Գեորգի Բունիաթյանն իր առաջին տեսահոլովակի, Էրիկի եւ Գրիգոր Կյոկչյանի հետ համագործակցության եւ վտանգավոր տեսարանների մասին

14:25   10 դեկտեմբերի, 2018

«Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի երգիչ Գեորգի Բունիաթյանն օրերս թողարկել է իր առաջին տեսահոլովակը՝ նկարահանված իր առաջին երգի հիման վրա: «Էլ ով ունի» երգը երգչի համար հեղինակել են Էրիկ Կարապետյանն ու Գրիգոր Կյոկչյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է, իսկ նկարահանումների զգալի մասն անցել են «Գոշա» շրջիկ կրկեսում, որտեղ իր մասնակցությունն է ունեցել նաեւ երգչի սիրելին՝ Ստեֆանիա Գրիգորյանը, որը Հայաստանում եզակիներից է, որ կարողանում է առյուծ վարժեցնել:

Գեորգին NEWS.am STYLE-ին պատմել է իր առաջին տեսահոլովակի, Էրիկի եւ Գրիգորի հետ համագործակցության եւ վտանգավոր տեսարանների մասին:

«Տեսահոլովակի գաղափարը մտածել ենք ռեժիսորի հետ միասին:Հենց Տիգրանը պնդեց, որ կրկեսից տեսարաններ ունենանք»,-ասում է Գեորգին՝ հավելելով.

«Ստեֆանին Հայաստանում միակ մարդն է, որն ունի առյուծ եւ վարժեցրել է նրան: Մտածեցինք, որ բավականին հետաքրքիր բան կստանանք: Ռեալ երեւում է, որ դա մոնտաժ չէ եւ նա, իսկապես, այուծի հետ մի վանդակում է եղել: Նա մի քանի տարի վարժեցրել է առյուծին եւ միակ մարդն է, որը կարող էր լինել առյուծի հետ մեկ վանդակում, այդ պատճառով էլ որոշեցինք, որ հենց նա լինի տեսահոլովակում»:

Գեորգին իր առաջին երգը որոշել է վստահել հայտնի երգիչներ Էրիկին եւ Գրիգոր Կյոկչյանին՝ գնահատելով նրանց տարիների աշխատանքն ու փորձը.

«Առաջինը Էրիկի հետ խոսեցի: Նա իմ ավագ եւ փորձառու գործըկերն է: Նրան դիմեցի, քանի որ ցանկանում էի գեղեցիկ եւ ճաշակով երգ ստանալ: Էրիկի արվեստն ինձ շատ հոգեհարազատ է եւ նրան վաղուց հետեւում եմ ու հավանում նրա աշխատանքները: Նա ինձ չմերժեց եւ օգնեց, որ երգը ստանանք: Էրիկի խորհրդով խոսքերի հեղինակը դարձավ Գրիգոր Կյոկչյանը: Նրա հետ եւս շատ հեշտ է աշխատելը, Գրիգորը շատ տաղանդավոր խոսքերի հեղինակ է: Երբ երաժշտությունն արդեն կար, այն ցույց տվեցինք Գրիգորին եւ նա համաձայնվեց հեղինակել բառերը: Ուզում եմ շեշտել, որ իմ կարծիքով հենց նրանց շնորհիվ է, որ երգը շատ ստացված է: Բավականին լավ արձագանքներ եմ լսում այս ընթացքում, որոնք կապված են հենց հեղինակների աշխատանքի հետ»:

Տեսահոլովակի նկարահանումները տեւել են երկու օր: Անդրադառնալով ամենադժվար տեսարաններին՝ երգիչը կրկին առանձնացրեց կրկեսի նկարահանումները.

«Տեսարանային առումով ամենաբարդը  (իմ եւ երեւի ամբողջ ստեղծագործական կազմի համար) կրկեսում առյուծի տեսարաններն էին: Իհարկե, ես այնտեղ դեր չունեի, բայց նկարահանման տեսանկյունից բարդ է եղել, որովհետեւ, ամեն դեպքում, վտանգավոր էր»:

Գեորգիի առաջին տեսահոլովակը կարող եք գնահատել նաեւ NEWS.am STYLE-ում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Գեորգի Բունիաթյանը



© NEWS.am STYLE