Հայտնի է՝ ով ֆիլմում կմարմնավորի Բարբի տիկնիկին

10:13   9 հունվարի, 2019

Warner Bros ընկերությունը շուտով կսկսի յուրաքանչյուր աղջկա գեղեցկության իդեալի՝ Barbie տիկնիկի մասին պատմող ֆիլմի նկարահանումները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բարբիի կերպարը կմարմնավորի Էն Հեթուեյը, սակայն հեղինակները որոշել են որպես գլխավոր դերակատար ընտրել տիկնիկի արտաքին ունեցող դերասանուհու՝ Մարգո Ռոբիին։

Ըստ սյուժեի՝ Բարբիին, ով չի համապաստանում գեղեցկության ընդունված կանոններին, հեռացնում են Բարբիլենդ անունով երկրից, եւ նա հայտնվում է առավել սիրալիր աշխարհում, ուր արեւի տակ իրենց տեղը կարող են գտնել բոլորը։ 

Մարգոն արդեն իսկ խոսել է այս ծրագրի մասին եւ ուրախ է, որ կենդանություն է հաղորդելու աղջիկների ամենասիրելի տիկնիկին. «Բարբիի հետ խաղը երեխաների շրջանում ինքնավստահություն, հետաքրքիրքսիրություն ու շփվելու պատրաստակամություն է զարգացնում ինքնաճանաչման միջոցով։

60-ամյա պատմության ընթացքում տիկնիկը երեխաներին հնարավորություն է տվել երազել ապագայի մասին, իրենց տեսնել ոչ միայն արքայադստեր, այլեւ երկրի նախագահի դերում։ Ես հպարտ եմ, որ այս պատմության մի մասին եմ դարձել եւ կարողանամ էկրաններին մարմնավորել կերպար, որը կուրախացի ամբողջ աշխարհի երեխաներին»։

Աղբյուրը՝ BBC



© NEWS.am STYLE