դերասանուհին մասնակցել է Լիլիթ Մելիքյանի «Որդան կարմիր» հավաքածուի ցուցադրությանը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին՝ «Մեգերյան կարպետում»:

NEWS.am STYLE-ը զրուցել է Օլյայի հետ՝ որպես մոդել ներկայանալու, ազգային հագուստի տարրերի եւ առաջիկա նոր դերի մասին:

Պարզվում է՝ Օլյան տարիներ առաջ էլ է հնարավորություն ունեցել պոդիումով քայլելու: Դերասանուհին պատանեկության տարիներին սովորել է «Ատեքս» ներաձեւության տանը՝ որպես հագուստի մոդելավորող, իսկ տվյալ ցուցադրությանը ներկայացել է դիզայներ Լիլիթ Մելիքյանի առաջարկով:

«Շատ վաղուց հետեւում եմ «Տերյան» մշակութային կենտրոնի հրաշալի գործերին, այս անգամ էլ տեսա նրանց վերարկուների հավաքածուն եւ շատ հավանեցի, Լիլիթն էլ հարցրեց՝ «կցուցադրե՞ս»: Ես սիրով համաձայնվեցի, քանի որ հետաքրքիր էր»,-ասում է Օլյան՝ հավելելով.

«Ավելի վաղ եղել է որպես մոդել ներկայանալու փոքրիկ փորձ, բայց բացի այդ՝ այդ ամենի մեջ հաճախ եղել եմ «Ատեքս»-ում սովորելու տարիներին: Նորաձեւության շաբաթների ընթացքում շատ ակտիվ եմ եղել: Բացարձակ չէի պատրաստվել այս ցուցադրությանը, լավ է, որ նախօրերին ինձ օգնեցին պրոֆեսիոնալները եւ գոնի մի բան ստացվեց»:

Դերասանուհին նաեւ նշեց, որ հավաքածուն իրեն գրավել է ազգային էլեմենտներով.

«Չեմ կարող ասել, որ ունեմ մեծ պահարան՝ ազգային տարրերով, բայց, իհարկե, ինձ շատ  է դուր գալիս, երբ հինը ճաշակով համադրված է լինում առօրյա հագուստի հետ»:

Օլյան ասում է՝ որպես մոդել, միգուցե, հետագայում էլ հանդես գա սիրողական ցուցադրությունների ժամանակ, սակայն վստահ է՝ մոդելավորողի մասնագիտությանը մի օր վերադառնալու է:

«Շատ է եղել, որ նկարել եմ իմ պատկերացրած զգեստը եւ կարել տվել դերձակի մոտ, բայց որպես մոդելավորող շատ փոքր տարիքում եմ հանդես եկել»:

Օրերս «Շանթ» հեռուստաընկերության եթերում ավարտվեց «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը, որում նկարաանվում էր նաեւ Օլյան: Այժմ եթերում է սերիալի երկրորդ եթերաշրջանը, որտեղ, սակայն, հեռուստադիտողն Օլյայի կերպարին այլեւս չի տեսնի, բայց դերասանուհին ասում է՝ ունի նկարահանման նոր առաջարկ: Կերպարային եւ սցենարային մանրամասներ Օլյան դեռեւս չհաղորդեց, սակայն երկրպագուները նրան կրկին կտեսնեն «Շանթ» հեռուստաընկերության եթերում:

Ի դեպ, վերջերս, դերասանուհին ներկայացել է մազերի նոր երանգով՝ պլատինե շիկահերի կերպարով: Նրանից հետաքրվեցինք՝ արդյոք ոճափոխությունը կապվա՞ծ է նոր դերի հետ.

«Մազերս ներկել եմ նախ, քանի որ վաղուց ցանկանում էի ունենալ այս երանգը, վերջապես ստացվեց՝ վարսահարդարիս շնորհիվ, բացի այդ՝ նոր կերպարիս համար փոփոխություն էի ցանկանում»,-նշեց նա:

Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Օլյա Հակոբյանը


© NEWS.am STYLE