Քենդրիկ Լամարը կրկին «Գրեմմիի» ֆավորիտներից է

11:16   8 դեկտեմբերի, 2018

CBS հեռուստաալիքը հրապարակել է «Գրեմմի 2019» մրցանակաբաշխության նոմինանտների ամբողջական ցանկը, որը տեղի կունենա հաջորդ տարի փետրվարի 10-ին՝ Լոս Անջելեսում։

Ամերիկյան ձայնագրման ընկերությունների ասոցիացիան հայտարարել է 61-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխության 84 անվանակարգերում առաջադրված նոմինանտներին։ Նրանց առաջատարը դարձել է Քենդրիկ Լամարը, որը ներկայացվել է ութ անվանակարգերում, այդ թվում՝ լավագույն ալբոմ, ձայնագրություն եւ տարվա երգ։ Նշենք, որ նա նաեւ նախորդ տարում էր ֆավորիտ, որի ընթացքում վերցրեց ռեփ անվանակարգերի բոլոր մրցանակները։  Պետք է նշել, որ նրա «DAMN.» ալբոմում ներառված ստեղծագործությունները հիացնում են խոսքերի խորությամբ, վարպետորեն կատարված գործիքավորմամբ եւ կոնցեպտուալությամբ։

Այս անգամ երկրորդ լավագույն արդյունքը գրանցել է Դրեյքը, որը նոմինացված է յոթ անվանակարգերում։ Հնգական անվանակարգերում էլ՝ Քարդի Բին, Լեդի Գագան, Չայլդիշ Գամբինոն։ Իսկ Քանյե Ուեսթը, որի համար 2018թ․-ը շատ հագեցած էր, ներկայացված է միայն մեկ անվանակարգում՝ «Տարվա պրոդյուսեր»։ Մեկ անվանակարգում էլ Թեյլոր Սվիֆթն է ներկայացված, որի «Reputation» ալբոմը կպայքարի տարվա լավագույն փոփ-ձայնասկավառակի համար։

Աղբյուրն ու լուսանկարը՝ Daily Mail, Getty Images



© NEWS.am STYLE