Match&Go. Շարֆեր

14:22   8 դեկտեմբերի, 2018

Match&Go (բառացիորեն՝ «Համադրիր եւ գնա») խորագրի շրջանակում մենք կփորձենք ներկայացնել զգեստապահարանի այս կամ այն տարրը, որը չպարտադրելով, բայց միանգամայն ակնհայտորեն կարող է դառնալ սեզոնի հիթը: Նաեւ կառաջարկենք՝ կարդիգանն ինչի՞ հետ հագնել կարեւոր հարցի պատասխանները:

Եկեք անկեղծ լինենք. «ձմեռ» եւ «բազմաշերտություն» բառերը հանգիստ կարելի է դասել եթե ոչ լեզվական, ապա ոճական հոմանիշների շարքին: Ի՞նչ կա տաք շարֆից ավելի լավ, որով կարելի է փաթաթվել հայկական ձմռան ոչ միայն ցուրտ, այլեւ խոնավ եղանակին: Երբ ինքդ քեզ հնարավորություն ես տալիս ոչ թե մի շենքից մյուսն արագ վազելու, այլ տաք հագնված երկարատեւ, հաճելի զբոսանքներին տրամադրվելու:

Իսկ մենք առաջարկում ենք շարֆերի համադրության եւ օգտագործման 4 տարբերակ՝ ոչ միայն արդիական, այլեւ պրակտիկ:

Ֆանատիկ շարֆեր

Դեռեւս չձանձրացրած միտում է (ի տարբերություն գոտիավոր պայուսակների), որը ֆուտբոլի մոլեռանդ երկրպագուների տրիբունաներից ցատկել է պոդիումի վրա, իսկ այնտեղից՝ առանց շեղվելու փողոցներ: Եթե անգամ ֆուտբոլից ոչինչ չեք հասկանում, կարելի է այս իրը փոխարինաբար վերցնել սպորտին ավելի մոտ ընկերոջից կամ ընկերուհուց, կամ էլ ստուգել նրանց զգեստապահարանը, ովքեր երկրպագում են ազգային հավաքականին եւ հաճախ են գնում հանդիպումները դիտելու:

Դիզայներները հեռուն են գնացել՝ ստեղծելով մերձֆուտբոլային շարֆեր՝ մոնոգրամով, մերչով կամ մանիֆեստով: Եթե այնքան էլ ցուրտ չէ, գցեք ուսերին՝ երկփեշ վերարկուի վրայից կամ փաթաթեք պարանոցին՝ մորթե պարկի համադրությամբ: Կարելի է հագնել նաեւ թեթեւ, թափվող զգեստ, խոշոր կիսաճտքավորներ, բոմբեր կամ դուբլյոնկա եւ հավելել, թվում է, անտեղի, բայց խիստ արդիական աքսեսուար՝ այո՛, հենց ֆուտբոլային շարֆը:

Ձմեռային մոնոքրոմ

Սա կերպար է, որում ամեն բան արված է չեզոք, պաստելային գունապնակում՝ բեժ, կարամելային, դարչնագույն, գորշ: Գույները կարող են անցողիկ լինել, իսկ շարֆը՝ մեծ, հարմարավետ, անպայման բաղադրության մեջ բուրդ պարունակող: Սքանդի ոճի less is more-ի լավագույն ավանդույթներով, Ֆիբա Ֆայլոյի (Celine-ում աշխատելու տարիների) եւ արդեն ժամանակակից Jil Sander-ի էսթետիկայով: Փաթաթվել եւ խորասուզվել ցրտերը դիմավորելու փիլիսոփայության մեջ՝ դրանք սկսվելուն պես:

Վառ տարր

Վստահաբար «այո» ենք ասում ձմռան վառ գույներին: Շարֆի դեպքում այն կարող է մնացած հանդերձանքի համար կոնտրաստային տարր լինել: Կամ միագունությունը կոտրող վանդակ, որին դիզայներները, ըստ երեւույթին, երբեք հրաժեշտ չեն տա: Իսկ մենք միայն ուրախ ենք. այստեղ երեւակայության այնպիսի ազատություն է:

Կոնստրուկցիա-շարֆեր

Այստեղ կարելի է ներառել այն ամենը, ինչը ձեւով շարֆ է հիշեցնում, բայց տարբերվում է բազմազանությամբ՝ պոնչո, ծածկոց, կոճկվող կամ մորթե վարսակալներ: Ի դեպ, շատ անսպասելի այսպիսի տարր կարող է դառնալ սվիտերը՝ կապված վերարկուի կամ դուբլյոնկայի վրայից:

Անի Մովսիսյան

Фотографии: Henry Holland, refinery29.com; 

Instagram: silkngold, moment_heeee, figtny,

streetsyleluxe, eyepiphany, awake_mode, thefrankieshop,

daily_staly_fashion, darjabarannik, heegenie_ 

 



© NEWS.am STYLE