«Կոկորդի ի ծնե ձեւախախտում ունեմ». «Ձայնը» նախագծի հաղթող

20:11   3 հունվարի, 2019

Ռուսական «Ձայնը» նախագծի 7-րդ եթերաշրջանի հաղթող Պյոտոր Զախարովը լուրջ հաղթանակ է համարում նաեւ շոուում հայտնվելը։ Դեռ 10 տարի առաջ դրված ախտորոշումը խոստանում էր խանգարել կարիերային։

«Ինձ մոտ ֆենոմեն էր նկատվում. ես մեկ կարողանում էի հրաշալի երգել, մեկ առհասարակ չէի կարողանում։ Հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ ի ծնե կոկորդի ձեւախախտում է առկա։ Աճառային հյուսվածքները սերտաճել էին, ինչն ազդում է ձայնալարերի վրա»,- պատմել է Զախարովը։

Բժիշկները նրան արգելել են մտածել մեծ բեմի մասին։ Նրանք միաձայն հայտարարել են, որ մեծ ծանրաբեռնվածության դեպքում նա կարող է առհավետ կորցնել ձայնը։ Մի քանի տարի շարունակ Զախարովը փորձել է իրեն գտնել այլ աշխատանքում՝ զբաղվել բիզնեսով, պրոֆեսիոնալ սպորտով, ինքնապաշտպանության եւ հոգեբանության վերաբերյալ խմբակներ կազմակերպել, սակայն ոչ մի կերպ չի կարողացել մոռանալ երգելու ցանկության մասին։

Ինչ-որ պահի Զախարովը որոշել է վերջնականապես փոխել կյանքը եւ ծառայության անցնել հատուկ ծառայությունում, որտեղ եւս երաժշտությունը նրան «հանգիստ չի թողել»։ Նրան առաջարկել են համագործակցել զինվորական օկրուգի նվագախմբի հետ։ Զախարովը դարձել է նվագախմբի մենակատարը, սակայն ի վերոջ որոշում կայացրել զբաղվել պրոֆեսիոնալ երգով եւ նույնիսկ մենահամերգներ ունեցել հայրենի քաղաքում։

Հիշեցնենք՝ 38-ամյա Զախարովը Սանկտ Պետերբուրգից է։ Մրցույթի սկզբում նա խոստովանել է, որ վաղ տարիներից ցանկացել է վոկալով զբաղվել եւ ընդունվել է Կոնսերվատորիա։ Նրա խոսքով՝ ուսումն ավարտել է երեքներով եւ նույնիսկ որոշ ժամանակ կարծել, թե դա ամեն դեպքում իր ոլորտը չէ։ Նախագծում հաղթանակ տանելուց հետո երգիչը խոստովանել է, որ երջանիկ է եւ բարեւներ է փոխանցել բժիշկներին ու ուսուցիչներին, ովքեր իրեն համոզում էին չզբաղվել վոկալով եւ վախեցնում էին, որ նա կարող է կորցնել ձայնը։

Աղբյուրը՝ Starhit

Լուսանկարը՝ RG



© NEWS.am STYLE