Հայուհին՝ Բոլիվուդում․ մոդել Մարիամ Դավթյանը՝ հնդիկ արտիստների երեւանյան տեսահոլովակներում (ֆոտո/վիդեո)

13:05   15 հունվարի, 2019

Մոդել Մարիամ Դավթյանի համար նախորդ տարվա աշունը բոլիվուդյան էր։ Ոչ, Մարիամը, ցավոք, չի հասցրել լինել Հնդկաստանում, տեսնել Բոլիվուդը, բայց փոխարենը՝ բոլիվուդն էր եկել Հայաստան եւ Մարիամի մոտ։

Հայ մոդելը սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին հասցրել է նկարահանվել միանգամից 3 հնդիկ արտիստների տեսահոլովակներում, որոնցից երկուսն արդեն հասանելի են համցանցում։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մարիամը նշեց, որ որպես տեսահոլովակների հերոսուհի ընտրվել է քասթինգի միջոցով։

«Այդ արտիստները Հայաստան էին եկել՝ որպես զբոսաշրջիկ, եւ շատ էին հավանել մեր երկիրն ու հայուհիների գեղեցկությունը։ Արդյունքում՝ միտք ունեցան Հայաստանում տեսահոլովակ նկարահանել»։

Համացանցում հասանելի են Nevvy Virk-ի եւ Sukhe-ի, Jeet Parmar-ի եւ Enzo-ի տեսահոլովակները, որոնցում կտեսնեք հայ մոդելին։


«Տեսահոլովակները նկարահանվել են Կասկադում, Հանրապեության հրապարակում, մայրաքաղաքի մի քանի սրճարաններում եւ Սեւանում։ Նկարահանման խմբում բացի ինձանից՝ կային էլի հայեր։ Ի՞նչ խոսք, ամեն ինչ անսովոր էր, բայց հաճելի։ Բավականին ծանրաբեռնված նկարահանումներ էին, տեւեցին 3 օր՝ վաղ առավոտից մինչեւ երեկո»։

Ի դեպ, նկարահանումներից հետո հայ մոդելը բոլիվուդից այլ առաջարկներ էլ է ստացել, որոնք առայժմ չի շտապում բարձրաձայնել։ Մարիամը, սակայն, հավելեց, որ Հնդկաստանի մշակույթը շատ է սիրում։

«Հնդկաստանի մշակույթը շատ վառ է՝ իր հետաքրքիր ավանդույթներով, սովորույթներով, հագուստի ոճով։ Հետաքրքիր փորձ էր առնչվել այդ աշխարհի հետ եւ ավելի մոտիկից ճանաչել նրանց մշակույթը»։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Մարիամ Դավթյանը



© NEWS.am STYLE