«Սպիտակ» ֆիլմն «Օսկարի» չի արժանանա

18:57   18 դեկտեմբերի, 2018

Ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը, որը պատմում է 1988թ.-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին, չի հայտնվել ԱՄՆ կինոարվեստի եւ գիտության ակադեմիայի մրցանակաբաշխության հավակնորդների կարճ ցանկում։

Ֆիլմը պատմում է Հայաստանի պատմության ընթացքում գրանցված ամենամեծ երկրաշարժի եւ Գոռ անունով տղամարդու մասին, ով ողբերգական իրադարձությունից հետո վերադառնում է Հայաստան՝ ընտանիքին գտնելու նպատակով։

«Սպիտակ» ֆիլմն արժանացել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցանակին ռեժիսուրայի համար։ Տորոնտոյում կայացած Pomegranate կինոփառատոնի ընթացքում ֆիլմը երկու մրցանակի է արժանացել՝ հանդիսատեսի համակրանք եւ գրան պրի։

Ֆիլմի սաունդթրեքի հեղինակը հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի հիմնադիր եւ մենակատար Սերժ Թանկյանն է։

Ինչպես հայտնել են «Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները, հավակնորդների կարճ ցանկում «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում հայտնվել է 9 ֆիլմ։ Բայց փորձագետների կարծիքով՝ այս անվանակարգում գլխավոր հավակնորդը Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմն է։



© NEWS.am STYLE