Գիշերը՝ թանգարանում. Chanel Métiers d'Art-ի ցուցադրությունը՝ եգիպտական ոճում

11:21   6 դեկտեմբերի, 2018

Chanel նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Կառլ Լագերֆելդը յուրաքանչյուր նոր հավաքածուն ցուցադրելիս զարմացնում է մասշտաբային շոուներով։ Նա ոչ միայն նորաձության ցուցադրություն է կազմակերպում, այլեւ հանդիսատեսին տեղափոխում է այլ աշխարհ։ Լագերֆելդը 2018թ․ որոշել է ավարտել Chanel Métiers d'Art հավաքածուի ցուցադրությամբ՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում ստեղծելով հին Եգիպտոսի կախարդական աշխարհը։

Chanel-ի նոր հավաքածուն նվիրված է հին Եգիպտոսին, հավաքածուի գլխավոր գույները ոսկեգույնն ու կապույտն են․ ոսկեգույնը՝ որպես փարավոնների հարստության եւ իշխանության խորհրդանիշ, կապույտը՝  որպես քուրմերի գույն։

Ցուցադրությունն անցկացվել է Դենդերա տաճարում, որը կառուցվել է մ.թ.ա. 10-րդ դարում եւ այժմ գտնվում է Նյու Յորքի թանգարանի ներսում։ Միջավայրին համապատասխանել են նաեւ զգեստները՝ ոսկեգույնն իր երանգներով ամենուր էր։

Տվիդ գործվածք եւ ոսկեգույն։ Իսկ ի՞նչ կասեք ոսկեգույն տաբատի մասին։ Կառլը կարողացել է համադրել առաջին հայցքից անհամադրելին։ Ցուցադրության միջնամասում բեմ է բարձրացել ամբողջությամբ ոսկեգույն հագած Ֆարել Ուիլիամսը։ Ռեփերի կոշիկները եւս ոսկեգույն էին։ Նրանից հետո բեմ են բարձրացել հին եգիպտական աստվածուհիները, որոնց հագուստում ոսկեգույնը համարդվում էր սպիտակի հետ։

Առանձնակի ուշադրություն էր դարձվել մոդելների դիմահարդարմանը. նույնիսկ Ֆարելի աչքերինմ սլաքներ էին նկարված։ Ինչպես հայտնի է, սլաքների օգտագործման մասին առաջին հիշատակումերը կապված են Կլեոպարտայի հետ, եւ Կարլ Լագերֆելդը չէր կարող չօգտագործել դա։

Ցուցադրության «հաղթաթուղը» բզեզի տեսքով գոտիներն ու բուրգերի տեսքով պայուսակներն էին։ Հաստատապես կարելի է ասել՝ եթե հին Եգիպտոսում դիզայնի աստված լիներ, դա կլիներ Կառլ Լագերֆելդը։

Լուսանկարները՝ Elle, kait8



© NEWS.am STYLE