Լավ մոռացված հինը. Արտասովոր ռեպորտաժ. «Խենթ քաղաք»

20:33   26 դեկտեմբերի, 2018

Այս ֆիլմն անձամբ ես 2 անգամ եմ դիտել: Առաջին անգամ մանկության տարիներին, եւ այն ինձ գրեթե ոչինչ չասաց: Երկրորդը՝ բավականին գիտակից տարիքում, եւ այդ ժամանակ ֆիլմը միանգամայն այլ տեսանկյունից բացահայտեցի:

NEWS.am STYLE-ը ձեզ է ներկայացնում 1997 թվականի «Խենթ քաղաք» ֆիլմը: Այն պաշտոնապես դրամա եւ թրիլեր է համարվում, բայց սա ավելի շուտ դրամա է, ընդ որում՝ սոցիալ-բարոյական: Բեմադրող ռեժիսորն է տաղանդավոր Կոստա-Գավրասը:

Ֆիլմը պատմում է լրագրող Մաքս Բրեքեթի մասին (Դասթին Հոֆման), ում աքսորել են մի հետ ընկած քաղաք, որտեղ սենսացիաներ կամ խոշոր միջոցառումներ չեն լինում: Մաքսը մի օր ռեպորտաժ է անում բնապատմական թանգարանում եւ դառնում պատանդառության վկա. թանգարանի նախկին հսկիչ Սեմ Բեյլին (Ջոն Թրավոլտա) եկել է իր աշխատանքը վերադարձնելու, սակայն անհաջողություն կրելով՝ գործի է դնում որսորդական հրացանը ու բոլոր այցելուներին պատանդ վերցնում:

Ֆիլմը բազմաթիվ արդիական խնդիրներ է բարձրացնում եւ գրագետ մատուցում հանդիսատեսին: Երկու գլխավոր հերոսների միջոցով մեզ ցուցադրում են, թե մարդիկ որքան հեշտությամբ են ենթարկվում լրատվամիջոցների ազդեցությանը, եւ որքան արագ են փոխում իրենց, իբր, «երկաթբետոնե» որոշումը: Մյուս կողմից՝ ցուցադրվում է թղթակիցների ագահությունը, որոնք սենսացիաների հետեւից ընկած՝ պատրաստ են քայլել ցանկացածի ու ամեն ինչի վրայով:

Ֆիլմն այն մասին է, թե որքան դժվար է միաժամանակ մասնագետ ու մարդ մնալը: Ամենաուշագրավն այն է, որ այստեղ չկա ո՛չ պրոտագոնիստ, ոչ անտագոնիստ. երկու գլխավոր հերոսներից յուրաքանչյուրն ունի իր դրական եւ բացասական կողմերը:

Հոֆման-Թրավոլտա տանդեմը գլուխգործոցային է: Սեմը հասարակ տղա է, որը կին ու երեխաներ ունի, նա պարզապես ցանկանում է վերադարձնել իր ոչ սովորական աշխատանքը, այլապես չի կարող կերակրել ընտանիքին: Նա ոչ մեկին վատ բան չի ցանկացել, նրան ուղղակի չեն լսել, իսկ որսորդական հրացանը ընդամենը ուշադրություն գրավելու հնարավորություն է, սակայն ամեն ինչ շրջվում է վատթարագույն կերպով…

Մաքսը առաջնակարգ թղթակից է, ում մի քաղաք են աքսորել (նրա կարծիքով՝ անարդարացիորեն), որտեղ նրա տաղանդը փոշիանում է: Եվ հանկարծ ընձեռվում է այսպիսի հնարավորություն՝ պանտադառությունը լուսաբանել բուն էպիկենտրոնից: Մենք, սակայն, հընթացս հասկանում ենք, որ Մաքսը թերեւս միակն է, ով ինչ-որ կերպ փորձում է օգնել վայ-զավթողին՝ դմբո Սեմին: Չեմ ցանկանում հիմնական բովանդակությունը բացահայտել, բայց դուք ֆիլմի ամբողջ դրամատիզմը կզգաք ամենավերջում՝ Մաքսի երկու արտահայտության շնորհիվ:

Հոլիվուդի այս երկու լեգենդների դերասանական խաղը անընդհատ լարվածության մեջ է պահում, թույլ չի տալիս նրանցից աչքդ կտրել, նրանց երկխոսությունները լի են կենսական առօրեականությամբ, բայց հենց այդ առօրեականությունն է այդպես գրավում:

Եթե սիրում եք այնպիսի ֆիլմեր, որոնք կյանքի ինչ-որ ընկալում, գաղափարներ են կրում կամ պարզապես մտքեր, որոնք կցանկանայիք քննարկել որեւէ մեկի կամ նույնիսկ ինքներդ ձեզ հետ, ապա «Խենթ քաղաքը» հենց այն է, ինչը ձեզ պետք է:

P.S.
Դիտելիս եւ հատկապես ֆիլմի վերջում դուք կհասկանաք անվանման իրական նշանակությունը: Միայն մի փոքրիկ ակնարկ կանեմ՝ անվանման մեջ ամփոփված է վերացական եւ միեւնույն ժամանակ՝ ուղղակի իմաստ...

Հաճելի դիտում
Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE