Վահան Խաչատրյանը՝ նորաձեւության հանդեպ սիրո եւ Իտալիայում աշխատանքի մասին. NEWS.am STYLE-ի հարցազրույցը

21:14   12 հունիսի, 2013

Նորաձեւությունը միշտ եղել է Վահան Խաչատրյանի ամենամեծ կիրքը: Երիտասարդ դիզայներն առաջին էսքիզը նկարել է 15 տարեկանում եւ հասկացել, որ դա այն է, ինչով ցանկանում է զբաղվել: Այդ օրից նորաձեւության Օլիմպոսի ճանապարհին Վահանը հաղթահարել է բազմաթիվ խոչընդոտներ, բայց նրա համառությունը, նորաձեւության հանդեպ սերը եւ գործնական մարտավարությունը հանգեցրել են մեծ հաջողությունների ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում: Վերջերս Վահանը վերադարձել է Իտալիայից, որտեղ ուսանել եւ միաժամանակ աշխատել է Dolce & Gabbana դիզայներական տան թիմի հետ: NEWS.am STYLE-ը որոշեց դիզայների հետ զրուցել կարիերայի, նորաձեւության հանդեպ սիրո եւ Իտալիայում աշխատանքի մասին:

Վահան, ինչպե՞ս սկսվեց Ձեր առաջին ճամփորդությունը նորաձեւության աշխարհում:

Ես միշտ սիրել եմ նորաձեւությունը: Հիշում եմ, թե 15 տարեկանում արված էսքիզներս որքան բարձր գնահատեցին արվեստի ոլորտում աշխատող ընկերներս: Նրանք ինձ խնդրեցին հագուստ ստեղծել ելույթների եւ համերգների համար: Դրանից էլ սկսվեց ամեն ինչ: Սկզբում ես հագուստներ էի ստեղծում նաեւ մտերիմներիս եւ ընկերներիս համար, իսկ որոշ ժամանակ անց առաջին պատվերները ստացա: 1990-ական թվականներին արվեստի դպրոց ընդունվելը խելամիտ չէր. այդ դժվար ժամանակներում ես ցանկանում էր ստանալ կրթություն, որը կօգներ հետագայում կայուն աշխատանք ունենալ: Ու թեեւ ընդունվեցի լեզվաբանական համալսարան, նորաձեւության հանդեպ կիրքս չմարեց: Ես ինքնակրթությամբ էի զբաղվում, շարունակում էի զգեստապահարանի նոր տարրեր ստեղծել, որոնք մեծ սիրով ընդունվեցին բազմաթիվ արտիստների եւ արվեստի գործիչների կողմից:

Հետո եկավ 2009 թվականը, որն իր տեսակի մեջ շրջադարձային էր Ձեզ համար, այնպես չէ՞:

2009 թվականին ինձ հնարավորություն ընձեռվեց սովորել Ֆլորենցիայի Аccademia Italiana նորաձեւության եւ դիզայնի ինստիտուտում: Ես որոշեցի բաց չթողնել այդ հնարավորությունը եւ ուղեւորվեցի Իտալիա: Մեկ տարի անց Dolce & Gabbana նորաձեւության տունն ինձ համատեղ աշխատելու հրավեր ուղարկեց: Ինձանից բացի, այդ պատվին արժանացան եւս երկու դիզայներներ:

Ինչպիսի՞ն էր համաշխարհային նորաձեւության արդյունաբերության հսկաների հետ աշխատանքը: Այն Ձեր հայացքներն ինչ-որ առումով փոխե՞ց:

Ընդհանրապես Իտալիայում ապրելն իմ մեջ շատ բան փոխեց: Իմ ոճը, ճաշակները եւ նորաձեւության մեջ նախասիրությունները, նորաձեւության արդյունաբերության ընկալումները…

Dolce & Gabbana-ի հետ համագործակցությունն ինձ հնարավորություն տվեց նորաձեւության աշխարհին ծանոթանալ բոլորովին այլ կողմից, եւ, հավատացեք, նորաձեւության իրական աշխարհն ամենեւին էլ այնքան գլամուր չէ, որքան շատերին է թվում:

Պատմեք, ինչպե՞ս են ծնվում նոր գաղափարները եւ ինչպիսի՞ն է նոր հագուստների ստեղծման գործընթացը:

Ներշնչման աղբյուր կարող է դառնալ ցանկացած բան: Իմ առաջին հավաքածուի ստեղծման համար ներշնչանքի մեծ աղբյուր էր Իտալիան: Եվ դա միանգամայն տրամաբանական է: Ես այնտեղ 3 տարի ապրեցի: Ինչ-որ մեկը կարող է ինձ գրագողության համար մեղադրել, նաեւ ասել, թե որոշ գաղափարներ պատճենել եմ իտալական դիզայներներից: Սակայն դա այդպես չէ: Աշխատել՝ հետեւելով ինչ-որ ուղղությունների (այս դեպքում ես ոգեշնչվել էի նորաձեւության իտալական դպրոցից), մեկ հարց է, իսկ պատճենել ինչ-որ մեկին՝ այլ հարց: Ես Dolce & Gabbana-ի համար հավաքածու ստեղծելու առաջարկ չէի ստանա, եթե նորաձեւության հարցում մեր գաղափարներն ու հայացքները չհամընկնեին: Մենք միատեսակ ենք մտածում, երբ կանանց համար զգեստ ենք ստեղծում, մեր հայացքները համընկնում են կերպարի ստեղծման հարցում:

Հագուստ ստեղծելու գործընթացում ո՞րն է ամենից հետաքրքիրը:

Յուրաքանչյուր դիզայներ ինչ-որ բան ստեղծում է հանուն այն պահի, երբ հաճախորդի դեմքին ժպիտ եւ հիացմունքի արտահայտություն է հայտնվում: Ես աշխատում եմ հենց դրա համար: Իսկ հագուստի ստեղծման գործում ինձ դուր է գալիս գործվածքի տարբեր կտորների հետ աշխատելը: Մեծ հաճույք է պատճառում մանեկենի մոտ աշխատանքը: Փորձել եւ հագցնել կտորի տարբեր հատվածները, ստեղծել տարբեր կերպարներ… Ամենից շատ սիրում եմ աշխատել ժանյակով, այդ կարելի է նկատել իմ գարուն-ամառ հավաքածուում:

Խոսենք վերջին ցուցադրության մասին: Այն շատ հաջող էր, եւ շատ իրեր հետագայում վաճառվեցին: Բայց չե՞ք կարծում, որ փոքր-ինչ ուշացած էր:

15 տարվա ընթացքում ես հավաքածու ստեղծելու կարիք չեմ զգացել: Ինձ ճիշտ հասկացեք, բացի հաճույքից, որ դիզայները զգում է նոր հավաքածու ստեղծելիս, նա նաեւ մտածում է վաճառքի եւ հավանական գնորդների մասին: Ահա այս տարիների ընթացքում հայկական շուկայում իմ հագուստի հանդեպ պահանջարկ չեմ զգացել: Իհարկե, ես շատ պատվերներ եմ ունեցել եւ հաճույքով կատարել եմ դրանք: Բայց առանձին հավաքածու ստեղծելու համար դեռեւս վաղ էր: Իսկ արդեն այս տարի զգացի, որ իմ առաջին հավաքածուն ներկայացնելու ժամանակն է: Այդ հարցին շատ լուրջ վերաբերվեցի: Չնայած սեղմ ժամկետներին, ինձ հաջողվեց 60 կերպարից բաղկացած հավաքածու պատրաստել: Ինձ համար ամենակարեւորը հաճախորդներիս կարծիքն էր:

Ցուցադրության ժամանակ Ձեր հագուստը ներկայացրեցին հայտնի գեղեցկուհիներ, ինչպես, օրինակ, Թովմասյան քույրերը, Գոհար Հարությունյանը, Անգելինա Բաբաջանյանը, ինչպես նաեւ երգչուհի Նառան, դերասանուհի Սոֆյա Պողոսյանը եւ El Style ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանը: Նրանց հետ աշխատելը դժվա՞ր էր:

Այո, ցուցադրությանն իսկապես մասնակցեցին Հայաստանի շատ գեղեցիկ կանայք: Նրանցից մի քանիսը տեղական եւ միջազգային գեղեցկության մրցույթների դափնեկիրներ են, բայց ինձ համար նրանք նախ մտերիմ ընկերներ են: Ի դեպ, նրանք, ինչպես եւ ես, հուզմունքով էին սպասում այդ ցուցադրությանը: Այնպես որ՝ վստահորեն կարող եմ ասել, որ համատեղ աշխատանքը հաճույք էր:

Դեֆիլեի ժամանակ առաջին եւ վերջին հագուստի ցուցադրությունը համարվում է ամենից պատասխանատուն, եւ սովորաբար լավագույն մոդելն է ընտրվում: Ինչո՞ւ ընտրվեց հենց Վիցե-Միսս Եվրոպա-2005 Լուսինե Թովմասյանը:

Ես ընտրության խնդիր չունեի: Նույնիսկ չէի էլ մտածում այլ մոդելի մասին: Ինձ համար Լուսինեն միակն էր, ով կարող էր պատվով բացել եւ փակել իմ ցուցադրությունը: Մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք, միմյանց շատ վաղուց ենք ճանաչում:

Համաշխարհային ինչպիսի՞ մոդելների հետ կցանկանայիք աշխատել հետագայում:

Ես մեծ հաճույքով կաշխատեի իտալական մոդել Մարիա Կառլա Բասկոնոյի հետ: Եթե հետագայում հնարավորություն լինի, անպայման նրան կհրավիրեմ իմ ցուցադրություններից մեկին մասնակցելու:

Գրիգոր Ավետիսյան



© NEWS.am STYLE