Անուններ. Այրիս Վան Հերփեն

14:03   18 դեկտեմբերի, 2018

Նիդեռլանդացի դիզայներ Այրիս Վան Հերփենին կարելի անվանել ապագայի երազատես, ֆուտուրիստ: Որովհետեւ գիտաֆանտաստիկ, ֆենտեզի կինոնկարներից այլմոլորակայինների հանդերձանքը պետք է ստեղծի հենց Այրիս Վան Հերփենը:

Այսօր նա Design & Science ուղղության ֆրոնթվումենն է, 3D տպագրության օգտագործմամբ կուտյուրային հավաքածուի առաջին ստեղծողը: Այրիս Վան Հերփենն իր աշխատանքում փոխ է առնում գիտնականների՝ քիմիկոսների, կենսաբանների, ֆիզիկոսների գաղափարները: Նրա զգեստների արտասովոր ձեւերը գտնվում են աշխարհների սահմանին, գիտակցության սահմանին, քանի որ դրանցում կարող են հաշտ համագոյակցել մետաքսը մետաղի հետ, կաշին եւ պլեկսիգլասը (օրգանական ապակին): Զուր չէ, որ նրա Lucid Dreams-ը նվիրված է գիտակցված երազատեսությանը՝ սահմանային վիճակ, որում մարդը հասկանում է, որ ինքը երազում չէ եւ կարող է գիտակցությունը մասամբ կառավարել:

Սակայն դիզայների օրակարգը, թվում է, միայն վերացականությունը, հավերժականը կամ անիմանալին չէ: Փարիզի Հանքագիտության թանգարանում ցուցադրության ժամանակ Այրիս Վան Հերփենը փորձել է ուսումնասիրել կնոջ տարերքը, եւ այս հավաքածուն ստացվել է ոչ այնքան էքսցենտրիկ, որքան շատ հզոր, որը ցուցադրում է բնության եւ տեխնոլոգիաների միաձուլումը:

Նուրբ, կառուցվածքային, սյուրռեալիստական կերպարները տեղափոխվում են հավաքածուից հավաքածու՝ չինքնաոչնչանալով, քանի որ դիզայներն անվերջանալի կապ է տեսնում ձեւի, այդ թվում՝ ներքին, եւ բովանդակության միջեւ:

Այրիսի ոչ միայն հագուստը, այլ նաեւ կոշիկը ամենաիսկական արտ-օբյեկտ է: Այս պատճառով դիզայների պատրաստած իրերը սիրում են կրել յուրօրինակ եւ դժվարըմբռնելի անհատները՝ Բյորկը, Լեդի Գագան, Քեյթ Բլանշետը…

Այրիս Վան Հերփենն ասես շարունակում է Ալեքսանդր ՄաքԿուինի հոգեւոր, մենթալ եւ գեղագիտական ժառանգությունը, որի պատրաստած յուրաքանչյուր իրը բարձր արվեստ է: Ի դեպ, Այրիսը ստաժավորում է անցել հենց ՄաքԿուինի մոտ՝ մինչ օրս նշելով, որ հենց նա է իրեն սովորեցրել համբերատարությունն ու այն բանի գիտակցումը, թե ինչ է գործը եւ ծանր աշխատանքը:

Սակայն, եթե ՄաքԿուինը դերձակից է գնացել Haute Couture-ի գործերին, ապա Վան Հերփենը հակառակ ծայրից է սկսել, որը դիզայներին այնքան էլ հատուկ ճանապարհ չէ, իսկ կոնկրետ՝ նախ կուտյուրային հագուստ ստեղծելով, իսկ հետո արդեն՝ pret-a-porte:

Այրիս Վան Հերփենի ընկալմամբ՝ նորաձեւությունը, ինչպես եւ գիտությունը, փոխում է ոչ միայն մարդուն, այլեւ նրա շուրջ եղած տարածությունը, աշխարհը: Եվ միավորելով, թվում է, անհամատեղելի ձեւերն ու նյութերը՝ դիզայները փորձարկում եւ գտնում է առավել լավ լուծումը: Սա այն բանի տրամաբանական հետեւանքն է, որ նրա աշխատանքները ներկայացվում են որպես ցուցադրանմուշներ, օրինակ, Գրոնինգենի թանգարանում:



Անի Մովսիսյան

Լուսանկարների աղբյուրը՝ www.irisvanherpen.com



© NEWS.am STYLE