BBC-ն վավերագրական ֆիլմ է նկարահանել Քանյե Ուեսթի մասին

13:19   19 դեկտեմբերի, 2018

BBC Three հեռուստաընկերությունը եւ լրագրող Բեն Զանդը 37 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմ են նկարահանել Քանյե Ուեսթի մասին։ Այն ստացել է «Searching for Kanye West» անվանումը՝ Քանյե Ուեսթին որոնելիս։ Զանդի խոսքերով՝ ֆիլմը 21-րդ դարի ամենահակասական եւ ազդեցիկ արտիստներից մեկի թարմ ու անկեղծ դիմանկարն է, որը նկարահանվել է նրա կյանքի բեկումնային պահին։ Ֆիլմում ներառված են նաեւ հարցազրույցներ մարդկանց հետ, ովքեր լավ են ճանաչում Քանյեին՝ թմբկահար Թոնի Ուիլիամս, ռեփեր GLC եւ այլք։

Քիմ Քարդաշյանի ամուսինը միանշանակ ընկալվող կերպար չէ։ Քննադատները բազմաթիվ անգամներ նրան անվանել են 21-րդ դարի ամենահզոր արտիստներից մեկը։ Ամերիկացի ռեփերը, ով կարողացել է մի քանի տարվա ընթացքում 6 ալբոմ թողարկել, ինչպես նաեւ «Գրեմմի» 14 արձանիկի արժանանալ, իսկապես արժանի է հարգանքի եւ հիացմունքի։   

Ուեսթը հայտնի է նաեւ արարողությունների ընթացքում եւ սոցիալական մեդիայում կտրուկ եւ ուղիղ արտահայտություններով, ինչը հաճախ հանգեցնում է սկանդալների։ Մրցանակաբաշխություններից մեկի ընթացքում նա բեմ դուրս եկավ եւ ընդհատեց Թեյլոր Սվիֆթի խոսքը, ով մրցանակ էր ստացել «Տարվա լավագույն կանացի տեսահոլովակ» անվանակարգում։ Նա հայտարարել էր, որ ուրախ է Սվիֆթի համար եւ նրան խոսքն ավարտելու հնարավորություն կտա, սակայն Բեյոնսեի տեսահոլովակներրը լավագույնն են մեր ժամանակներում։

Աղբյուրը՝ NME



© NEWS.am STYLE