Մայքլ Ջեքսոնի հարազատները զայրացած են. երգչին կրկին մեղադրում են մանկապղծության մեջ

23:09   11 հունվարի, 2019

Մայքլ Ջեքսոնի մտերիմներն իրենց դժգոհությունն են արտահայտել, որ որոշ մարդիկ փորձում են գումար վաստակել՝ շահարկելով լեգենդար երգչի անունը, ով կյանքից հեռացել է 2009թ.-ին։ Խոսքը «Լքելով Նեվերլենդը» ֆիլմի մասին է, որի պրեմիերան տեղի կունենա հունվարի վերջին՝ «Սանդենս» փառատոնի ընթացքում։

Ֆիլմը պատմում է այն մասին, որ հայտնվելով փառքի գագաթնակետին, Մայքլը մոլորեցրել է 7-ամյա եւ 10-ամյա երեխաներին, եւ նրանց «հարաբերությունները» տեւել են մի քանի տարի։ Վավերագրական ֆիլմում այդ մարդիկ, ովքեր այսօր արդեն 30 տարեկանից բարձր են, կպատմեն՝ ինչպես են փոփի արքայի կողմից սեռական բռնության ենթարկվել, եւ ինչպես է դա ազդել իրենց հետագա կյանքի վրա։

Իմանալով վավերագրական ֆիլմի՝ էկրաններ բարձրանալու մասին, Ջեքսոնի հարազատները շտապել են արդարացնել նրան եւ ֆիլմի թողարկումը համարել «Մայքլ Ջեքսոնի անվան միջոցով գումար աշխատելու վրդովվեցնող եւ խղճուկ փորձ»։ Արտիստի ներկայացուցիչները հիշեցրել են, որ Ուեյդ Ռոբսոնը եւ Ջեյմս Սեյֆչակը (հենց նրանք են նախկինում հայտարարել, որ մանկության տարիներին ենթարկվել են անպատշաճ վերաբերմունքի Ջեքսոնի կողմից) ցուցմունք տալիս խոստովանել են, որ երգիչն իրենց հետ երբեք նման գործողություններ չի կատարել։

Ի դեպ, ֆիլմի սինոփսիսում ոչ մի անուն չի նշվում, ինչը կարող է վկայել այն մասին, որ այն պատմելու է ամբողջ աշխարհում ճանաչված երգչի կյանքի նոր էջի մասին։  

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Slashfilm



© NEWS.am STYLE