Մեղսավոր շոպահոլիկ. ռուս քահանան «պատասխան կտա» Gucci-ի համար

17:12   11 դեկտեմբերի, 2018

Ռուս ուղղափառ եկեղեցին քննության առարկա կդարձնի ավագ քահանա Վյաչեսլավ Բասկակովի գործողություններն ու հրապարակումներն Instagram-ում։ Վերջինս սոցիալական ցանցում Gucci եւ Louis Vuitton ապրանքանիշների աքսեսուարների լուսանկարներ է հրապարակել։ Այս մասին հայտնել է թեմի մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Վոլկովը։

Քահանան պետք է բացատրագիր գրի, որը կդիտարկի թեմի կարգապահական հանձնաժողովը եւ կորոշի՝ ինչպես պատժել Բասկակովին։ Մամուլի քարտուղարը հույս է հյատնել, որ հանձնաժողովի անդամները «խոսքեր կգտնեն»՝ Բասկակովին «խելքի բերելու համար», որպեսզի նման բան չկրկնվի։  

Ավագ քահանան փորձել է բացատրել իր պահվածքը։ Նա «Ахилла» կայքում հուզիչ նամակ է գրել՝ ներողություն խնդրելով բոլորից, ում նեղացրել է։ «Ես շատ եմ ամաչում, եւ կկրեմ ամբողջ պատասխանատվությունը։ Ես կապաշխարեմ, կփակեմ Instagram-ի էջը, եթե չեմ կարողանում ինձ համեստ եւ ադեկվատ դրսեւորել»,- գրել է նա։ Քահանան խոստովանել է, որ լուսանկարներն ինքն է արել, բայց ոչ բոլոր իրերն են իրեն պատկանում. լուսանկարների մի մասն արվել է խանութում։

«Ոչ մի քահանայի գրպանի պարունակությունը չի բավականացնի՝ դա գնելու համար։ Եվ իմաստ չկա։ Հիմա ես այդպիսի լուսանկարները հիմար, երեխայական, նույնիսկ մեղսավոր եմ համարում։ Իսկ այդ օրերին սոցիալական ցանցի ֆորմատն էր՝ տեղադրել այն, ինչ դուր է գալիս եւ մեղսավոր չէ։ Ինձ զգուշացնում էին, բայց ես պայքարում էի այդ «ազատության» համար»,- գրել է Բասկակովը։

  

Աղբյուրը՝ Moscow Times

Լուսանկարները՝ Instagram 



© NEWS.am STYLE