Մի երազանքի պատմություն. Եգոր Կրիդի Instagram-ում հայտնված հայուհին` արտիստի հետ էմոցիոնալ հանդիպման եւ ջերմ գրկախառնության մասին (ֆոտո/վիդեո)

17:03   23 դեկտեմբերի, 2018

Եգոր Կրիդի երեւանյան համերգին սպասում էին շատ հայ երկրպագուներ, սակայն, ցավոք, ոչ բոլորը հնարավորություն ունեցան հանդիպելու եւ շփվելու իրեց սիրելի աստղի հետ:

Instagram-ում իր երաժշտական cover-ներով հայտնի Միլյա Օհանիսյանը, որը սոցիալական կայքում ունի ավելի քան 95 հազար հետեւորդ, այն երջանիկներից է, որի` սիրելի արտիստին հանդիպելու երազանքն իրականացավ: Կրիդի մենահամերգից ամիսներ առաջ Միլյան ձայնագրել էր երգչի ամենահայտնի` «Цвет настроения черный» երգի cover տարբերակն ու տեղադրել Instagram-ի իր էջում` հույս հայտնելով, որ Կրիդը կնկատի իր կատարումն ու երգը միասին կկատարեն երեւանյան բեմում:

Իսկ Կրիդն իսկապես նկատեց հայ երկրպագուհու կատարումն ու իր հավանությունն արտահայտեց մեկնաբանության տեսքով: Չնայած Միլյային չհաջողվեց համատեղ ելույթ ունենալ իր սիրելի արտիստի հետ, բայց նա դարձավ այն եզակի երկրպագուհին, որը դեկտեմբերի 14-ին կայացած երեւանյան համերգից հետո հանդիպեց Կրիդին եւ, նույնիսկ, հայտնվեց նրա ինստագրամյան էջում:

NEWS.am STYLE-ը զրուցել է Միլյայի հետ եւ պարզել էմոցիոնալ հանդիպման մանրամասները: Հայուհին չցանկացավ բացահայտել, թե ինչպես է կազմակերպվել իրենց հանդիպումը, պարզապես նշեց` «Դա ճակատագիր էր»:

Ռուսական շոու-բիզնեսի աստղը հայ երկրպագուհու հետ հանդիպման ու զգացմունքային գրկախառնության տեսանյութը տեղադրել էր Instagram-ի իր էջում` նշելով` «Գիտեմ, որ բոլորը մեզ քննարկում են մեջքի ետեւում, բայց դա կարեւոր չէ... Ոչ-ոք չի հասկանա մեր փոխադարձ սերը»:

Հայ երկրպագուհու խոսքով` Եգորն իրեն հարազատի պես է ընդունել.

«Նա շատ անկեղծ ու մաքուր հոգու տեր մարդ է»,-ասում է Միլյան:«Նրա նման մարդիկ հազվադեպ են հանդիպում: Նա ունի բարի սիրտ եւ շատ հասկացող է, հասարակ է ու շատ բարի: Ես շատ եմ սիրում նրա արվեստը: Իմ բոլոր հետեւորդները գիտեն այդ մասին»:

Աղջիկը, սակայն, չցանկացավ մանրամասնել, թե ինչի մասին են զրուցել սիրելի արտիստի հետ. «Դա թող մնա գաղտնիք: Հույս ունեմ, որ այն, ինչի մասին խոսել ենք, կիրականանա, արդեն անհամբերությամբ եմ սպասում այդ օրվան»:

Անդրադառնալով իր էմոցիաներին` Միլյան դրանք որակեց անիրական.

«Կարծում եմ` շատերն արդեն հասցրել են տեսնել մեր հանդիպման տեսանյութը: Այդտեղ ամեն ինչ, իսկապես, անկեղծ է` առանց ավելորդ խաղերի: Այդ պահին, նույնիսկ, չգիտեինք, որ մեզ նկարահանում են: Էմոցիաների տեղատարափ է ինձ մոտ. այդ օրն, իսկապես, չեմ մոռանա: Տեսանյութն այնքան անկեղծ էր ստացվել, որ նրան դա եւս դուր եկավ եւ նա որոշեց տեղադրել այն իր էջում: Ի դեպ, նա ինձանից ավելի շուտ դա արեց»:

Հիմա արդեն Միլյան համոզված է` աշխարհում անհնարին բաներ չկան. «Անկեղծորեն հավատացեք ձեր երազանքներին: Հավատքի մեծ ուժով երազանքներն իրականանում են»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Միլյայի Instagram-ից

Տեսանյութը՝ Եգոր Կրիդի Instagram-ից



© NEWS.am STYLE