Լավ մոռացված հինը. «Արագություն»

20:36   12 դեկտեմբերի, 2018

Մարտաֆիլմերի սիրահարների համար լավագույն ժամանակները չեն. բացառությամբ հազվադեպ ֆիլմերի՝ մեծ էկրաններին գրեթե չկան արժեքավոր ֆիլմեր։ Առաջարկում եմ հիշել՝ ինչ գլուխգործոցներ են նկարահանվել անցյալում այս ժանրում։

News.am STYLE-ն առաջարկում է 1994թ.-ին նկարահանված «Արագություն» մարտաֆիլմը։

Ֆիլմի ռեժիսորը Յան դե Բոնտն է, իսկ գլխավոր դերակատարներին ընտրելու համար հարկավոր էր ջանքեր գործադրել։ Կին գլխավոր հերոսուհու դերակատարին բավական արագ ընտրեցին. գլխավոր կերպարին մարմնավորեց այդ տարիներին ոչ այնքան հայտնի Սանդրա Բուլոկը։ Իսկ տղամարդ գլխավոր հերոսին գտան երկարատեւ «տանջանքներից» հետո։

Սթիվեն Բոլդուին, Ուիլյամ Բոլդուին, Ջոնի Դեպ, Բրյուս Ուիլլիս, Թոմ Քրուզ, Ջեֆ Բրիջես եւ Թոմ Հենքս… այս դերասանները մերժել են ֆիլմում նկարահանվելու առաջարկը։ Իրավիճակը փրկեց Կիանու Ռիվզը։

Սյուժեն իսկապես հետաքրքիր է. հատուկ ծառայությունների աշխատակից Ջեք Թրեւենը, ում մարմնավորում է Կիանու Ռիվզը, իմանում է, որ քաղաքային ավտոբուսներից մեկի մեջ ռումբ է տեղադրված։ Եթե ավտոբուսի արագությունը գերազանցի 50կմ/ժամը, ռումբը կպայթի։ Կպայթի նաեւ, եթե ավտոբուսը կանգ առնի։ Ջեքը նետվում է ավտոբուսի մեջ, ուր ուղեւորներից մեկը՝ Էնի Փորթերը, ում կերպարը մարմնավորում է Սանդրա Բուլոկը, վարորդի հետ դժբախտ պատահարի հետեւանքով ստիպված է լինում նստել մեքենայի ղեկին։  «Արագություն»-ը ժանրի դասական ֆիլմ է։ Այն ունի ամեն ինչ՝ հանդիսատեսին իրադարձություններին ներգրավվելու համար։

Մինչ ֆիլմի ավարտն այդպես էլ հասկանալի չէ՝ ինչպես է հերոսներին հաջողվում դուրս գալ իրավիճակից։

Կիանու եւ Սանդրա տանդեմը զարդարում է ֆիլմը. նրանց երկխոսություններն ու գործողությունները ոչ ոքի անտարբեր չեն թողնի։ Զույգի հնարամարությունը զարմացնում է, զարմացնում է՝ ինչպես են հերոսներն ապրումներ ունենում անհաջողությունների պատճառով եւ ուրախանում, երբ ծրագիրն աշխատում է։

Ֆիլմը սկզբից մինչեւ վերջ լարվածության մեջ է պահում դիտողին, ինչին նպաստում է նաեւ սաունդթրեքը։ Մինչ այժմ հիշում եմ տեսարանը, որում Ջեքը հայտնվում է ընթացքի մեջ գտնվող ավտոբուսի ներքեւի հատվածում։ Ազդեցիկ, լարված տեսարան։

30 մլն. բյուջեով ֆիլմը վարձույթում 350.448.145 դոլար է վաստակել, ինչն այդ ժամանակների համար աստղաբաշխական գումար է։ Ֆիլմը տեխնիկական աշխատանքի համար 2 «Օսկարի» է արժանացել։

Հենց այս ֆիլմից հետո Կիանու Ռիվզի եւ Սանդրա Բուլոկի կարիերան աճ գրանցեց։

Ֆիլմը, միանշանակ, ձեր ազատ ժամանակը կլցնի լարված պատմությամբ, իսկ գործողությունները կլրացնեն սաունդթրեքը եւ հրաշալի դերասանական խաղը։

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE