Սիրուշոն նշում է 32-ամյակը. «Եվրատեսիլ»-ից մինչեւ PreGomesh` երգչուհու TOP 5 հիթերը

15:17   7 հունվարի, 2019

Նուրբ ձայնային տվյալներով, յուրահատուկ ճաշակով, ազգայինի եւ ժամանակակիցի միաձուլմամբ աչքի ընկնող հայ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սիրուշոն այսօր՝ հունվարի 7-ին, տոնում է ծննդյան 32-ամյակը:

 

Երգչուհի Սյուզան Մարգարյանի եւ դերասան Հրաչյա Հարությունյանի տաղանդավոր դուստրն իր կարիերան սկսել է 7 տարեկան հասակում՝ ելույթներ ունենալով թե Հայաստանի, թե Կանադայի բեմերում: Վաղ տարիքից լինելով բոմում՝ Սիրուշոն արժանացել է մի շարք երաժշտական մրցանակների, այդ թվում՝  «Լավագույն երգչուհու» տիտղոսին, սակայն նրա առաջ հաջողության դռներն ավելի հաճախակի բացվեցին 2007 թ-ից հետո, երբ նա դարձավ «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի երկրորդ դեսպանը ռաջինն Անդրեն էր` 2006 թ-ին. հեղ): Սիրուշոն մրցույթում ներկայացավ Դեր Հովայի հեղինակած «Քելե-քելե» երգով՝ զբաղեցնելով «Եվրատեսիլ 2007»-ի 4-րդ հորիզոնականը, որը մինչ օրս Հայաստանի գրանցած ամենաբարձր արդյունքն է տվյալ մրցույթում:

Սիրուշոյի երգացանկը բազմաժանր է, սակայն վերջին շրջանում երգչուհին առավել կենտրոնացած է հայկական մշակույթը աշխարհին ժամանակակից մոտիվներով ներկայացնելուն: Դրա վառ ապացույցը նրա «Արմատ» ձայնասկավառակն էր, որը հետագայում վերածվեց նաեւ համերգային շրջագայության: Սիրուշոն նաեւ հիմնել է PreGomesh ապրանքանիշը՝ իր իսկ օրինակով ցույց տալով, որ հայկականը կրելը միշտ էլ նորաձեւ է:

Թեեւ հայտնիություն նա ձեռք է բերել դեռեւս շատ վաղ հասակից, իր երեխաների համար Սիրուշոն այլ ճակատագիր է ընտրել: Սոցիալական ցանցի իր էջերում երգչուհին շատ ակտիվ է, սակայն այնտեղ հազվադեպ կարող եք լուսանկարներ գտնել ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի եւ երկու զավակների հետ: Սիրուշոն նախընտրում է մամուլում եւ կայքերում առավել հաճախ ներկայանալ իր աշխատանքներով եւ համերգային ելույթների մասին տեղեկություններով:

NEWS.am STYLE-ը վերհիշել է երգչուհու՝ բոլոր ժամանակների ամենահայտնի հիթերը, որոնք առաջարկում ենք ձեր ուշադրությանը:

Լուսանկարները՝ Սիրուշոյի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE