Մեծ անակնկալ. ԱՄՆ-ում բնակվող հայուհին հանդիպել է հայտնի սերիալի հերոսուհուն

15:48   13 դեկտեմբերի, 2018

ԱՄՆ-ում բնակվող Սյուզի Անտոնյանն իր ծննդյան 23-րդ տարեդարձը կհիշի ամբողջ կյանքում։ Աղջկա ընկերը հանդիպում է կազմակերպել Քորթնի Քոքսի հետ, ով «Ընկերները» սերիալում մարմնավորել է Մոնիկայի կերպարը։ Աղջիկը պաշտում է այդ սերիալը եւ դիտում ամեն օր։

YouTube-ում հայտնի Դեւիդ Դոբրիկը Սյուզիին հրավիրել է Մալիբուում գտնվող առանձնատուն, որն, ինչպես հետագայում պարզվեց, պատկանում է սերիալի 54-ամյա աստղ Քորթնի Քոքսին։ Տղան տեսանկարահանել է անակնկալը եւ հրապարակել YouTube-ում։

Սյուզին, ով ոչինչ չի կասկածել, մտել է «Ընկերներ» գրությամբ առանձնատուն, ուր շրջելուց հետո ընկերները նրան տարել են խոհանոց։ Աղջկան տորթ են հյուրասիրել, որը պատրաստված էր սերիալի թեմատիկայով, ապա խնդրել են փակել աչքերն ու երազանք պահել։

Եվ երբ նա պատրաստվում էր փչել մոմերը, Քորթնին մոտցել է նրան ու ասել՝ «Շնորհավոր ծնունդդ, Սյուզի»։ «Սպասեք, ո՛չ, ինձ չի կարելի արտասվել, քանի որ դիմահարադարումս կփչանա։ Սպասեք, սպասեք, սպասեք։ Աստված իմ։ Ես սիրում եմ քեզ»,- բացականչել է Սյուզին։

Նա լուսանկար է հրապարակել Քորթնիի եւ Դեւիդի հետ՝ իր հետեւորդներին պատմելով, որ սա իր լավագույն ծննդյան օրն էր։



© NEWS.am STYLE