Միասին պատրաստում ենք պասուց տոլմա

13:12   15 դեկտեմբերի, 2018

NEWS.am STYLE-ը շարունակում է առաջարկել հայկական ավանդական ուտեստների դասական բաղադրատոմսերը։ Յուրաքանչյուր տան տիկին ամեն մի ուտեստ իր ձեւով է պատրաստում, սակայն, եթե առաջին անգամ եք փորձելու կամ չգիտեք պասուց տոլմայի դասական բաղադրատոմսը, ապա այս նյութը հենց Ձեզ համար է։

Պասուց տոլման հայկական խոհանոցի ավանդական ճաշատեսակներից է: Շատ պրակտիկ կերակրատեսակ, որը սառնարանում պահվում է բավականին երկար ժամանակ, ինչից էլ չի կորցնում համը, այլեւ ավելի համեղ է դառնում:

Այդ իսկ պատճառով, այն կարելի է պատրաստել նախապես, կամ օգտագործել տոնական մի քանի օրերի կամ պահքի ընթացքում:

Բաղադրատոմսը՝

թթու կամ թարմ կաղամբի բարակ թերթեր

1 բաժակ մանրացված սիսեռ

1 բաժակ ոսպ

1 բաժակ կարմիր լոբի

1 բաժակ բլղուր

սոխ

տոմատի մածուկ

աղ, պղպեղ, համեմունքներ

թթու սալոր (պարտադիր չէ, բայց ցանկալի է)

Պատրաստման եղանակը՝

Թթու կաղամբի թերթիկները նախապես թրջել սառը ջրում: Բլղուրից բացի, ամբողջ ընդեղենը թրջել նախորդ գիշեր: Միայն հաջորդ օրը խաշել մինչև պատրաստ լինելը: Բոլոր բաղադրիչները խառնել: Ավելացնել տոմատի մածուկով տապակած սոխը, աղը, համեմունքները: Լավ խառնել: Խճողակը դնել թերթերի մեջ եւ փաթաթել: Պասուց տոլմա պետք է խոշոր լինի: Շարել կաթսայում, ըստ ցանկության կարելի է ավելացնել թթու սալոր: Վրան լցնել տոմատի մածուկով բացած ջուր: Մատուցել սառը վիճակում:



© NEWS.am STYLE