Exclusive. Նարինե Իշխանովան՝ «Միսս ԱՄՆ 2018»-ին մասնակցելու եւ հայկական արմատների մասին

14:11   25 դեկտեմբերի, 2018

2018 թ-ին հայկական գեղեցկությունն իր ողջ հմայքով փայլեց ԱՄՆ-ի ազգային գեղեցկության մրցույթում: 25-ամյա Նարինե Իշխանովան տարվա սկզբին դարձավ «Միսս Յուտա ԱՄՆ 2018» մրցույթի հաղթող, որից հետո Յուտա նահանգը ներկայացրեց մայիսի 21-ին կայացած «Միսս ԱՄՆ» մրցույթում: Չնայած գեղեցկության աշխարհի նվաճումներին՝ հայուհին նշում է՝ իր համար մրցույթներն ու մոդելինգը զուտ հոբբի են, իսկ թե որոնք են կյանքում իր առաջնային սկզբունքները, Յուտայի տիտղոսակիր գեղեցկուհին պատմել է NEWS.am STYLE-ին:

Նարինե, գիտեմ, որ Թուրքմենստանում եք ծնվել եւ մեծացել: Ինչպե՞ս է ստացվել, որ Ձեր ընտանիքը Հայաստանից տեղափոխվել է այնտեղ:

Իմ նախապապը Հայոց ցեղասպանության ժամանակ փախել է Իրան՝ իր հետ տանելով նաեւ ընտանիքը, այդտեղից էլ նրանք տեղափոխվել են Թուրքմենստան: Ահա, թե ինչպես եմ ես ինքս էլ այնտեղ հայտնվել:

Երբեւէ Հայաստանում եղե՞լ եք: Խոսո՞ւմ եք հայերեն, ծանո՞թ եք մեր մշակույթին:

Ես երբեք չեմ եղել Հայաստանում… Դա այժմ իմ նպատակն է: Մի փոքր հասկանում եմ հայերեն, մի քիչ էլ ինքս եմ խոսում, բայց ավելի սահուն խոսում եմ ռուսերեն: Ինչ վերաբերում է հայկական մշակույթին, այո, շատ լավ ծանոթ եմ, քանի որ մեր ընտանիքը այն պահպանել է: Իմ մշակույթն ինձ համար ամեն ինչ է, ես այն բոլոր հնարավոր հարթակներում փորձում եմ ներկայացնել:

Ի՞նչ կրթություն ունեք:

Սովորել եմ քիմիայի ֆակուլտետում, այնուհետեւ մագիստրատուրաս ավարտել եմ՝ ստանալով հոգեբանի կրթություն: Հիմա էլ ատամնաբույժի կրթություն եմ ստանում:

Իսկ ինչպե՞ս եք սկսել մոդելի կարիերան: Ինչպե՞ս սկսեցիք մասնակցել գեղեցկության մրցույթների:

Շատերն են ինձ այս հարցը տալիս… Սկբնական շրջանում եւ, նույնիսկ, հիմա ես չեմ կենտրոնացել կամ կենտրոնանում մոդելային կարիերայիս վրա: Ինձ համար սա հոբբի է, որը ես անում եմ հանուն իմ սեփական հաճույքի: Ինձ համար ամենակարեւորը լավ ատամնաբույժ դառնալն է, ցանկանում եմ իմ սեփական բուժկենտրոնն ունենալ: Իսկ գեղեցկության մրցույթն իմ կյանքում հայտնվեց, երբ մայրս ասաց, որ շատ է ցանկանում, որ ես դառնամ առաջին բնիկ հայուհին, որը կներկայանա «Միսս ԱՄՆ» մրցույթին:

Ո՞րն  եղել Ձեզ համար ամենակարեւոր մրցույթը:

Ես երկու մրցույթ կառանձնացնեմ՝ «Միսս Յուտա ԱՄՆ 2018»-ը, որի շրջանակում ես դարձա հաղթող, եւ «Միսս ԱՄՆ»-ն, որն, ուղղակի, երազանքի պես մի բան էր ինձ համար:

«Միսս Յուտա» մրցույթին ես 6 տարի շարունակ մասնակցել եմ, եւ իմ 6-րդ փորձը պսակվեց հաջողությամբ: Իրականում, ոչինչ էլ հեշտ չէր, հատկապես, որ ես տեղացի չէի, բայց ես հասա հաջողության: Դե, ինչպես արդեն նշեցի, մրցույթին մասնակցել եմ նոր հնարավորություններ ձեռք բերելու համար, նաեւ ցանկանում էի լինել այն հայուհին, որը կներկայանար «Միսս ԱՄՆ» մրցույում: Բացի այդ, ես շատ էի ցանկանում իմ ծառայությունը մատուցել այն հրաշալի նահանգին, որտեղ բնակվում եմ:

  

Ո՞րն էր Ձեզ համար ամենակարեւոր մրցանակը:

«Միսս ԱՄՆ»-ը մրցույթից շատ բաներ եմ շահել: Ունեցա նոր ընկերներ, հնարավորություններ, ձեռք բերեցի ինքնավստահություն, աշխատեցի ոգեշնչող մարդկանց հետ, նույնիսկ, մի քանի նոր բաներ բացահայտեցի սեփական անձիս մասին:

Ո՞րն է լինելու Ձեր հաջորդ ձեռքբերումը:

Հաջորդ ձեռքբերումս կդառնա ատամնաբույժների դպրոցում սովորելը, ինչը կնպաստի, որ զարկ տամ իմ նախընտրելի բիզնեսին:

Շատերը կենտրոնում են իրենց կարիերայի վրա՝ մոռանալով անձնական կյանքն ու ընտանիքը: Ձեզ համար ի՞նչն է կյանքում առաջնային:

Անկախ ամեն ինչից, ինձ համար կյանքում առանջնայինն իմ ընտանիքն է, հետո նոր՝ կարիերան: Այդպես են ծնողներս ինձ դաստիարակել:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Նարինե Իշխանովայի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE