2019-ի պրեմիերաները. պետք է կինոթատրոն գնալ

20:47   4 հունվարի, 2019

Հարգելի ընթերցողներ, 2019թ.-նն արդեն իրականություն է։ Հուսով ենք՝ այն դիմավորել եք ջերմ ընտանեկան միջավայրում։ Նոր տարում մեզ բազմաթիվ կինոպրեմիերաներ են սպասվում, եւ NEWS.am Style-ը ցանկանում է նշել ֆիլմերը, որոնք էկրաններ կբարձրանան այս ձմռանը։ Խորհուրդ է տրվում դրանք դիտել հենց կինոթատրոններում։

«Կրիդ 2»

Հունվարի 10-ին էկրաններ կբարձրանա «Կրիդ» ֆիլմի շարունակությունը, որն իր հերթին «Ռոկի»-ի շարունակությունն է։ Այս անգամ Ադոնիս Կրիդը ռինգում մարտի կբռնվի Վիկտոր Դրագոյի հետ։ Նա Իվան Դրագոյի որդին է, ով ռինգում սպանել է Ադոնիսի հորը՝ Ապոլո Կրիդին։ Ինչպես տեսնում եք, դրաման ապահովված է, իսկ Ադոնիսին կօգնի իտալացի Ռոկի Բալբոան։

«Ապակի»

Ռեժիսոր Մ․ Նայթ Շյամալանը որոշել է ետ չմնալ Հոլիվուդի թրենդերից եւ ֆիլում նկարահանելով ամենաօդիոզ կերպարներին՝ ստեղծել է սեփական կինոաշխարհը (հետաքրքիր է՝ ինչ անվանում կստանա այն)։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունվարի 16-ին։

«Լեգո ֆիլմ 2»

Փետրվարի 7-ին կվերադառնան Լեգոյի սիրելի կերպարները։ Լեգո աշխարհում երկար ժամանակ է՝ ամեն ինչ հանգիստ է, սակայն դժբախտություն է վրա հասնում։ LEGO DUPLO զավթիչներն իրենց ճանապարհին պատահած ամեն բան շատ ավելի արագ են ոչնչացնում, քան հերոսները կարող են կառուցել։ Էմեթը, Լուսյան, Բեթմենը եւ նրանց հավատարիմ ընկերները պետք է անեն հնարավոր ամեն բան՝ իրենց աշխարհը փրկելու համար։

«Ալիտա. մարտական հրեշտակ»

Փետրվարի 14-ին էկրաններ կբարձրանա ճապոնական հայտնի անիմեի էկրանավորված տարբերակը։ Ֆիլմը պատմում է հեռավոր ապագայի մասին, երբ Դոկտեր Իդոն գտնում է կին «կիբորգի»։ Պարզվում է, որ նա ոչինչ չի հիշում, բայց մարտական արվեստի կարողություններ ունի։ Ալիտան ստիպված կլինի շատ ուժ ծախսել՝ իր հիշողությունները վերականգնելու համար։ Ֆիլիմի հեղինակային կազմը բավական հուսադրող է՝ սցենարիստն ու պրոդյուսերը Ջեյմս Քեմերոնն է, ռեժիսորը՝ Ռոբերտ Ռոդրիգեսը։

«Ինչպես ընտելացնել վիշապին 3»

Իկինգի եւ նրա վիշապի պատմության շարունակությունը սպասվում է փետրվարի 21-ին։ Անատամը հանդիպում է իր սիրուն՝ Ֆուրիային, բայց ամեն բան վտանգի տակ է հայտնվում։ Հերոսները ստիպված են բախվել վիշապներ որսողների հետ։

«Իշխանություն»

Դիկ Չեյնիի մասին պատմող ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի փետրվարի 21-ին։ Նա ԱՄՆ-ի քաղաքական կառուցվածքում երկար ժամանակ գորշ կարդինալ է եղել։ Մեզ հնարավորություն է ընձեռնվում համաշխարհային մի շարք հարցեր դիտարկել ներսից, որոնց ուղիղ առնչություն է ունեցել Դիկ Չեյնին։ Ֆիլմը դիտելու եւս մեկ պատճառ՝ գլխավոր դերակատարը մեր ժամանակների ամենատաղանդավոր դերասաններից մեկն է՝ Քրիստիան Բեյլը։

Հ.Գ. Հարգելի ընթերցողներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ «Խորհուրդ ենք տալիս դիտել» եւ «Լավ մոռացված հինը» խորագրերը կշարունակվեն նաեւ այս տարի։ Ձեզ նաեւ նոր ու հետաքրքիր նորություններ են սպասվում կինոյի աշխարհից։

Բարի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE