Ճանապարհորդի գրառումները. Շանհայ

22:02   8 հունիսի, 2013

Շանհայը համարձակորեն կարելի է անվանել Չինաստանի ամենազարմանալի քաղաքը, եւ նույնիսկ չինացիներն են այդ հարցում համաձայն: Քաղաքը մեր ինքնաթիռը դիմավորեց ճայերի լայնատարած թեւերով: Այստեղ տանիքները հետաքրքիր են. ոչ մի քառակուսի եւ կտրուկ գիծ: Թվում է, որ ուղղակի վայրէջք ենք կատարում բուռն կերպով ծաղկող չինական կարմիր ու սպիտակ ծաղիկներով եւ նեղ ջրանցքներով շրջապատված խնամված մարգագետիններով այգում:

Եղանակը

Ցավոք, ես երկրում հայտնվեցի ոչ լավագույն եղանակին, չնայած թվում է, թե տուրիստական սեզոնի ամենաաշխույժ շրջանում: Հունիսին հարավում արդեն շոգ է՝ շուրջ 30-35С, խոնավ օդը պատում է բամբակե ծածկոցով, իսկ երեկոյան ջերմաստիճանն այնքան էլ չի տարբերվում: Լավագույն ժամանակը մարտի երկրորդ կեսն է, ապրիլն ու նոյեմբերը, երբ եղանակն արդեն լավն է, իսկ զբոսաշրջիկներ գրեթե չկան:

Երկարատեւ ձանձրալի անձրեւները նորմալ են ամառային Շանհայի համար, եւ յուրաքանչյուր հյուրանոցում վարձույթով անձրեւանոցներ են տրվում: Չնայած չինացիները դրանք գործածում են հիմնականում արեւից պաշտպանվելու համար: Չինուհիներից մեկը որպես գաղտնիք ասաց, որ վախենում են փչացնել դեմքի հիասքանչ գույնը:

Քաղաքը

Չինացիների համար Շանհայը գործարար եւ առեւտրային կենտրոն է: Այն թանկարժեք եւ ոչ այնքան թանկ խանութների, լավագույն հյուրանոցների, ամենաժամանակակից գործարար կենտրոնների համատեղում է: Չինուհի նորաձեւության սիրահարներն այստեղ գալիս են գնումների:

Շանհայի զարմանալի յուրահատկությունն ու գլխավոր գաղտնիքը տեղական կենսակերպն է, մասնավորապես՝ մայրիշխանությունը: Դրան կնախանձի յուրաքանչյուր կին. երեկոյան աշխատանքից տուն ես վերադառնում, սառնարանից հանում ես սառը գարեջուրն ու հարմարվում հեռուստացույցի առջեւ՝ սիրելի սերիալը դիտելու: Իսկ քո սիրելին, ի դեպ՝ նույնպես ամբողջ օրը գրասենյակում աշխատող, քեզ հողաթափեր է մատուցում, ընթրիք պատրաստում, երեխային քնեցնում, լվացք անում եւ տունը հավաքում: Եվ այսպես ոչ միայն մարտի 8-ին, այլ ամեն օր: Դա չէ՞, արդյոք, երազանքի գագաթնակետը: Եվ, ի դեպ, հենց այդ պատճառով մյուս քաղաքների բնակիչները խուսափում են ամուսնանալ Շանհայի կանանց հետ:

Խոհանոցը

Ռեստորաններում շատ դժվար է անգլերերով ճաշացանկ եւ անգլալեզու մատուցող գտնել: Բոլոր ճաշացանկերը նկարներով են, սակայն NEWS.am STYLE-ը, ամեն դեպքում, խորհուրդ է տալիս ընտրել անվնաս ուտեստներ, օրինակ՝ բանջարեղենով բրինձ: Պատվիրած ձուկը կարող են բերել կտրված, բայց դեռեւս կենդանի: Դա տեղական խորտիկ է, բայց այն կարող են ուտել միայն ամենախիզախ եվրոպացիները:

Ի դեպ, Չինաստանում ապուրի մշակույթն ընդհանրապես բացակայում է: Ապուրն այստեղ ներմուծել են եվրոպացիները, իսկ չինացիներն այն ընկալում են որպես մարդու մարմնի էներգիայի հավասարակշռության վերականգնում, եւ ուտում են տաք ուտեստից հետո, աղանդերից առաջ: Այնպես որ, եթե ցանկանում եք որպես առաջին ուտեստ ապուր ստանալ, պետք է նախապես զգուշացնեք:

Շանհայի խոհանոցը ձեւավորվել է հարեւան շրջանների՝ Չժեցզյանի եւ Ցզյանսուի ազդեցությամբ: Եվ, իհարկե, տեղի խոհանոցը տոն է ծովամթերքի սիրահարների համար:

Շատ հետաքրքիր է չինական հայտնի «կարպ-սկյուռ» ուտեստի պատմությունը: Այս ուտեստն առաջացել է Սիչժոուից: Կարպը կտրում են յուրահատուկ կերպով, այնպես, որ այն մնալով ամբողջական՝ կազմվում է սկյուռի փարթամ պոչին նման մանր «պոչիկներից»: Այդ «պոչի մեջ» մի քանի հազար տարի առաջ սովորական էր փոքրիկ սուր շեղբեր պահելն ու թշնամիներին հյուրասիրելը:

Շանհայի տեսարժան վայրերը

Իհարկե, The Bund գետափը: Հուանպու գետի տարբեր ափերին փռված ստալինյան շինություններն ու նյույորքյան երկնաքերները, նրանց միջեւ՝ զբոսանքի համար նախատեսված ափը եւ Մաոյի հուշարձանը:

Այստեղ կենտրոնացած են քաղաքի ամենաթանկ հյուրանոցներն ու ռեստորանները: Pudong շրջանը, որի երկնաքերները լավ տեսանելի են գետափից, գործարար Շանհայի սիրտն է: Այնտեղ կարելի է հասնել ավտոմեքենայով, ստորջրյա թունելի միջոցով: Այնտեղ էլ գտնվում է բարձր հեռուստաաշտարակը՝ դիտահրապարակով: Մուտքի տոմսը շուրջ 14 դոլար արժե:

Երեխաներին կարելի է տանել հեռուստաաշտարակից ոչ հեռու գտնվող օվկիանարիում: Մուտքի տոմսը 15 դոլար է:

Անպայման այցելեք քաղաքի կենտրոնում գտնվող Ուրախության Այգի՝ Yu Yuan: Այն բազմաթիվ բակերի, տաղավարների եւ լոտոսներով ավազանների կախարդական միահյուսում է: Այնտեղ բազմաթիվ խոռոչներով հսկայական քար կա: Երբ ծուխը մի կողմից թողնում ես, բոլոր անցքերից միանգամից դուրս է գալիս:

Հուանպու գետով շրջագայություն վերցրեք երեկոյան, երբ վառվում է քաղաքի լուսավորությունը: Այդ ընթացքում նավի վրա չինական ավանդական երաժշտություն է հնչում:

Ընդհանուր առմամբ, Շանհայը դիտելու համար 3 օրը բավարար է:

Եվ վերջում, իհարկե, չմոռանաք հաճախել մերսման սրահ, որոնք այստեղ հարյուրներով են: Դրանք կարելի է ճանաչել ցուցանակներից եւ այնտեղից դուրս եկողների գոհ դեմքերից:

Շարունակությունը՝ հաջորդիվ



© NEWS.am STYLE