Այսօր կկայանա Շուշաննա Թովմասյանի, Լուիզա Ներսիսյանի, Անդոյի, Ռաֆոյի եւ այլ հայտնիների մասնակցությամբ «Ձյունանուշ» ֆիլմի պրեմիերան

17:07   13 դեկտեմբերի, 2018

«Մոսկվա» կինոթատրոնում այսօր` դեկտեմբերի 13-ին, կկայանա «Ձյունանուշ» մանկական արկածային ֆիլմի առաջին ցուցադրությունը:

Մանուկներն արդեն վաղվանից մեծ էկրաններին կարող են վայելել ամանորյա հրաշքի մասին պատմող այս ֆիլմը, որի գլխավոր խրատն այն է, որ Ամանորին միշտ պետք է լինել ուրախ եւ երջանիկ եւ չդադարել հավատալ հրաշքներին:

«Ցանկացանք ստեղծել մի ֆիլմ, որտեղ կլինեն փոքրիկ հերոսներ ու գործողությունները հենց նրանց հետ կլինեն կապված: Ֆիլմի նկարահանումները սկսել ենք անցած տարի` ձմռանը, ամբողջ ընթացքը տեւել է մեկ տարի»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ֆիլմի ռեժիսոր Արմեն Սիմոնյանը` հավելելով, որ առանձնահատուկ պատասխանավությամբ են աշխատել ֆիլմի ստեղծման շուրջ, քանի որ հիմնական հանդիստասեը հենց մանուկներն են լինելու:

Ֆիլմի գլխավոր հերոսուհուն` Ձյունանուշին, մարմնավորում է Շուշաննա Թովմասյանը: Սա դերասանուհու մասնակցությամբ առաջին գեղարվեստական ֆիլմն է, ինչը կրկնապատկում է նրա հուզմունքը. «Կարծում եմ` Ամանորին ընդառաջ սա հետաքրքիր նվեր կլինի փոքրիկներին: Ամբողջ կազմն առավելագույնս իր ուժերը փորձել է ներդնել այս աշխատանքի մեջ, որպեսզի ստանա լավ արդյունք: Ոչինչ չենք խնայել, ու այսօր կարծում եմ` բոլորիս համար տոն է:

Ինձ համար մասնավորապես, որովհետեւ սա առաջին գեղարվեստական ֆիլմն է, որում ես նկարահանվեցի: Կսպասենք արձագանքներին, որոնք հուսով եմ` դրական կլինեն, եւ դա կոգեշնչի հետագայում էլ փոքրիկների համար նման ֆիլմեր ստեղծել, ինչի բացթողումը, կարծում եմ, մեր կինոինդուստրիայում կա: Իսկ երեխաներին պետք է աչքաթող չանել եւ նրանց համար նախատեսված ֆիլմերը պետք է շատ լինեն»,- նշեց դերասանուհին:

Նրա հետ այս առումով համակարծիք է նաեւ Լուիզա Ներսիսյանը, որը եւս նկարահանվել է ֆիլմում: Նրա խոսքով` ի տարբերություն իր հերոսուհու` ինքը հավատում է ամանորյա հրաշքներին: «Ընդհանրապես մեր իրականության մեջ երեխաների համար աշխատանքները շատ չեն, ինչը ցավալի է: Ես շատ ոգեւորվեցի, երբ ստացա այս առաջարկը: Սա մանկական ֆիլմ է, որը նաեւ ուսուցողական բնույթ ունի: Շատ կարեւոր է, որ երկար տարիներ քո մեջ լինի այդ հեքիաթը, մանկությունց հեքիաթը խլելն իմ կարծիքով արդար չէ: Մենք` մեծերս, ավելի շատ մեզ վրա ենք կենտրոնացած, լավ կլինի, որ մանուկներին անդրադարձ ավելի շատ լինի»,- նշեց դերասանուհին:

«Ձյունանուշ» ֆիլմում հանդիսատեը կտեսնի տարբեր հեքիաթային կերպարների: Գլխավոր դերերում փոքրիկ հերոսներն են, որոնց մարմնավորել են Էլեն Կարապետյանը, Ալեքսանդր Մանուկյանն ու Անահիտ Այվազյանը: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Ռաֆայել Երանոսյանը Անդրանիկ Հարությունյանը, Լեւոն Հարությունյանը, Հովակ Գալոյանը, Արտաշես Մխիթարյանը եւ այլք:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE