Աշխարհահռչակ պարողներ Արթուր Գուրունլյանն ու Միհրան Կիրակոսյանը նոր բեմադրությամբ ցուցադրել են հայ կնոջ հզոր կերպարը

13:25   6 դեկտեմբերի, 2018

Լոնդոնում եւ ԱՄՆ-ում հայտնի պարողներ Արթուր Գուրունլյանն ու Միհրան Կիրակոսյանը ներկայացել են համատեղ աշխատանքով: Հայազգի պարուսույցները բեմադրել են Little Mix խմբի եւ Նիկի Մինաժի Woman Like Me երգը՝ այն ներկայացնելով հայկական ձեւով՝ ցուցադրելով հայ կնոջ ուժն ու անկախ հոգին:

Բեյոնսեի, Pussycat Dolls-ի, Ռիհաննայի եւ շատ այլ հայտնիների հետ համագործակցած Արթուր Գուրունլյանը NEWS.am STYLE-ին պատմել է իր եւ Միհրանի համագործակցության եւ հետագա ծրագրերի մասին:

Աստղային համագործակցություններով հայտնի հայ պարողները մինչ այս համագործակցությունը անձամբ ծանոթ չեն եղել, թեեւ միմյանց մասին շատ են լսել.

«Երբ հանդիպեցի Միհրանին, միանգամից իրար շատ լավ հասկացանք: Երկուսս էլ պարի աշխարհից ենք, բացի այդ՝ երկուսս էլ հայ ենք եւ այս համագործակցությունը մեզ համար, իսկապես, շատ սպասված էր: Միմյանց հանդիպեցինք մի ընթրիքի ժամանակ եւ հասկացանք, որ պետք է համատեղ մի բան ներկայացնենք: Դե մնացածն արդեն գիտեք»,-պարզաբանեց Արթուրը:

«Մի քանի երգ ենք քննարկել միասին, հետո Միհրանն առաջարկեց Little Mix-ի եւ Նիկի Մինաժի Woman Like Me երգը, ես միանգամից համաձայնվեցի: Երգը մեզ դուր եկավ, քանի որ այն ուժեղ հաղորդագրություն է պարունակում: Մենք ցանկացանք ցույց տալ ինքնավստահ, հզոր եւ անկախ հայ կնոջ կերպարը՝ արտացոլելով դա մեր բեմադրության մեջ: Ես ցանկանում էի, որ խորեոգրաֆիան լիներ սուր ու հզոր, բայց միեւնույն ժամանակ՝ մեղմ: Այն պետք է արտացոլեր նաեւ երգը»,-հավելեց նա:

Ի դեպ, նախագիծն իրականացրել են բացառապես հայկական թիմով.

«Բոլոր 6 պարուհիներն էլ հայուհիներ են: Նրանց հետ աշխատելը շատ հաճելի էր: Այնքան ուրախ եմ, որ աշխարհին հնարավորություն ունեցանք ցուցադրել հայկական տաղանդը: Մեր ամբողջ թիմն էր կազմված հայերից»:

Հայ պարողները մտադիր չեն սահմանափակվել միայն մեկ համագործակցությամբ.
«Միհրանի հետ աշխատելն, իսկապես, հաճելի էր: Նա շատ տաղանդավոր է, եւ որպես ռեժիսոր՝ սուր աչք ունի: Անհամբեր սպասում եմ մեր հաջորդ համատեղ աշխատանքին: Հիմա նոր նախագծի մասին ենք մտածում»,-նշեց Գուրունլյանը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արթուրի եւ Միհրանի Facebook-ից եւ Ալան Բոլթոնի



© NEWS.am STYLE