Երեւանյան պաստառները՝ նախկինում եւ հիմա. «Ելնում է մի նոր Երեւան» խորագիրը կրող ցուցահանդեսը (ֆոտո)

22:15   15 հունվարի, 2019

Ինչպիսի՞ պաստառներ էին ստեղծվում Երեւանում 19-րդ դարի վերջին: Ի՞նչ փոփոխությունների են դրանք ենթարկվել տարիների ընթացքում: Ի՞նչ ժամանակակից լուծումներ են տրվում պաստառներին մեր օրերում: Այսօր՝ հունվարի 15-ին, Երեւանում կայացավ իր բնույթով յուրահատուկ՝ «Ելնում է մի նոր Երեւան» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի նպատակն է ներկայացնել տարբեր տարիների երեւանյան պաստառներն ու ժամանակի ընթացքում դրանց ձեւափոխությունները:

Ցուցահանդեսը կազմակերպված է «Մշակույթն ու արվեստը հանուն խաղաղության» կրթադաստիարակչական ՀԿ-ի նախաձեռնությամբ` ՀՀ մշակույթի նախարարության եւ ՀԲԸՄ Հայստանանի աջակցությամբ:

«Այս ցուցահանդեսը իր ծավալների եւ թեմայի մեջ նախադեպը չունի: Այն նվիրված է Երեւանի 2800-ամյակին: Պարզապես տեխնիկական պատճառներով այն տեղափոխվել է հունվար ամսին: Նախարարությունը, իհարկե, իր միջոցառումների շարքում ընդգրկել էր այս ցուցահանդեսը, քանի որ պաստառային արվեստը, կարծես թե, Հայաստանում անտեսված վիճակում էր եւ հետընթաց էր ապրում, իսկ մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում դրանք վերակենդանացնելուն: Սա Մշակույթի նախարարության նախաձեռնությունն էր, որը հետաքրքիր կերպով զուգադիպեց Զաքար Դեմիրճյանի՝ վաղուց մտածված նախաձեռնության հետ: Այսպես միասին աշխատեցինք. կարծում եմ՝ արդյունքը բավականին նշանակալից է»,-նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը:

Մասշտաբային այս ցուցահանդեսը հետաքրքրել էր շատերին՝ արվեստագետների, լրագրողների եւ այլ քաղաքացիների, որոնք եկել էին տեսնելու ներկայացված նմուշները: Ներկա էր նաեւ ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը:

NEWS.am STYLE-ը եւս անտարբեր չմնաց այս իրադարձությանը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ցուցադրված նմուշներից մի քանիսը: Ի դեպ, եթե անձամբ եք ցանկանում տեսնել, թե ինչ տեսք ունեին երեւանյան իրադարձությունների՝ թատրոնների, ֆիլմերի պաստառները, գովազդներն ու համերգային ազդագրերը, կարող եք ինքներդ այցելել ցուցասրահ եւ անձամբ տեսնել ներկայացված նմուշները: Ցուցահանդեսը կտեւի մեկ ամիս՝ մինչեւ փտրվարի 15-ը: Մուտքն ազատ է:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE