Արման Նշանյանը՝ «Փրկեք մեր հոգիները» սերիալի, նոր նախագծի եւ Միքի Ռուրկի հետ հոլիվուդյան նոր ֆիլմում նկարահանվելու մասին

16:04   8 հունվարի, 2019

2018 թ-ի ընթացքում Արման Նշանյանը բավականին ակտիվ էր: Հեռուստադիտողը հասցրեց նրան տեսնել տարբեր սերիալներում եւ սիթքոմում՝ հետեւելով նրա կերտած կերպարների բազմազանությանը: Արմանի մասնակցությամբ ամենաթարմ նախագծերից է «S.O.S. Փրկեք մեր հոգիները»՝ 25 մասից բաղկացած սարսափ եւ միստիկ ժանրի հեռուստասերիալը, որն այս շրջանում հեռարձակվում է «Արմենիա» հեռուստատեսության եթերում: Դերասանը ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսին՝ Վանին, որը խորը հոգեբանական գծեր ունեցող կերպար է: 

NEWS.am STYLE-ը Արման Նշանյանի հետ զրուցել է սարսափ ժանրում նկարահանված հայկական հեռուստասերիալի, իր կերպարի առաձնահատկությունների, նոր նախագծի եւ հոլիվուդյան նոր ֆիլմում Միկի Ռուրկի եւ Վել Քիլմերի հետ նկարահանվելու մասին: 

Արման, Հայաստանում այնքան էլ զարգացած չեն սարսափ ժանրի ֆիլմերը: Երբ ստացաք «Փրկեք մեր հոգիները» սերիալում նկարահանվելու առաջարկը, հե՞շտ համաձայնվեցիք նկարահանվել: Հենց սկզբից հավատո՞ւմ էիք, որ նախագիծը լավ արձագանքներ կունենա:

Մեծ դժվարությամբ համաձայնվեցի: Ինչպես գիտեք, ես հազվադեպ եմ նկարահանվում, քանի որ ավելի կարեւորում եմ որակը, քան քանակը:  Հարութ Շատյանի եւ նրա թիմի հետ աշխատելու փորձ ունեցել էի նախկինում՝ «Հին արքաներ» հեռուստաֆիլմի շրջանակում: Ուստի վստահ էի, որ այս դեպքում էլ որակյալ ֆիլմ էր լինելու: Բայց միեւնույն ժամանակ գլխավոր դեր կատարելը միշտ մեծ պատասխանատվություն է: Ինչ վերաբրվում է ժանրին, ապա կարծում եմ, որ ճիշտ եւ պրոֆեսիոնալ մոտեցման պարագայում ցանկացած ժանր կգտնի իր հանդիսատեսին:

Ինչպե՞ս կգնահատեք ֆիլմն ընդհանուր առմամբ: Այն ստացված համարո՞ւմ եք:

Անշուշտ, ֆիլմը կարելի է ստացված համարել: Այն վաճառքի ամենաբարձր ցուցանիշ ունեցող հայկական նախագծերից է: Այս ֆիլմի նկարահանումներն ինձ համար ամենահիշված եւ հաճելիներից էին:

Ի՞նչ եք կարծում, Հայաստանում նման ժանրի ֆիլմեր նկարահանելու հիմնական դժվարությունները որո՞նք են:

Կարող եմ ասել միայն դերասանի տեսանկյունից: Նմանատիպ ժանրի ֆիլմում նկարահանվելու համար դերասանը պետք է ունենա բարձր ֆիզիկական պատրաստվածություն եւ անգամ կասկադյորի հմտություններ:

Որտե՞ղ են անցել նկարահանումները: Քանի՞ օր եք եղել նկարահանման հրապարակում:

Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում գտնվող մի հետաքրքիր անտառում եւ տեւել են մոտ երկու ամիս: Այդ ընթացքում ես գրեթե ամեն օր նկարահանման հրապարակում էի:

Եղանակային պայմանների կամ տեսարանների առումով որո՞նք են եղել հիմնակամ դժվարությունները:

Գրեթե ամողջ ֆիլմը նկարվել է դրսում, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ արդեն շատ ցուրտ էր: Եղանակային այդպիսի պայմանները նկարահանման յուրաքանչյուր օրը դարձնում էին փորձություն: Բացի դրանից ունեցել եմ մի քանի իսկապես դժվար ու վտանգավոր տեսարան, երբ ստիպված էի, օրինակ, թռնել արագ ընթացող մեքենայի վրա:

Հեռուստադիտողին ֆիլմը փոխանցում է այդ սարսափը, մռայլությունըՀետաքրքիր է՝ ինչպիսի՞ն էր մթնոլորտը նկարահանման հրապարակում: Հավատո՞ւմ էիք ձեր կերպարներին, պատմությանը:

Նկարահանման հրապարակում տիրում էր ճիշտ այն նույն մթնոլորտը, որը զգում է հեռուստադիտողը ֆիլմը դիտելիս:

Ծիծաղելի դեպքեր եղե՞լ են նկարահանման ընթացքում:

Ծիծաղելի դեպքեր ցավոք չեմ հիշում: Միայն վախ և սարսափ (ծիծաղում է):

Ֆիլմում մարմնավորում եք գլխավոր կերպարին՝ Վանին. կառանձնացնե՞ք նրա այն հատկանիշները, որոնք Ձեզ էլ են բնորոշ, եւ այն հատկանիշները, որոնք այնքան էլ չեք հավանել նրա մեջ:

Ես միշտ փորձում եմ կամուրջներ ստեղծել իմ եւ կերպարիս միջեւ: Վանի կերպարն էլ հնարավորինս ինձ եմ նմանացրել:Հանդիսատեսը տեսնում է ինձ՝այս կամ այն դրությունում:

Հայաստանում վերջին շրջանում բավականին ռեյտինգային են դարձել կարճ՝ հիմնականում 25 մասից բաղկացած սերիալներըի՞նչն է, ըստ Ձեզ, դրանց հաջողության գրավականը:

Սերիաների սահմանափակ քանակը դրական է ազդում ֆիլմի որակի վրա: Բացի դրանից՝ արագ զարգացումները ֆիլմն ավելի հետաքրքիր են դարձնում հանդիսատեսի համար՝ նրան անընդհատ լարվածության մեջ պահելով:

Եթե չեմ սխալվում, նոր նախագծխի շուրջ եք աշխատում: Կարո՞ղ եք մի քիչ մանրամասնել՝ ինչ նախագիծ է:

Մի շաբաթ առաջ ավարտեցինք գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Այն պատմում է Կոմիտասի կյանքի եւ Համիդյան ջարդերի մասին: Ֆիլմի ռեժիսորը ես եմ: Գլխավոր դերերում նկարահանվել են Սամվել Թադեւոսյանը, Սոս Ջանիբեկյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ժան Նշանյանը, Շաքե Թուխմանյանը, Տաթեւ Հովակիմյանը, Արեւիկ Գեւորգյանը: Հիմա գտնվում եմ ԱՄՆ-ում, որտեղ արվելու են ֆիլմի մոնտաժի աշխատանքները:

Ամերիկյան շուկայում նորություններ ունե՞ք:

Գարնանը նկարահանվելու եմ խաչակիրների մասին պատմող հոլիվուդյան մեծ պատմական ֆիլմում, որում նկարահանվելու են նաեւ Միքի Ռուրկը և Վել Քիլմերը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արման Նշանյանի անձնական արխիվից



© NEWS.am STYLE