Ինչպես շատ արագ ազատվել սթրեսից

21:12   16 դեկտեմբերի, 2018

Զբոսանք

Երբ լարվածությունը հասնում է գագաթնակետին, մեզանից շատերը ձգտում են մեկուսանալ եւ որեւէ տեղ գնալ՝ օդափոխվելու: Եվ շատ ճիշտ ենք անում, քանի որ սթրեսը նվազագույնի հասցնելու ու շրջապատի վրա նեգատիվը չթափելու լավագույն լուծումը հենց թարմ օդին զբոսնելն է: Սթրեսը պետք է «օդափոխել»: 10 րոպե ինտենսիվ քայլք, ու մենք արդեն թեթեւացած կզգանք մեզ: Ուշագրավ է, որ բարենպաստ հակասթրեսային ազդեցություն է թողնում ոչ միայն քայլքը, այլեւ շուրջը կատարվող իրադարձություններին կողմնակի հայացքով հետեւելը: Ամերիկյան հոգեբանները պարզել են, որ աչքերի միապաղաղ շարժումը սինխրոնիզացնում է ուղեղի երկու կիսագնդերի աշխատանքը ու այդ ձեւով հարթում նյարդային համակարգի աշխատանքը:

Չամիչ

Եթե սթրեսի պատճառը ոչ թե կոնֆլիկտը, զգացմունքային ցնցումները կամ էլ բացասական մտքերն են,  այլ զուտ գերհոգնածությունը, ապա դրանից ազատվելու եւս մեկ հետաքրքիր միջոց կա՝ չամիչը: Կերեք մի բուռ չիր, ու դրանցում պարունակվող գլյուկոզան մեկ ակնթարթում ձեզ կվերադարձնի մտքի հստակությունն ու կվերացնի հոգնածությունը: Ի դեպ, անհանգիստ մտքերից ու տխրությունից ոչ միայն խաղողն է ազատում, այլեւ սեխը, չիչխանը, ինչպես նաեւ հատապտուղները:

Գրառումներ

Թուղթն, ինչպես  ասում են, ամեն ինչին կդիմանա՝ եթե ընկերների կամ էլ հոգեվերլուծաբանների առաջ հրապարակային խոստովանությունը ձեր սրտով չէ, օրագիր պահելը լավագույն այլընտրանքն է: Նախ՝ դա մտքերը կարգի բերելու հրաշալի միջոց է, երկրորդ՝ օրագիրը թույլ է տալիս ավելի լավ գիտակցել կատարվածը, իրավիճակին մի տեսակ կողքից նայել, երրորդ՝ գրելով այն մասին, թե ինչն է առաջացնում մեր վրդովմունքը, մենք ամբողջ բացասական էներգիան թղթին ենք հանձնում ու ազատվում սթրեսից:

Ջուր

Ջուրը միշտ մեր օրգանիզմի վրա բուժիչ ներգործություն է թողնում՝ հանգստացնելով, մաքրելով ամբողջ բացասական էներգիան: Լարվածությունը թոթափելու համար հարմար են ջրային պրոցեդուրաների բոլոր ձեւերը՝ թե լիցքաթափող լոգանքը, թե լողավազանում լողալը, թե կոնտրաստային ցնցուղը, որը ինչպես գիտեք բուժում է ամեն ինչից՝ այդ թվում սթրեսից: Այս բուժակարգը սուր զգացողությունների հաշվին հանում է լարվածությունը: Սառը ջրից  արյան մեջ էնդորֆիններ են արտազատվում, որոնք ժողովուրդը ուրախության հորմոն է անվանում: Նման պրոցեդուրայից հետո ոչ թե պարզապես տրամադրությունն է լավանում, այլ ամբողջ օրգանիզմը մոբիլիզացվում է, զգացվում է էներգիայի ներհոսք, ասես մենք նորից ծնված լինենք:

Աղբյուր՝ Elle



© NEWS.am STYLE