Հումորային «խցանում»՝ կենցաղային ու քաղաքական թեմաներով. Ռաֆայել Երանոսյանի մոնոներկայացումն ու հայտնի հյուրերը (ֆոտո)

23:28   6 դեկտեմբերի, 2018

«Բոհեմ» թատրոնում այսօր իսկական «խցանում» էր՝ կենցաղային եւ քաղաքական թեմաներով հագեցած հումորային պատմություններով, իսկ դրա «մեղավորը» դերասան ու հումորիստ Ռաֆայել Երանոսյանն էր՝ իր tRaffik մոնոներկայացմամբ: Սա դերասանի առաջին մոնոներկայացումն  էր, որի պրեմիերան կայացել է դեկտեմբերի 3-ին, իսկ այսօր Ռաֆայելը այն ներկայացրեց լրագրողներին եւ գործընկերներին:

Հումորիստն անդրադարձել էր մեր կենցաղում արդիական, գրեթե, բոլոր թեմաներին՝ հայկական հարսանիք, թաղում, սերիալներ, համացանց եւ, իհարկե, ամենաարդի թեման՝ քաղաքականություն: Այս թեմաները Ռաֆոն ներկայացրեց իրեն հատուկ հումորով եւ երաժշտական կատարումներով:

Ներկայացումից հետո դերասանը լրագրողներին պատմեց tRaffik-ի մտահաղացման, թեմաների եւ իր իսկ խաղից ստացած տպավորությունների մասին.

«Սա իմ առաջին մոնոներկայացումն էր, որը վաղուց էի մտածում իրականացնել, սակայն ինչ-ինչ պատճառներով դա հետաձգվում էր: Թավշյա հեղափոխությունն էլ պատճառ հանդիսացավ, որ ներկայացումը մի քիչ հետաձգեինք, որովհետեւ այն, ինչ գրել էինք, արդեն արդիական չէր: Մոտ կես տարի աշխատել ենք սցենարի շուրջ, որոշել ենք այնպես անել, որ այն հետաքրքիր լինի ամենուր՝ թե Հայաստանում, թե դրսում:

Այն թեմաները, որոնց այսօր հումորի միջոցով փորձեցինք անդրադառնալ, իսկապես, կան մեր մեջ՝ եւ լավը, եւ վատը: Ցավն այն է, որ մենք հիմնականում վատն ենք վերցնում, իսկ աշխարհն այնքան գերհագեցած ու դրական կողմեր ունի, որոնք կարելի է վերցնել ու դարձնել մերը»,-ասում է նա:

Ռաֆոն չթաքցրեց՝ առաջնախաղի ժամանակ հուզմունքը հատկապես մեծ էր, հանդիսատեսի առջեւ մոնոներկայացմամբ ներկայանալը՝ պարտավորեցնող.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հանդիսատեսին: Շատ ուրախ եմ, որ ունեմ նրանց: Երբ առաջին օրը բեմ բարձրացա, շատ հուզված էի, բայց հանդիսատեսն ինձ այնպես ողջունեց, որ լիցաքավորվեցի եւ ամբողջ էներգիաս փոխանցեցի նրանց: Այսօր էլ էի հուզված եւ լարված, քանի որ խաղում էի ընկերներիս համար, որոնք շատ մեծ ճանապարհ են անցել՝ գեղարվեստական ղեկավարներ, դերասաններ… Պատասխանատվությունը շատ մեծ էր»:

Ներկայացման հաջորդ խաղը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին. այն  կբեմադրվի նաեւ հունվարին եւ փետրվարին, իսկ արդեն մարտ ամսին կմտածեն այն ներկայացնել նաեւ Հայաստանից դուրս: Դերասանը չբացառեց՝ այդ ընթացքում հնարավոր է՝ լինեն սցենարային փոփոխություններ եւ նոր թեմաներ, որոնք արդիական կլինեն տվյալ շրջանում.

«Թեմաները միշտ էլ կարելի է ավելացնել: Սա այն ժանրն է, որը կարելի է եւ ավելացնել, եւ պակասեցնել, քանի որ սա ժամանակի հետ քայլող ներկայացում է»:

Մոնեներկայացման մտահաղացումը հենց Ռաֆայելինն էր, նա այն իրականացրել է ընկերների՝ սցենարի հեղինակ Արմեն Վարդանյանի, դիզայներ Դիանա Շատվերյանի, լուսանկարիչ Արվին Քոչարյանի, երաժշտական ձեւավորող Վահե Գրիգորյանի ու Ռիչարդ Մադլենյանի օգնությամբ:

Ռաֆոյին այսօր դիտելու եւ աջակցելու էին եկել նաեւ հայտնի ընկերներն ու գործընկերները, որոնցից շատերին կարող եք տեսնել NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE