«Միսս Տիեզերք 2018»-ին Վրաստանը ներկայացնող մոդել Լարա Յանը՝ հայկական արմատների եւ մրցույթի նախապատրաստական փուլի մասին

14:05   8 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 17-ին Թաիլանդում կկայանա «Միսս Տիեզերք 2018» գեղեցկության մրցույթը, որտեղ այս տարի կհնչի միանգամից երկու հայկական ազգանուն: Այս տարի Հայաստանն առաջին անգամ կներկայանա մեծամասշտաբ այս մրցույթին՝ ի դեմս «Միսս Հայուհի 2018» մրցույթի մասնակից Էլիզա Մուրադյանի: Իսկ երկրորդ հայկական ազգանունը կհնչեցնի վրացահայ հայտնի մոդել, «Միսս Վրաստան 2017» տիտղոսակիր Լարա Յանը:

Լարան հայկական արմատները ժառանգել է հայրիկից, որը ծնվել եւ մեծացել է Վրաստանում, իսկ մայրը՝ բնիկ վրացուհի է:

25-ամյա մոդելն արդեն Թաիլանդում է, որտեղ տեղի են ունենում մրցույթի նախապատրաստական աշխատանքները: Նկարահանումներ, հարցազրույցներ, ճանապարհորդություններ… Լարայի ժամանակն, իսկապես, սահմանափակ է, սակայն այս ամբողջ անցուդարձի մեջ մոդելն ազատ ժամանակ է գտել եւ պատասխանել NEWS.am STYLE-ին հետաքրքրող հարցերին:

Հայկական արմատներ ունեցող գեղեցկուհին արդեն 10 տարի է՝ մոդելային ասպարեղում է, սակայն միայն մոդելինգով չի բավարարվում: Լարան մասնագիտւթյամբ երաժիշտ է.

«Փոքրուց երգում եմ, ինքս էլ գրում եմ երգեր: Շուտով լույս կտեսնի իմ ձայնասկավառակը, որտեղ ամփոփված կլինեն իմ հեղինակային երգերը: Մոդելինգն ու երաժշտությունը միմյանց չեն խանգարում: Երաժշտությունն իմ կյանքն է, իսկ մոդելի մասնագիտությունն օգնում է, որ ավելի ինքնավստահ լինեմ բեմում»,-ասում է գեղեցկուհին:

Մինչ շատ աղջիկներ երազում են մոդելային կարիերայի մասին՝ անտեսելով այս ոլորտի դժվարությունները, Լարան հավաստիացնում է՝ դրանք քիչ չեն.

«Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարող է թվալ: Անկեղծ կլինեմ՝ ոմանց սա տրված է, ոմանց՝ ոչ: Այնքան արտաքինը մեծ դեր չի խաղում, որքան ներքին ուժդ. պետք է ոչ միայն ֆիզիկապես, այլեւ հոգեպես ուժեղ լինես: Այս ամենը մեծ աշխատանք է պահանջում»:

Այս պահին Թաիլանդում գտնվող գեղեցկուհին խոստովանում է՝ աշխատանքային շրջագայությունները շատ են լինում եւ հագեցած, սակայն միշտ հաճույքով է ուսումնասիրում տվյալ երկիրն ու իր համար բացահայտում նորը.

«Իհարկե, փորձում եմ աշխատանքային շրջագայությունների արանքում ժամանակ գտնել նաեւ զբոսանքի համար: Անկեղծ ասած՝ էքսկուրսիաներ երբեք չեմ սիրել, անգամ փոքր տարիքում: Նախընտրում եմ վերցնել պայուսակս, քարտեզն ու ընկնել ճանապարհ…»:

«Միսս Տիեզերք» մրցույթն էլ, բնականաբար, հագեցած է ոչ միայն մրցութային, այլեւ ճանաչողական առօրյայով.

«Հիմա նախապատրաստական փուլում ենք՝ նկարահանումներ, քաղաքից քաղաք տեղափոխություններ, թռիչքներ: Նկարահանումների ընթացքում շատ քիչ ժամանակ է մնում, որը տրամադրում ենք հանգստին եւ ինքներս մեզանով ենք զբաղվում: Այստեղ բոլորս էլ ցանկանում ենք հաղթել, եւ ես նույնպես եկել եմ գլխավոր մրցանակի հետեւից: Բայց ընտրությունը կատարելու են մարդիկ, որոնք ճշգրիտ պատկերացումներ ունեն գեղեցկության մասին»:

Մոդելային ոլորտի դժվարությունների եւ վերելքների միջով անցած գեղեցկուհուց հետաքրրվեցինք՝ իսկ ի՞նչ, եթե հետագայում նրա դուստրն էլ ցանկանա բռնել իր ուղին.

«Ես, միանշանակ, կաջակցեմ նրան. կդառնամ նրա պահապան հրեշտակն ու ուղեկիցը»,-վստահորեն պատասխանեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լարա Յանի Instagram-ի էջից



© NEWS.am STYLE