Match&Go. Ամանորյա գիշերը ձեզ ամեն ինչ կարելի է

13:34   22 դեկտեմբերի, 2018

Match&Go (բառացիորեն՝ «Համադրիր եւ գնա») խորագրի շրջանակում մենք կփորձենք ներկայացնել զգեստապահարանի այս կամ այն տարրը, որը չպարտադրելով, բայց միանգամայն ակնհայտորեն կարող է դառնալ սեզոնի հիթը: Նաեւ կառաջարկենք՝ կարդիգանն ինչի՞ հետ հագնել կարեւոր հարցի պատասխանները:

Հաշված օրեր են մնացել մինչեւ տարվա գլխավոր երեկույթը: Մենք վստահ ենք, որ երեկոյի գլխավոր ինֆլյուենսերը սեփական տրամադրությունն է, որը հաստատապես կբարձրանա ամանորյա բարձրակարգ կերպար ընտրելու դեպքում: Առաջարկում ենք 6 տարբերակ՝ հաշվարկված ցանկացած զգեստապահարանի, դրամապանակի եւ ազատ ժամանակի համար: Ինչպես նաեւ՝ «ծնողներիս հետ կդիմավորեմ եւ ձեզ էլ կհանդիպեմ», կամ ամանորյա հաղորդումը ընտանիքով դիտելու տարբերակների համար:

Սեւ զգեստ

Ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ սա հիթ է: Բոլոր ժամանակներում, ցանկացած տիպի երեկույթի համար: Եվ մինչ Pantone-ն ընտրում է տարվա գույնը (որն, ի դեպ, նորաձեւության դեպքում հակադարձ արդյունք ունի, քանի որ այստեղ ավելի շուտ պոդիումն է երանգավորում թելադրում, քան բուն ընկերությունը), մինչ նորաձեւության պատմաբանները վիճում են այն հարցի շուրջ, թե ով է, ի վերջո, ստեղծել այդ փոքր սեւ զգեստը, դուք կարող եք համարձակորեն սեւն ընտրել:

Բալետի պարուհու տուփ-զգեստ՝ օրգանզայից, մետաքսից կամ վելվետից ագուցումներով: Դասական պատյան-զգեստ՝ լրացված զանգվածեղ ականջօղերով, ձիգ զուգագուլպայով, գլիտերով եւ կիսաճտքավորներով: Վառ աքսեսուար կամ ձեւվածքի յուրահատկություն (օրինակ՝ մեջքին խորը բացվածք). եւ կարող եք համարձակ ընդառաջ գնալ Ամանորին:

Գլխավոր պայմանն է՝ եթե սեւը չի ձանձրացրել:

Սմարթ քեժուալ

Ինտրովերտների համար հրաշալի տարբերակ է: Կատարյալ է պիժամաներով երեկույթը: Հանգստացող կերպար՝ այնպիսին, ինչպիսին ամեն օր: Տրիկոտաժ, բամբակ, վուշ, հարմար բրդյա սվիտեր: Սկանդինավյան մինիմալիզմ:

Կամ օվերսայզ, բնական գործվածքներ եւ բազմաշերտություն: Կարելի է անգամ գուլպայով հողաթափ…Մեկ վառ շտրիխը՝ պարկ-պայուսակի կամ մազակալի տեսքով, կլուծի ներքին տոնի խնդիրը: Իսկ մնացյալն անհեթեթություն է:

Գլխավոր պայմանն է՝ պայմանականությունների բացակայությունը:

Ռոմանտիզմ 

Ծավալուն թեւքեր, խորը բացվածք, այդ թվում՝ մեջքին, ժանյակ, մետաքս, ասեղնագործություն: Թեթեւ, անկշիռ զգեստ կամ կիսաշրջազգեստ, որը կարելի է հագնել ոչ միայն բաց բոկոտիկներով, այլեւ զանգվածեղ բոտիլյոնների կամ նույնիսկ թրեքինգային կոշիկի համադրությամբ:

Մազերն անփութորեն հավաքեք փնջով կամ փունջը հերակալով ամրացարեք կողքից: Ընտրեք սիրելի աքսեսուարները, ձեւափոխեք սանրվածքը. դիզայներները համարձակ «այո» են ասում փորձարկումներին՝ մինիմալիստականից, պարզամիտ ռոմանտիկայից մինչեւ գոթիկա եւ նույնիսկ քեմփ ոճի քիթչ:

Եթե սիրում եք երկարատեւ զբոսանքները, վերցրեք մեծ բրդյա սվիտեր: Ե՛վ արտակարգ է նայվում, ե՛ւ ստիպված չեք լինի հիվանդանալ: Որպես եւս մեկ տարբերակ՝ նման զգեստը կարելի է հագնել օվերսայզ կարդիգանով, մարզակոշիկով կամ բարձր պլատֆորմով չելսիով:

Գլխավոր պայմանն է՝ չմրսել:

Զգեստ՝ կերպասե, կուպրոյե, մետաքսե ուսակապերով

Երեկույթների համար նույնպես դասական է: Ընդ որում՝ ստանդարտ թվացող մոդելից կարելի է ստեղծել կերպարի մեծ թվով զանազան տարբերակներ:

Օրինակ՝ դասական տարբերակ է նավակ-կոշիկների կամ բոկոտիկների հետ հագնելը: Սվիտերի եւ բոկոտիկների հետ հագնելը: Ցանցավոր թեթեւ սվիտերի կամ երկար բաճկոնի եւ գործնականում կոշիկի ցանկացած տեսակի հետ՝ զանգվածեղ կիսաճտքավորներ, բոկոտիկններ, նավակ-կոշիկներ, մարզակոշիկներ: 

Գլխավոր պայմանն է՝ ոճի սեփական զգացողությունը:

Վինտաժ

Ողջամիտ գործածման հետեւորդները հազիվ թե համաձայնվեն հանդերձանք գնել մեկ գիշերվա համար՝ դրա մասին հաջորդ օրը մոռանալով, որովհետեւ այդ «զգեստն արդեն տեսել են նրա Ինսթագրամում»: Նման դրվածքի դեպքում օրակարգում է հայտնվում վինտաժը:

Ցավոք, Երեւանում արժանի խանութներ չկան, որտեղ ապրանքը տեսակավորված է ըստ վաճառողի այս կամ այն գեղագիտական նախասիրությունների: Մնում են առցանց տարբերակները կամ արշավանքը սեքընդ-հենդ՝ պաշարելով համբերություն եւ որսորդի հմտություններ. այնտեղ կարելի է ոսկե ձկնիկ որսալ, ուղղակի այն լավ թաքցված է:

Եթե ձեր երեկույթի ձեւաչափը նույնիսկ չի ենթադրում անցյալին հղումներ, շինծու թատերականությունը թեթեւակի կարոտախտի հետ միասին հաստատապես անպարտելի տարբերակ կդառնան: Ի դեպ, կարելի է կերպարը ստեղծել նաեւ նոր իրերով: Դիզայներները մեծապես հակված են անցած տասնօրյակներին անմիջական հղումներին՝ վերստին ու վերստին թողարկելով հին շղարշներով հավաքածուներ:

Գլխավոր պայմանն է՝ սերը անցյալի հիասքանչ դարաշրջանների հանդեպ:

Կոստյում կամ օվերսայզ բաճկոն

Ամեն անգամ կրկին զարմացնող դասական, որը հաստատապես նկատելի տարբերակ կլինի ամանորյա երեկույթներին: Ըստ կազմվածքի՝ վելվետե, թվիդե կոստյում: Խստաոճ եւ չափավոր սեքսուալ, առանց աղմկահարույց աքսեսուարների, ցածր պոչով կամ ձիգ մազափնջով՝ կապված վառ ժապավենով:

Կամ հակառակը՝ խաղացկուն, վառ տարբերակ, որը չափավոր դրես-կոդի դեպքում եւ զանգվածեղ աքսեսուարների բացակայությամբ մի քանի շաբաթ հետո տեղին կնայվի նաեւ գրասենյակում:

Օվերսայզ բաճկոնը միանգամայն կարող է զգեստ դառնալ՝ համադրվելով ժակարդե կամ փայլող բոտիլյոններով, իսկ գուցե եւ նավակ-կոշիկների դասական տարբերակով: Որպես տարբերակ՝ բաճկոնին հավելեք սեւ բարդ համադրությամբ կիսաշրջազգեստ եւ ձեզ զգացեք սիրելի «Ադամս ընտանիքը» ֆիլմի հերոսուհի:

Գլխավոր պայմանն է՝ դեռ չեն մտածել:

Անի Մովսիսյան

Լուսանկարների աղբյուրները՝ Cosstores.com, mango.com, 12storeez.com, uniquefabric.com, ushatava.com, thestonecoldfox.com, damoyantwerp.com, @otocyon, @forloveandlemons, @namelazz, @chaikastore



© NEWS.am STYLE