Վիվիեն Ուեսթվուդը եւ Burberry-ն համատեղ հավաքածու են թողարկել

17:17   7 դեկտեմբերի, 2018

Բրիտանացի դիզայներ Վիվիեն Ուեսթվուդը եւ Burberry ապրանքանիշը համատեղ հավաքածու են թողարկել, որի մասին հայտնել էին ամռանը։

Հավաքածուի վաճառքի մի մասը կուղղվի Cool Earth տրոպիկական անտառների պաշտպանության ֆոնդին։ Հավաքածուի հիմնական տարրը շապիկն է, որի վրա Վիվիեն Ուեսթվուդը գրել է. «Cool Earth-ը ծրագրում է փրկել տրոպիկական անտառները» (Cool Earth has a plan to save the rainforest): Հավաքածուն լուսանկարել է Դեւիդ Սիմսը, մոդելների շարքում են Քեյթ Մոսը, Կլաուդիա Լավենդերը, Sistren եռյակը, Վիվիեն Ուեսթվուդը, նրա ամուսինը՝ Անդրեաս Կրոնտալերը։

Burberry-ի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիշին խոստովանել է, որ Վիվիեն Ուեսթվուդն առաջին մարդկանցից էր, ով իրենց ոգեշնչել է ընտրել դիզայների մասնագիտությունը։

«Խռովարար, փանկ, ստեղծագործական հանճար եւ բրիտանական ոճի «կուռք»… Վերջին 50 տարիների ընթացքում դիզայներների եւ նկարիչների վրա նրա ազդեցությունը հավասարը չունի»,- նշել է Տիշին։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Burberry



© NEWS.am STYLE