Exclusive. «Հայ տղամարդիկ շատ հմայիչ են». աշխարհահռչակ երգչուհի Չայնա Մոսեսը՝ Հայաստանի եւ երեւանյան համերգի մասին

14:04   9 հունվարի, 2019

Նա հենց ինքը՝ էներգիան է: Բավական է մեկ անգամ ներկա լինել նրա համերգին` վերը նշվածը զգալու համար: Խոսքն աշխարհահռչակ ջազ երգչուհի, հաղորդավարուհի Չայնա Մոսեսի մասին է, որն իր էներգիան 2018-ի նոյեմբերին հասցրեց նաեւ Հայաստան՝ ելույթ ունենալով երեւանյան հանդիսատեսի համար: Ամերիկացի երգչուհին իր անկեղծությամբ վարակեց հայ երաժշտասերներին՝ պատմելով իր իսկ կյանքի պտմությունը, բայց՝ երաժշտության լեզվով:

NEWS.am STYLE-ը՝ դեռեւս տպավորված նախորդ տարվա ամենահիշարժան համերգներից մեկով, կապ է հաստատել աշխարհահռչակ կատարողի հետ եւ պարզել՝ արդյոք նա նույնքա՞ն տպավորիչ է հիշում իր երեւանյան այցն ու համերգը, ինչպես մենք՝ բոլորս, ովքեր ներկա էինք համերգին:

Չայնա, ամիսներ առաջ մենք ներկա էինք Ձեր երեւանյան համերգին եւ մինչ օրս զգում ենք այն էներգիան, որը փոխանցել եք բեմից: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում:

Երաժշտությունը շատ հզոր ուժ է, իսկ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, որոնք ինձ հետ նվագում էին բեմում, մեծ էներգետիկ դաշտ ունեն: Իմ մարմինն անմիջապես կլանում է այդ էներգիան, իսկ հենց այն իմ միջով անցնում է, կրկնակի ավելի շատ փոխանցվում է հանդիսատեսին: Իսկ հետո հանդիսատեսն է ինձ ավելի մեծ էներգիա փոխանցում: Դա է հենց սերը, որը գալիս է երաժշտությունից:

Իմ աշխատանքը մարդկանց երջանկացնելն է, եւ ես դա շատ լուրջ եմ ընդունում: Ես երաժիշտ եմ եւ գիտեմ, որ իմ գործիքը ձայնն է, որը պարգեւ է, եւ ես այն չեմ կարող անիմաստ օգտագործել:

Հանդիսատեսն, իսկապես, վայելեց Ձեր ամեն մի կատարումը: Իսկ Դո՞ւք… Ի՞նչ տպավորություններ ունեիք համերգից հետո:

Ես, նույնպես… Չկարողացա քնել այդ գիշեր: Այնքան շատ էներգիա էի ստացել…Չէի սպասում նման բան: Առհասարակ, ես ոչինչ փորձում եմ չսպասել:

Որքա՞ն ժամանակ մնացիք Երեւանում: Ինչպե՞ս անցկացրիք Ձեր ժամանակը:

Ընդամենը երկու օր եմ Երեւանում եղել: Դժբախտաբար, չկարողացա տեսնել ամբողջ քաղաքը, բայց հասցրեցի փորձել հայկական կոնյակ եւ ավելի շատ բաներ իմանալ ձեր երկրի մշակույթի մասին: Նաեւ հայկական կերակուրներ ճաշակեցի մի քանի վայրերում: Մշակույթը լավագույնս հասկանալու համար պետք է սկսել տվյալ երկրի երաժշտությունից եւ խոհանոցից:

Կարո՞ղ եք նշել՝ ի՞նչը հատկապես Ձեզ գերեց Հայաստանում, եւ ի՞նչն այնքան էլ դուր չեկավ:

Դե, երկար չեմ մնացել, որպեսզի տպավորություն կազմեմ: Բոլոր նրանք, ում հանդիպել եմ, գեղեցիկ էին եւ բարեհամբույր: Բայց մի բան հասկացա՝ շատ մարդիկ չէին պասում Երեւանի փողոցներում տեսնել սեւ կնոջ, դա երբեմն զավեշտալի իրավիճակների տեղիք էր տալիս:

Հայ երաժիշտների հետ հասցրեցի՞ք մտերմանալ:

Այո, Արտյոմ Մանուկյանի հետ, օրինակ, ծանոթացել եմ 7 տարի առաջ: Նրան եւ Տիգրան Համասյանին հանդիպել եմ Լոս Անջելեսում: Հույս ունեմ, որ մի օր միասին նոր գործ կունենանք, քանի որ կարծում եմ՝ նա յուրահատուկ կապ ունի երաժշտության հետ: Նաեւ պետք է առանձնացնեմ Հայաստանի պետական ջազային նվագախմբի տաղանդավոր երաժիշտներին, հիմա նրանք իմ ստեղծագործական խումբն են դարձել (ծիծաղում է): Մաեստրո Արմեն Հյուսնունցը հրաշալի աշխատանք է կատարել: Նաեւ հաճախ եմ ելույթներ ունենում ֆրանսիահայ դաշնակահար Անդրե Մանուկյանի հետ:

Չայնա, Ձեր մայրը՝ Դիդի Բրիջուոթերը, երկու տարի առաջ ելույթ ունեցել է Հայաստանում: Մինչ Ձեր երեւանյան այցը, նա ինչ-որ բաներ պատմե՞լ էր մեր երկրի մասին:

Նա միայն ասել է, որ հրաշալի ժամանակ է ունեցել Երեւանում, եւ որ ջազ-փառատոնի կազմակերպիչները շատ բարի էին: Նա շատ բան չի մանրամասնել, քանի որ միշտ թողել է, որ ես ինքս իմ սեփական պատկերացումները կազմեմ:

Իսկ ինչպիսի՞ն էիք պատկերացնում Երեւանը: Ձեր սպասելիքներն արդարացա՞ն:

Ոչ մի սպասելիք չունեի, բայց հիացած էի մարդկանց բարությամբ եւ գեղեցկությամբ: Ուզում եմ վերադառնալ եւ քաղաքից դուրս շատ վայրեր տեսնել ու ավելի շատ բան իմանալ Հայաստանի մշակույթի մասին:

Կարո՞ղ եք հիշել՝ ո՞րն է եղել ամենակարեւոր խորհուրդը, որը ստացել եք Ձեր մայրիկից:

Վստահել սեփական բնազդիս, հարգել այն երաժիշտներին, որոնք ելույթ են ունենում ինձ հետ եւ չվախենալ լինել անկախ արտիստ:

Բեմում սովորաբար Ձեր իսկ կյանքի պատմությունն եք պատմում: Կյանքում ի՞նչն է Ձեզ ավելի ոգեշնչում՝ երջանկությո՞ւնը, սե՞րը, թե՞ հիասթափությունը:

Համաձայն եք, չէ՞, որ արվեստն արտացոլում է մեր կյանքը: Իմ պատմությունները ոգեշնչված են հենց իմ կյանքից: Ձայնը շատ անձնական գործիք է, իսկ իմ երաժշտությունը շատ խորը կապ ունի հոգուս հետ: Ես իմ կյանքի պատմությունը տարածում եմ՝ հուսալով, որ իմ փորձը, միգուցե, մեկ ուրիշի համար դաս լինի: Գիտե՞ք, կարծում եմ՝ մենք ավելի շատ նման ենք, քան տարբեր:

Սովորաբար, այլ երկրից վերադառնալուց մեզ հետ տվյալ երկրից որեւէ խորհրդանիշ ենք տանում: Ի՞նչ եք Ձեզ հետ տարել Հայաստանից:

Գեղեցիկ շալեր եմ տարել՝ հայկական այբուբենով: Դրանք ինձ նվիրել են փառատոնին ներկա կանայք: Իհարկե, նաեւ հայկական կոնյակ եմ տարել:

Ե՞րբ Ձեզ սպասենք Հայաստանում հաջորդ անգամ:

2019-ին: Բայց, չգիտեմ՝ կոնկրետ երբ: Հայ տղամարդիկ շատ հմայիչ են (ծիծաղում է):

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE