Հայազգի Էնդի Սերկիսը նմանակել է Թերեզա Մեյին

12:13   11 դեկտեմբերի, 2018

Դերասան Էնդի Սերկիսը (Սարկիսյան), ով «Մատանիների տիրակալը» ֆիլմում մարմնավորել է Գոլումի կերպարը, Թերեզա Մեյի՝ Brexit-ի քվեարկությունը չեղյալ համարելու որոշմանն արձագանքել է՝ նմանակելով նրան։

YouTube-ում հոլովակ է հայտնվել, որում Էնդիկ Սերկիսը հագնված եւ հարդարված է վարչապետի նման, նրա՝ Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող աշխատասենյակում է։ Ըստ սյուժեի՝ Մեյի մոտ անձի երկվություն է սկսվում։ Թերեզաներից մեկը կողմ է արտահայտվում կրկին հանրաքվե անցկացնելուն, մյուսն ամեն ինչ որոշել է առանց ժողովրդի։ Դերասանի սրամտությունը դժվար է նկարագրել բառերով, ավելի լավ է տեսանյութը դիտել։

Էնդի Սերկիսը (Սարկիսյան) դերասան է, ռեժիսոր, սցենատրիստ, ով ծնվել է 1964թ. Լոնդոնում՝ հայազգի Կլիմենտ Սարկիսյանի եւ բրիտանացի Լիլի Վիչի ընտանիքում։ Կարիերան սկսել է թատրոնում եւ մեծ հաջողություն ունեցել, ապա զբաղվել կինեմատոգրաֆիայով, մարմնավորել ավելի քան 30 կերպար։ Առավել հայտնի դերերից են Կեսարի կերպարը «Կապիկների մոլորակի ապստամբությունը» ֆիլմից, Քինգ-Քոնգի կերպարը։

Դերասանը նոմինացվել է «Ոսկե գլոբուս», «Էմմի» եւ BAFTA մրցանակաբաշխություններին։ Էնդի Սերկիսն ապրում է Լոնդունում կնոջ՝ դերասանուհի Լորեն Էշբուրնի եւ երեք երեխաների՝ Ռուբիի, Սոնիի եւ Լուիի հետ։



© NEWS.am STYLE