Ստաս Միխայլովը Երեւանում կներկայացնի «Ես եւ Դու» համերգային ծրագիրը

17:45   11 հունվարի, 2019

Ռուս հայտնի երգիչ, սիրված արտիստ Ստաս Միխայլովը համերգով հանդես կգա Երեւանում: Իրադարձությունը տեղի կունենա ապրիլի 2-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը մեր երկրում կներկայացնի իր «Ես եւ Դու» համերգային ծրագիրը: Ստաս Միխայլովի յուրաքանչյուր ելույթ նման չէ նախորդին: Նրա երգացանկը բավականին ընդարձակ է, ընդգրկում է դանդաղ, լիրիկական երգերից մինչեւ պարային ստեղծագործություններ:

Երեւանյան հանդիսատեսը Միխայլովին կտեսնի ինչպես արդեն հարազատ դարձած ոճում, այնպես էլ նոր կերպարով։ «Ես եւ Դու» ծրագիրը կապահովի բարձր տրամադրություն եւ իսկական տոն կդառնա արտիստի երկրպագուների համար: Համերգի ժամանակ կհնչեն ոչ միայն հիթեր, այլեւ արտիստի տրամադրությունն ու ներաշխարհն արտացոլող նոր ստեղծագործություններ։

Ստաս Միխայլովն առաջին անգամ չէ հանդես գալիս Հայաստանում: Նա այստեղ արդեն իսկ ելույթ է ունեցել երկու համերգով: Ապրիլի 2-ի իրադարձությունն արտիստի թվով 3-րդ համերգն է մեր երկրում: Համերգը կազմակերպել է «К-Концерт» ռուսական ընկերությունը: Տոմսերն արժեն 5000-60 000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:



© NEWS.am STYLE