Իրինա Այվազյանը՝ «Էլենի օրագիրը 2»-ում իր կերպարի, բարդույթների եւ Բեն Ավետիսյանի հետ զվարճալի նկարահանումների մասին

15:43   11 դեկտեմբերի, 2018

«Էլենի օրագիրը» հեռուստասերիալի երկրպագուները երկրորդ եթերաշրջանում ծանոթացան նոր ու տարբեր կերպարերի հետ, որոնցից է նաեւ Անուշիկը, որն առանձնանում է իր միամտությամբ, շատակերությամբ եւ դրանից բխող բարդույթներով: Շատերի կողմից արդեն սիրված այս հերոսուհուն մարմնավորում է դերասանուհի Իրինա Այվազյանը, որին սկզբում այլ դեր էր առաջարկվել, սակայն հետագայում ընտրությունը կանգնել է Անուշիկի կերպարի վրա:

NEWS.am STYLE-ը Իրինայի հետ զրուցել է «Էլենի օրագրում» նկարահանվելու, բարդույթներով տառապող իր հերոսուհու եւ Բեն Ավետիսյանի հետ զվարճալի նկարահանումների մասին:

Դերասանուհին նշում է՝ ի տարբերություն Անուշիկի՝ իրական կյանքում ինքը ավելորդ քաշի հետ կապված բարդույթներ չունի.

«Միշտ ասել եմ, որ ուզում եմ նիհար լինել, բայց չեմ նեղվում, որ այս պահին այսպիսին եմ»:

Նա հաճախ է նամակներ ստանում ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունեցող աղջիկներից, որոնց համար Իրինայի հերոսուհին երբեմն օրինակ է ծառայում, որպեսզի հաղթահարեն այդ բարդույթները.

«Հաճախ հարցնում են, թե ինչպես եմ տվյալ կերպարը կերտելու առաջարկն ընդունել, ինչպես եմ հաղթահարել կոմպլեքսները: Նույնիսկ, մարդիկ են եղել, որ ասել են՝ ես իրենց համար օրինակ եմ դարձել, որ ինչ-ինչ բարդույթներից ազատվեն:  Այս տեսակի նամակներին առանձնահատուկ եմ վերաբերվում ու աշխատում հնարավորության սահմաններում պատասխանել: Ես միշտ ասել եմ, որ արտաքինը փոխելն ամենահեշտն է, բայց վերջիվերո ո՞վ է ասել, թե բոլորը պետք է նիհար լինեն: Եթե ես ինձ այսպես լավ զգայի, երբեք չէի մտածի նիհարելու մասին: Կարեւորը ինքնավստահությունն է՝ ցանկացած պարագայում»:

Իր հերոսուհու հետ շատ նմանություններ Իրինան, սակայն, չի տեսնում.

«Անուշիկը շատ միամիտ կերպար է՝ կոմպլեքսավորված… Ես այդպիսին չեմ: Մենք կյանքի հանդեպ տարբեր հայացքներ ունենք: Նրան կերտելու համար կոնկրետ կերպարային փոփոխության չեմ ենթարկվել, պարզապես աշխատում եմ հնարավորինս լայն հագուստ կրել, որ ավելի լավ մտնեմ Անուշիկի կերպարի մեջ»:

Էլ ի՞նչ նկարահանումներ առանց զավեշտալի դեպքերի: Իրինան առանձնացրեց դրանցից մեկը, որը չնայած կարող էր ողբերգական հետեւանքներ ունենալ, սակայն բարեբախտաբար ավարտվել է ծիծաղով.

«Տեսարան կար, որտեղ վազքուղու վրա վազելու ընթացքում պետք է ընկնեի, ու հենց առաջին փորձի ժամանակ մոռացել էի` որ պաhին պետք է ընկնեմ. պատահական հիշեցի, ասացի. «վայ, մոռացել էի, որ պետք ա ընկնեմ, նորից անենք», ու հենց այդ պահին ձեռքերս բաց թողեցի եւ շատ ուժեղ ընկա՝ երեսով դեպի վազքուղին (ծիծաղում է): Իհարկե, շատ վտանգավոր հարված էր, բայց այդ պահին բոլորիս համար զավեշտալի էր»:

Հեռուստասերիալում Իրինայի հիմնական խաղընկերը Բեն Ավետիսյանն է, որը ֆիլմում մարմնավորում է Միկային: Դերասանուհուց նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչպիսի խաղընկեր է Բենն իր համար:

«Միասին նկարահանվել ենք նաեւ «Երանի» սերիալում, բայց այնտեղ մեր կերպարները շատ ընդհանուր գծեր չեն ունեցել. Բենի հետ խաղալը շատ հեշտ է, քանի որ նախ՝ նա շատ պրոֆեսիոնալ է աշխատում ու ես ինքս, չունենալով դերասանական կրթություն, շատ բաներ ունեմ նրանից սովորելու: Բացի այդ՝ Բենը թեթեւություն է մտցնում մեր խաղի մեջ: Շատ են լինում դեպքեր, որ խաղի ընթացքում նա հանկարծ այնպիսի բան է ասում, որ մի քանի րոպե ծիծաղից ուշքի չեմ գալիս: Ինձ շատ հաճելի է նրա հետ աշխատելը»,-եզրափակեց դերասանուհին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Իրինա Այվազյանի եւ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի Facebook-ի էջերից



© NEWS.am STYLE