NEWS.am STYLE-ի հետաքննությունը. պլյուս չափսի կանանց համար երեկոյան զգեստի փնտրտուք

18:27   9 հունիսի, 2013

Յուրաքանչյուր աղջիկ ցանկանում է անկրկնելի տեսք ունի: Հատկապես այն օրերին, երբ հրավիրված է կարեւոր միջոցառման: Այդ դեպքում երեկոյան հարդարանքի պարագաների ընտրությունը կարեւորագույն խնդիր է դառնում: Զգեստի ընտրությունը դժվարանում է, եթե կազմվածքը հեռու է կատարյալից: Իրավիճակը բարդացնում է նաեւ այն, որ պլյուս չափսի զգեստի փնտրտուքը երբեմն ապարդյուն է լինում:

Ի՞նչ անել նման իրավիճակում: Ինչպե՞ս մեծ չափսի ճիշտ երեկոյան զգեստ ընտրել, որով կարելի է գեղեցիկ տեսք ունենալ:

Ճիշտ ընտրված պլյուս չափսի զգեստը կարող է ընդգծել կազմվածքի առավելությունները, եթե հաշվի առնել մի քանի կանոն:

Նախ որոշեք ձեր մարմնի կառուցվածքի տեսակը: Փարթամ կազմվածքով կանանց եւ աղջիկների համար ամենից կարեւորը կազմվածքի թերություններն ու առավելությունները գիտակցելն է: Եթե ձեր մարմնի կառուցվածքը տանձանման է, ապա պետք է ընտրել զգեստներ, որոնք ավելորդ ծավալ չեն հաղորդի մարմնի ներքեւի հատվածին: Նման դեպքերում հրաշալի տարբերակ են ազատ եզրերով, չափավոր կտրվածքով զգեստները: Դրանցում դուք կարող եք դյուրությամբ շարժվել, գոտկատեղի ավելորդ ծալքերն այդքան նկատելի չեն լինի եւ, ամենակարեւորը, նման զգեստով ձեզ անկաշկանդ կզգաք: Հարցն այն է, որ ծածկելով մարմնի ներքեւի հատվածը, դուք ուշադրություն կհրավիրեք ձեր բարեմասնությունների վրա, այս դեպքում՝ ուսերի եւ կրծքի: Այդ պատճառով կրծքի կամ թիկունքի հատվածում ոչ մեծ կտրվածքը միանգամայն տեղին կլինեն:

Եթե ձեր կազմվածքը խնձորի տեսք ունի, ապա ավելի լավ է խուսափել բաց ուսերով կամ խորը դեկոլտեով զգեստներից: Դուրս ընկնող կուրծքը կամ մեջքին ծալքերն այնքան էլ նրբագեղ տեսք չունեն: Նման դեպքերում պետք է ծածկել մարմնի վերեւի հատվածը՝ շեշտադրելով ոտքերը: Նման կազմվածքով շատ կանայք բավական սլացիկ ոտքեր ունեն, ինչն անպայման պետք է ընդգծել: Եթե գոտկատեղի հատվածն այնքան էլ մեծ չէ, ապա գեղեցիկ կդիտվեն մետաքսե գոտիները հագուստի մեջտեղում կամ կրծքից փոքր-ինչ ներքեւ, որոնք ուշադրությունը կշեղեն խնդրահարույց հատվածներից: Իսկ մինչեւ ծնկները հասնող զգեստը ձեզ ավելի սլացիկ եւ բարձրահասակ կդարձնի:

Պլյուս չափսի զգեստ ընտրելիս պակաս կարեւոր դեր չունեն նաեւ դրա գույնն ու գործվածքը: Ազատ եւ հոսուն կտորներն ավելի հարմար են փարթամ կազմվածքի համար: Մտածեք նաեւ նուրբ կերպասի կամ մետաքսի մասին: Խուսափեք կոպիտ եւ բրդյա գործվածքներից. դրանք ավելորդ ծավալ են հաղորդում կառուցվածքին: Ընտրեք ավելի մուգ գույներ՝ սեւի, շագանակագույնի, պողպատի երանգներ: Իսկ եթե չեք կարող ապրել առանց վառ գույների, ապա ընտրություն կատարեք մանուշակագույնի, շափյուղայի եւ նռնագույնի մուգ երանգների միջեւ: Ոչ մի դեպքում մի հագեք խոշոր նկարներով կամ երկրաչափական նախշերով զգեստներ:

Որտե՞ղ փնտրել պլյուս չափսի զգեստներ: Խանութներում եւ տոնավաճառներում վաճառվող հագուստի մեծ մասը ստանդարտ կազմվածքի համար է: Իսկ դիզայներական խանութներում, ցավոք, ամենամեծ չափսերը տատանվում են 40-ի եւ 46-ի միջեւ: Շատ հազվադեպ կարելի է գտնել նաեւ 56-58 չափսեր: Նման պատկեր է նաեւ Երեւանում: Նույնիսկ, այսպես կոչված, XXL խանութներում երեկոյան զգեստի ընտրություն գրեթե չկա, ներկայացված են ընդամենը 3 կամ 4 մոդելներ: Բայց պետք չէ հուսահատվել: Հարկավոր է այլընտրանքային լուծումներ գտնել:

Այս դեպքում կարող են օգնության հասնել փորձառու դերձակները: Միեւնույն է, ոչ ստանդարտ կազմվածքով մարդիկ դժվարությամբ են խանութում ինչ-որ բան ընտրում, եւ սովորաբար գնումից հետո ստիպված են լինում վերափոխել հագուստը: Այդ պատճառով կարելի է դուր եկած զգեստը կարել դերձակի մոտ: Արհեստանոցում զգեստ կարելն արժե 30.000 եւ ավելի դրամ՝ կախված կտորից եւ ձեւի բարդությունից:

Գոյություն ունի նաեւ զգեստ ընտրելու այլ միջոց, որ շատ տարածված է Արեւմուտքում. հագուստի ինտերնետ-խանութները: Մենք հետազոտություն անցկացրեցինք եւ նորաձեւ հագուստի կայքերում ամենատարբեր չափսերի երեկոյան զգեստների մեծ ընտրանի գտանք: Դրանց գները տատանվում են 25-ից 50 դոլարի սահմաններում: Շատ ինտերնետ-խանութներ սկսել են հագուստ առաքել նաեւ Հայաստան: Այդ դեպքում ինչո՞ւ չօգտվել գնումներ կատարելու այդ միջոցից:

Զգեստի ճիշտ ընտրության դեպքում կարելի է հասնել կատարյալ արդյունքների: Այն ոչ միայն ձեզ երեկոյի թագուհի կդարձնի, այլեւ կբարձրացնի ինքնագնահատականը:

Կարինե Աբրահամյան



© NEWS.am STYLE