Իրինա Հարությունյանը՝ ռուսական շոու-բիզնես մտնելու ծրագրերի եւ առաջիկա քայլերի մասին

18:15   22 դեկտեմբերի, 2018

Երգչուհի Իրինա Հարությունյանի կարիերայում բուռն ստեղծագործական շրջան է: Հայուհին իր հստակ քայլերն է ձեռնարկում դեպի ռուսական շոու-բիզնես: 2019 թ-ին Իրինան երաժշտասերներին կներկայացնի իր ռուսալեզու ստեղծագործությունը, որը կոչվում է «Без тебя»: Հենց այս երգով էլ երգչուհին մտադիր է ազդարարել իր մուտքը ռուսական երաժշտաշուկայում:

«Երաժշտության հեղինակը ես եմ, իսկ խոսքերը հեղինակել է Աննա Հովները: Երգը հասանելի կլինի փետրվարի 14-ին, այն կհրապարակվի YouTube-ի իմ պաշտոնական էջում: Երգը կհնչի նաեւ Մոսկվայի ռադիոկայաններով: Հուսով եմ՝ այն կսիրվի»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց երգչուհին՝ տեղեկացնելով, որ առայժմ մտադիր չէ տեսահոլովակ ներկայացնել տվյալ ստեղծագործության հիման վրա:

Ինչ վերաբերում է 2018 թ-ին՝ Իրինան այս տարին իր համար այնքան էլ բեկումնային չի համարում, բայց հավելում է.

«Կարեւորը՝ անհաջողություններ չեմ ունեցել: 2019-ից մեծ սպասելիքներ ունեմ, որոնք հուսով եմ՝ կիրականանան»,-եզրափակեց երգչուհին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE