«Խորհուրդ ենք տալիս դիտել». միայն ճաշ չէ, որ եփում են կաթսայի մեջ՝ «Breaking Bad»

20:35   24 դեկտեմբերի, 2018

Սերիալների աշխարհում «Գահերի խաղի» տոտալ գերակայման տարիներին ոչ ոք չէր էլ կարծում, որ ինչ-որ մի սերիալ կարող է իր հանրաճանաչությամբ գերազանցել: NEWS.am STYLE-ը ձեզ է ներկայացնում քրեական դրամա ժանրի «Breaking Bad» սերիալը, որը 2008 թվականի հունվարից 2013-ի սեպտեմբեր հեռարձակվել է AMC մալուխային ալիքով, կազմված է 5 եթերաշրջանից:

Սերիալը պատմում է դպրոցի քիմիայի ուսուցիչ Ուոլթեր Ուայթի (Բրայան Քրենսթոն) մասին, ում մոտ քաղցկեղ են հայտնաբերում: Նա հուսահատված է: Իր ընտանիքին ֆինանսներով ապահովելու համար եւ իր նախկին աշակերտ Ջեսի Փինքմանի հետ (Ահարոն Փոլ) որոշում է զբաղվել մետամֆետամին թմրամիջոցի արտադրությամբ:

Սերիալն ամենայն մանրամասնությամբ մեզ պատմում ու ցույց է տալիս մարդու անկման բոլոր սահմանները, մենք սկսում ենք հասկանալ, որ նպատակը ոչ միշտ է արդարացնում միջոցները, քանի որ մեթոդները երբեմն աղետալի են: Սկզբում մենք ամբողջությամբ Ուոլթերի կողմից ենք, աջակցում ենք նրան, ապրումներ ունենում, տեղ-տեղ արդարացնում ենք՝ ինքներս մեզ ասելով, որ ճիշտ նույն կերպ կվարվեինք: Սակայն ժամանակ է անցնում, եւ Ուոլթերի մեջ փոթորկվում է գոռոզությունը, նա իրեն ավելի անձնակենտրոն է պահում...

Բրայան Քրենսթոնը հերոսին անչափ հզոր խաղով է ցույց տալիս, որն անցնում է մարդուց, ում խղճում ես եւ կարեկցում, մինչեւ երեսպաշտ ցինիկ, ապաբարոյական եսամոլ ճանապարհը՝ բռնակալի վարքագծով:

Ահարոն Փոլը կդառնա ձեր սիրելին, նրա հերոսը երիտասարդ անբանն է, որն իր խելքի շնորհիվ հանճար դառնալու պոտենցիալ ունի, բայց ծույլ է: Ուզում է ունենալ արագ փող եւ հեշտ կյանք: Փոլն ու Բրայանը հոյակապ տանդեմ են կազմում. նրանց հերոսները մեզ գրագետ կերպով ցույց են տալիս ինչպես գործընկերների գործնական փոխհարաբերությունները, այնպես էլ հայր եւ որդու հարաբերությունների նման ինչ-որ բան:

Անկարող եմ շրջանցել եւս երկու հերոսի: Առաջինը Ուոլթերի քենակալ Հենք Շրեյդերն է (Դին Նորիս), որն աշխատում է ոստիկանությանч թմրամիջոցների դեմ պայքարի բաժնում: Երբեմն որքա՜ն զավեշտալի ու միաժամանակ սարսափելի է հետեւել այս հերոսին. նա նստած է իր քենակալի հետ, եւ մտածում ես՝ ահա նա, կողքիդ է նստած, չէ՞ որ դու նրան ես որոնում, սա նա է՝ քո կասկածյալը:

Երկրորդը փաստաբան Սոլ Գուդմանն է (Բոբ Օդենքերկ)՝ խարիզմատիկ հերոս, որը կարողանում է ցանկացած իրադրությունից ելք գտնել: Հանդիսատեսն այս հերոսին այնքան էր հավանել, որ սերիալի հեղինակները հետո նրա մասին առանձին սերիալ նկարահանեցին՝ «Ավելի լավ է Սոլին զանգահարեք»:

Breaking Bad-ը մեծ թվով մրցանակներ է ստացել՝ 350 անգամ անվանակարգերի հավակնորդ է եղել եւ ստացել է 137 պարգեւ:

Սերիալը ցույց է տալիս, թե ինչպես չի կարելի վարվել հուսալքված վիճակում: Տարբեր կարգի ինքնաարդարացումները, թե բոլոր գործողությունները հանուն բարի նպատակների են, փշրվում են այդ նույն գործողությունների հետեւանքներին բախվելով: Նույնիսկ եթե ինչ-որ կերպ հաջողում ես մի խնդրից չոր դուրս գալ, միեւնույն է՝ հայտնվում ես էլ ավելի մեծ խնդրի մեջ, որից արդեն ելք չկա՝ գուցե միայն մեծ կորուստների գնով: Իսկ արդյвք պատրա՞ստ ես այդ կորուստներին:

P.S.

Սերիալի ավարտին օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը բաց նամակ է հրապարկել, որում Քրենսթոնին մեծագույն դերասան է անվանել:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE