Պուտինը կոչ է արել չարգելել ռեփերների համերգները եւ գովել է Թիմաթիին

16:18   20 դեկտեմբերի, 2018

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ռեփերների, այդ թվում Էլջեյի եւ Խասկիի համերգների չեղարկմանը։ Ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում պետության ղեկավարը հայտարարել է, որ ռեփն իր համար օտար թեման չէ եւ հիշեցրել է, որ նախընտրական ծրագրի ընթացքում հայտնի ռեփեր Թիմուր Յունուսովն իր վստահված անձն է եղել։

«Թիմաթին հրաշալի մարդ է եւ արտիստ»,- հավելել է քաղաքական գործիչը։

Անդրադառնալով մյուս երաժիշտներին, ովքեր հանդես են գալիս այս ժանրում, ՌԴ առաջնորդը համաձայնել է, որ «արգելելու» քաղաքականությունը չի կարելի կիրառել։ Նա նշել է, որ «երիտասարդական մշակույթի» դեպքում  նման գործողություններն արդյունավետ չեն։ Միեւնույն ժամանակ, Պուտինն ասել է, որ ամեն բան ինքնահոսի թողնել եւս պետք չէ։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում ամենուր չեղարկվում են հայտնի կատարողների համերգները։ Հատուկ ծառայության աշխատակիցներն ու պատգամավորները դա բացատրում են տեքստերում հայհոյանքների առկայությամբ։ Նրանք դիմել են Պետդումա՝ պարզելու համար համերգների չեղարկման իրավաչափությունը եւ քննարկելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ՌԴ օրենսդրության դրույթները, որոնք վերաբերում են համերգների ընթացքում անվայել բառապաշարի օգտագործմանը։

Աղբյուր եւ լուսանկարներ՝ Beztabu, Meduza



© NEWS.am STYLE