«Իսկ դու մի բան կեր». Ջերմացնող ասիական խոհանոց

13:17   27 դեկտեմբերի, 2018

«Տրամադրություն չունե՞ս: Իսկ դու մի բան կեր»,- մայրս է այսպես ասում, երբ տեսնում է, որ անտրամադիր եմ: Ընդ որում՝ նա պատմում է, որ սա նախատատիս խոսքն է: Գուցե եւ այդպես է: Ես պրոֆեսիոնալ ֆուդ-բլորգեր չեմ, ոչ էլ փորձագետ, բայց ասում են, որ ուտելիքից, այնուամենայնիվ, հասկանում եմ: Իհարկե, ոմանք համացանցում ինչ-որ բան են գրել իմ խոհարարական դիտարկումների մասին. իբր, «прожарка» բառն իմացող ամեն մեկն ուտելիքի մասին դատելու իրավունք չունի: Աստված նրանց հետ: Թող գրեն: Ես դեմ չեմ...

Ամանորին սիրտս ոչ թե «Оլիվյե», այլ կծու, թթու, քաղցր ուզեց։ Որպես կանոն, նման ծավալի համային զգացողություններն ասոցացվում են կա՛մ մեքսիկական, կա՛մ ասիական խոհանոցի հետ: Ավելի ճիշտ, պանասիական՝ ճիշտ է այդպես կոչել հեռավոր աշխարհամասից խոհարարական նորարարությունները:

Երեւանյան պայմաններում բավականին դժվար է գնահատել պանասիական խոհանոցի որակը: Նախ, այստեղ այն խիստ հարմարեցված է մեր հայկական քիմքին: Երկրորդ, եթե դուք երբեք չեք եղել այդ շրջաններում, ապա դժվար կլինի համեմատել «բնօրինակի» հետ:

Ասիայի հետ ես, ցավոք, ծանոթ եմ մասամբ․ եվրոպական քաղաքների չինական թաղամասերը, Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի հարմարավետ թայլանդական ռեստորանները, Ֆրանսիայում վիետնամական խորտկարանները եւ կարճ, բայց ուրախ ճամփորդությունը Չինաստանով: Բայց հերիք է ինձ ձկով սոուս կամ բրնձի քացախ տան, որ ես կրկին լսեմ  կոլորիտային շուկաների աղմուկը՝ զարդարված կարմիր լապտերներով, զգամ կծու հոտերը եւ փողոցային կերակուրների համերը...

Պանասիական խոհանոցը շատ տարբեր է, երբեմն ոչ միանշանակ, եւ տոլմային ու խաշլամային սովոր հայերին դրա իսկական տարբերակը կարող է թվալ ամբողջովին ուտելու ոչ ենթակա: Նույնիսկ ես, իմ ամբողջ գաստրոնոմիկ կոսմոպոլիտիզմով հանդերձ, Պեկինում իմ սիրած սեւ սնկերը չհաղթահարեցի: Ինչ ասեմ. առաջին օրը ես այնտեղ ընդհանրապես ոչինչ չկարողացա ուտել, տեսքը, հոտը, համը, ամեն ինչ կարծես տարօրինակ էր: Շանդոնգ նահանգում ավելի տանելի էր. ինձ դուր եկավ եւ ամեն ինչ փորձեցի: Թեեւ, գուցե, արդեն ընտելացել էի, հետո էլ, ի վերջո, սոված էի... Այնուամենայնիվ, Երեւանում այցելելով Thaiwine Republic ռեստորան, վերացա այն ամենից, ինչ փորձել էի արտերկրում, եւ տրամադրվեցի առավելագույնս օբյեկտիվության:

Ես վերցրեցի դամպլինգները՝ դրանք չինական պելմենիներն են կամ խինկալիները: Բարակ բրնձի խմորից մի ուտեստ՝ մսի, ձկան, բանջարեղենի, ծովամթերքների տարբեր լցոնումներով։

Այս ամենը պատրաստվում է գոլորշու վրա  եւ առանց յուղի․ այդպես ավելի առողջարար է: Ասում են, որ դամպլինգների պատրաստման  կանոններ կան, որոնք ոչ մի դեպքում չպիտի խախտել։

Օրինակ՝ պետք է խմորի վրա որոշակի քանակության «ծալքեր» լինեն, որոնք նկարվում են բամբուկից փայտիկներով։ «Ծալծերը», անկեղծ ասած, չեմ հաշվել, բայց կերել եմ հաճույքով․․․

Դամպլինգներն անկասկած համեղ բան են, բայց Thaiwine Republic-ում դրանք մի քիչ զիջում են օրիգինալին։ Օրինակ, իսկական չինական դամպլինգում խմորն ատամներին չի կպչում, այն մի փոքր ավելի բարակ է, խեցգետինները դրա մեջ դրվում են ոչ թե ֆարշի ձեւով, այլ ամբողջական կերպով, ինչն ուտեստն անկասկած ավելի վառ է դարձնում։  Չգիտեմ, ինձ կոնկրետ ինչ-որ բան չի բավարարում, բայց գուցե ես քթիմազություն եմ անում․․․

Thaiwine Republic-ում ինձ դուր եկավ հայտնի Pho (Ֆո) հորթի մսով ապուրը։ Առաջին անգամ այն համտեսել եմ Ամերիկայում՝ ասիական ճաշարանում, եւ համը կարծես թե նման էր։

Ամեն դեպքում ճիշտ է չխորանալը եւ ապուրը վայելելը, որը հատկապես համով է սառը եղանակին։

Այն ուժեղ այրում է՝  շնորհիվ կծու համեմունքերի, որոնք առաձին են մատուցում։ Դա անպայման պետք է ավելացնել՝  հակառակ դեպքում ճիշտ Pho չի լինի։ Նաեւ ճիշտ է ապուրի մեջ լայմ ճզմել եւ վրայից սոյայի թարմ ծիլեր շաղ տալ, որոնք ատամների տակ կխրթխրթան՝ ուտեստին գարնանային թարմություն հաղորդելով․․․

Թոմ Յամ (Tom Yum) կծու թայլանդական ապուրը եւս լավն է։

Կոկոսի կաթով, սունկով, խեցգետիններով (եթե ինչ-որ բան մոռացել եմ, ուղղեք)՝ իսկը սառնամանիքին ուտելու համար է։ Միակ անհարմարությունը խոշոր չափերով կտրատած իմբիրն է եւ լիմոնի շերտերը, որոնք ստիպված ես լինում որսալ եւ դուրս հանել, որպեսզի ուտելուն չխանգարեն։

Ռեստորանի խայծերից եւս մեկը` «Բադ՝ պեկինյան ձեւով», համեղ էր։ Մինչեւ իսկ շատ։ Միայն մեկ նկատառում, տառացիորեն մի քանի ամիս առաջ ես այդ ուտեստը փորձել եմ Պեկինում, եւ միսն ավելի հյութեղ ու փափուկ էր՝ հալչում էր բերանում։ «Պեկինյան ձեւով բադը» մատուցվում է փոքրիկ բլիթներով՝ որպես կանոն, բրնձի ալյուրից, սոխի շերտերով, ծղոտով կտրատվող վարունգով եւ սոուսներով՝ քաղցրը՝ կոթուկից, եւ «Խոյսին»։

Բադն ուտում են կաշվով միսը բլինչիկի պես փաթաթած՝  նախապես թաթախած սոուսի մեջ։ Կաշին պետք է խրթխրթան լինի, եւ Thaiwine-ում դրանից հրաշալի գլուխ են հանում։

Իհարկե, մի բան, ամեն դեպքում, ուզում եմ ճշտած լինել․ ինչու՞ «Պեկինյան ձեւով բադը», որի բնօրինակը պատրաստվում է 20 ժամում,  Thaiwine Republic-ում մատուցեցին 20 րոպեում։

Ընդհանուր առմամբ, կասեմ, որ ինձ այստեղ շատ է դուր գալիս։ Դուր է գալիս openkitchen-ը՝ կարելի է հետեւել խոհարարներին, որոնք, ինչպես ինձ ասացին, հրավիրված են Ասիայից։ Դուր է գալիս եւ՛ սպասարկումը, եւ՛ հարմարավետությունը,  եւ՛ սոմելիեի խորհուրդները։  Ճիշտ այնպես, ինչպես այդ ցանցի այլ ռեստորաններում՝ Wine Republic-ում եւ Asador-ում, որոնց դեռ առիթ կլինի անդրադառնալու․․․

Իսկ, ընդհանրապես, այնքան էլ կարեւոր չէ՝ կրկնում է Thaiwine-ը ասիական նույն ուտեստը, թե ոչ․․․ Այստեղ պարզապես համեղ է եւ միշտ այդտեղից դուրս ես գալիս լավ տրամադրությամբ։ Գնամ ուտելու։ Շնորհավոր Ամանոր... 

 

Աննա Սաթյան

Фото - Clean EatingSBS

 

 

 

 



© NEWS.am STYLE